Ի՞նչ ԱԺ նախագահ, անբարոյականություն է նման բան մտածելը․ Շարմազանով

Ի՞նչ ԱԺ նախագահ, անբարոյականություն է նման բան մտածելը․ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնելու իր հավակնություններին՝ Գալուստ Սահակյանի՝ արձակուրդում գտնվելու ֆոնին։ Նա այդ տեղեկությունների տարածումն անբարոյականություն համարեց։



«Անբարոյականություն է ոչ միայն նման բան մտածելը, գործելը… ի՞նչ ԱԺ նախագահ: Մենք ունենք Ազգային ժողովի նախագահ, և ես կարծում եմ, որ նման հրապարակումները, նման բան նույնիսկ մտածելը, նման հավակնությունները պարզ ասում եմ՝ անբարոյականություն է, ով ուզում է լինի 131 պատգամավորներից: Գալուստ Գրիգորիչին առողջություն ենք մաղթում: Նման բան «զակազ» տալը, հրապարակելը, մտածելը, գործելը դա անբարոյական է, իսկ մնացածները թող իրենց համար մտածեն»,- ասաց Շարմազանովը։



Ինչ վերաբերում է մյուս հավանական թեկնածուի՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր․ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի անվան շրջանառությանն այս թեմայով, ԱԺ փոխխոսնակն ասաց.«Արտակ Զաքարյանին էլ եմ շատ լավ ճանաչում: Չկա նման բան: Մենք այսօր բոլորս ավելի լավ աշխատում ենք նաեւ մեր սիրելի Գալուստ Գրիգորիչի համար, որովհետև, երբ որ ինքն այսօր մեզ հետ չի, այստեղ չի, պառլամենտում չի, ինքն արտերկրում է, բուժզննում է անցնում, մենք ունենք լրացուցիչ պատասխանատվություն ավելի լավ աշխատելու»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ