Տրամաբանություն չփնտրե՞նք

Տրամաբանություն չփնտրե՞նք

Որոշ վերլուծաբաններ ուշիուշով հետեւում են Սերժ Սարգսյանի քայլերին, հատկապես կադրային փոփոխություններին եւ փորձում հասկանալ դրանց տրամաբանությունը։ Մենք էլ փորձենք իրար կողքի դնել փաստերը՝ եզրահանգումները թողնելով ընթերցողին։ «Ամենաաշխատող» նախարարներից մեկի՝ Արմեն Երիցյանի ղեկավարած ՏԿԱԻ նախարարությունը տարանջատվում է, եւ դրա առավել կարեւոր հատվածն անցնում է դաշնակցական Դավիթ Լոքյանի ենթակայությանը։ «Ամենահավատարիմ», (անշուշտ՝ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին հավատարիմ) նախարարներից մեկը՝ Արմեն Աշոտյանը, ազատվում է պաշտոնից եւ տեղափոխվում ՀՀԿ գրասենյակ։ Եվ թեեւ փորձ է արվում նրա կարգավիճակը բարձրացնել, սակայն հստակ է, որ առաջիկա մեկ տարին նա բացառապես կուսակցական աշխատանքով է զբաղվելու։ Նախագահականի կադրերին տեղափոխում է գործադիր, ուժային կառույցներ։ ԱԱԾ-ում մի օր չաշխատած իր օգնականին կարգում է Ազգային անվտանգության պետ, իր վերահսկողական ծառայության ղեկավարին նշանակում է գլխավոր հարկահավաք եւ երկուսին էլ անձամբ տանում-ներկայացնում ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի աշխատակազմերին։ Ընդ որում, հարկեր հավաքելու վերաբերյալ 2016-ի կանխատեսումները, ըստ լավատեղյակների, մխիթարական չեն, եւ գրեթե զրոյին է մոտենում հավանականությունը, որ Հովիկ Հովսեփյանը հաջողելու է այս պաշտոնում։ Սկսում է զբաղվել տնտեսական հարցերով՝ պարբերաբար իր մոտ է հրավիրում արտերկրյա դեսպաններին եւ հրահանգում զբաղվել տնտեսական կապեր հաստատելով, ներդրումներ բերելով։ Քննարկումներին կառավարության ղեկավարը ներկա չէ։ Մեկնում է Մոսկվա, որտեղ քննարկելու է նաեւ գազի գնի հարցը, սակայն նրան ուղեկցում է ոչ թե վարչապետը, այլ էներգետիկայի նախարար-շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Լեւոն Յոլյանը, որի նշանակումն էլ սյուրպրիզների շարքից էր։