Չի կարելի թքել Սահմանադրության վրա, չիշիկ անել Սահմանադրության վրա

Չի կարելի թքել Սահմանադրության վրա, չիշիկ անել Սահմանադրության վրա

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ՏՄՊՊՀ-ի` 2016 թ․ տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հարց ուղղեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին։ Նրա հարցում, սակայն, յուրահատուկ ձևակերպումներ կային։



«Փառք Աստծո, ընդունում ենք մենաշնորհ հասկացությունը, բայց ի՞նչ իրավունք ունի հանրապետությունը երեք ամիս ապրի արտասահմանադրական միջավայրում։ Երեկ, երբ որ մենք քննարկում էինք Ընտրական օրենսգիրքը, մեզ ասում էին՝ ցուցակը ո՞նց տպենք ընտրություններից հետո, վա՜յ, գաղտնիություն կխախտվի, վա՜յ, բա մենք օրենք ո՞նց խախտենք։ Բա երեք ամիս ա՝ ո՞նց եք խախտում։ Բա ինչի՞ չեք ասում՝ Շաբոյան, էս ի՞նչ ծրագիր ես բերել։ Սա մեկ։ Երկրորդը, չի կարելի թքել Սահամանդրության վրա, չիշիկ անել Սահմանադության վրա»,-ասաց Բագրատյանը։



Բագրատյանի այս ձևակերպումը դուր չեկավ նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։



«Պարոն Բագրատյան, ես բարձր եմ գնահատում Ձեր վաստակը, Ձեր խոսքի ազատությունը, իրավունքը, բայց խնդրում եմ Ձեզ՝ քննադատեք ինչքան ուզում եք, բայց կոռեկտ արտահայտվեք։ Սա Ազգային ժողով է, մեզ նայում է մեր ժողովուրդը։ Ձեր դուրը չի գալիս Սահմանադրությունը, մեր գործունեությունը, այլ խնդիր է, այլ բառերով ձևակերպեք։ Ես էլ ինձ լավ չեմ զգում, որ Ձեզ նման մարդուն հիմա պիտի դիտողություն անեմ»,-նկատեց Շարմազանովը։