Ռեյտինգային քվեարկություն. առավելությո՞ւն, թե՞ թերություն

Ռեյտինգային քվեարկություն. առավելությո՞ւն, թե՞ թերություն

ՀՀԿ-ական ու ՀՀԿ-ամերձ ներքին օղակներում կուսակցության համամասնական եւ տարածքային ցուցակի ձեւավորման աժիոտաժն արդեն սկսված է։ Շատերին այսօր մեկ հարց է հուզում՝ ընդգրկվելո՞ւ են համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում, թե՞ կառավարման նոր համակարգի իրողության ու 2017-ի խորհրդարանի որակային նոր չափորոշիչների պահանջով հրաժեշտ են տալու քաղաքական կարիերային՝ իրենց տեղը զիջելով այլ անձանց։ Ցուցակի գլխավոր դիրիժոր Սերժ Սարգսյանը խորհրդավոր լռություն է պահպանում, ոչ մեկին չի սնում հստակ խոստումներով ու որեւէ մեկին չի էլ մերժում։ Իսկ հրապարակավ էլ արդեն հանդես է եկել նախազգուշացումով, որ ապագա խորհրդարանում «որեւէ մեկի համար տեղը երաշխավորված չէ»։ Քանի որ նոր Ընտրական օրենսգիրքը մանեւրի տեղ է բացել։ Ըստ այդմ՝ նա բոլոր փող ծախսող եւ կեղծիքներ կազմակերպող տեղական իշխանիկներին ինքնադրսեւորվելու հնարավորություն կարող է ընձեռել։ Խցկվելով ռեյտինգային քվեարկության ցուցակ՝ նրանք ոչ միայն կպայքարեն իրար դեմ, այլեւ ձայներ կապահովեն հարազատ կուսակցության համար, եւ նրանցից հաջողակները կվաստակեն մանդատը, իսկ անհաջողակներն ամեն դեպքում կուսակցության օգտին ձայներ կբերեն։ Բանն այն է, որ ընտրողը պետք է ձայն տա նախ տվյալ կուսակցությանը, ապա այդ կուսակցության անհատ ներկայացուցչին, որը բավարար ձայներ հավաքելու դեպքում ռեյտինգայինով կանցնի խորհրդարան։ Իսկ քանի որ յուրաքանչյուր ընտրատարածքում ռեյտինգայինով յուրաքանչյուր կուսակցություն 5-10 թեկնածու կարող է ներկայացնել, ուստի մականանավորներին, պատգամավորի «մշտական» ունեցողներին մերժելու իմաստը չկա՝ թող փորձեն իրենց ուժերը։ Փորձն այս դեպքում փորձանք չէ։



Այսինքն՝ նոր Ընտրական օրենսգրքի նախագծով սահմանվող ռեյտինգային քվեարկությունը շատ մոտ է մեծամասնականին, բայց նաեւ առավելություններ ունի դրա հանդեպ։ Հիշեցնենք, որ, ըստ ԸՕ նախագծի, ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ եւ մեկական տարածքային ընտրական ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար։ Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցության դաշինք տարածքային ընտրական ցուցակում իրավունք ունի առնվազն 5 թեկնածու` յուրաքանչյուր 10 հազար ընտրողի հաշվարկով՝ մեկ թեկնածու։ Նոր ԸՕ-ն սահմանում է 13 ընտրատարածք, ըստ միջինացված հաշվարկների, յուրաքանչյուր ընտրատարածք ընդգրկում է 150-170-200 հազար ընտրող, այսինքն՝ տարածքային ցուցակները բաղկացած են լինելու 10-15 թեկնածուից։ Այսպիսով, ընտրողն ինքն է որոշելու, թե կուսակցության համամասնական ցուցակից ով դառնա պատգամավոր: Այս համակարգը գործում է մի քանի ժողովրդավարական երկրներում, դրա նպատակն է` ստեղծել ներկուսակցական մրցակցություն եւ մեծացնել ընտրողների մասնակցությունը խորհրդարանի ձեւավորմանը:



Բայց հայկական իրականությունում ԸՕ-ի բարի նպատակները կարող են անկանխատեսելի արդյունքների հանգեցնել։ Մասնավորապես, իշխանական թեկնածուները կսկսեն փող ծախսել, ասֆալտ փռել, հարցեր լուծել։ Ընդ որում՝ եթե նախկինում յուրաքանչյուր ընտրատարածքում մեկ-երկու թեկնածու էր դա անում, հիմա նրանց թիվը բազմապատկվելու է։ Շահելու են կաշառակեր ընտրողներն ու կաշառատու թեկնածուներին առաջ մղող կուսակցությունները։ Թե իրականում ինչ կստացվի այս նորամուծությունից, ցույց կտան առաջիկա զարգացումները։ Սակայն չի բացառվում նաեւ, որ ոչ բոլորը խայծը կուլ տան ու իրենց կարողությունները քամուն կտան հանուն կուսակցության, եթե չունենան հստակ երաշխիքներ։ Սերժ Սարգսյանը, կարծում ենք, բոլորին հնարավորություն կտա իրենց ուժերը փորձել՝ դրա դիմաց որեւէ կոնկրետ երաշխիք չտալով։ Համամասնական ընտրակարգի այս տարբերակի դեպքում իշխանությունն ավելի մեծ հնարավորություն կստանա՝ աշխատեցնելու գործարարներին։



ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը չի կարծում, որ ռեյտինգային ընտրատեսակը ներկուսակցական թշնամանքի կարող է հանգեցնել. «Գուցե մրցակցություն լինի, ինչը խրախուսելի է, բայց չեմ կարծում, որ թշնամանքի վերաճի, որովհետեւ, բոլոր դեպքերում, կուսակցությանն են գնալու այդ ձայները»։ ՀՀԿ-ականը հիշեցնում է, որ նախագիծը դեռեւս նախնական տարբերակով է ներկայացվել, եւ մեկնաբանություններ անելը վաղ է։ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ ռեյտինգային քվեարկությունը մեծամասնական ընտրակարգից գրեթե ոչնչով չի տարբերվում. «Բոլոր այն մարդիկ, որոնք չպետք է հանգրվանեն կուսակցության ցուցակում, կռեյտինգավորվեն ու ընտրություններից հետո կհայտնվեն խորհրդարանում, ինչը, անշուշտ, անոմալ վիճակ է»։