Բարով ես եկել պարոն Քուշկյան, բայց ամոթ չլինի հարցնելը՝ ինչու՞ շուտ եկար

Բարով ես եկել պարոն Քուշկյան, բայց ամոթ չլինի հարցնելը՝ ինչու՞ շուտ եկար

 



Որևէ մեկդ բան հասկացա՞ք:



ԼՂՀ Առողջապահության նախարար նշանակվեց Հարություն Քուշկյանը: Չուզողների աչքը հանեցինք՝ տեսա՞ք՝ ոչ միայն Արցախից են գալիս ու Հայաստանում պաշտոններ զբաղեցնում, այլ Հայաստանից են գնում ու պաշտոնավարում: Մենք մի երկիր, մի հող ենք: Տարանջատում չկա:



Հարություն Քուշկյանը «իմ աչքի լույսը դարձավ»: Քաղաքական աչքիս լույսը:



Բայց դեռ քաղաքական աչքս լույս չարձակած, մեկ էլ լսում եմ, որ Քուշկյանը «վեշերը հավաքել ու ետ է գալիս»:



Հրամանների մասին չասեմ, որովհետև հրամաններին, անկեղծ ասած, համարյա չեմ հավատում: Հրամանն իմ տրամաբանությունն է, որ բացատրություն չի գտնում:



Լրատվամիջոցները ոնց որ թե հակված են մտածելու, որ Քուշկյանը եկել է, ու վա՜յ մեր Արմեն Մուրադյանին: Արմեն Մուրադյանն էլ ուրիշ կարգի շրջանցում է անում՝ ես տեղյակ չեմ: Ոնց ոթ թե հասկացնում է, որ տեղս էլ պինդ է:



Ա՜յ եթե «շախմատային ռակիրովկայի» քայլ արվեր ու Արմեն Մուրադյանը նշանակվեր Արցախի Առողջապահության նախարար, գուցե մի բան հասկանայի:



Եվ պիտի արվեր:



Եթե Բակո Սահակյանը «մեզ է վերադարձնում Քուշկյանին», մենք էլ ըստ ամենայնի պատասխան շախմատային քայլով պիտի հանդես գանք:



«Փոխանակենք» նրան Արմեն Մուրադյանով:



Ա՜յ դա շախմատ է...



Բայց քանի որ Բակո Սահակյանի հրամանով՝ ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը, ուղեղիս արգելակները չեն պահում՝



Ինչու՞ գնաց Քուշկյանը և ինչու՞ եկավ: Գալն ու գնալը հավերժության մեջ ակնթարթ անգամ անվանել չի կարելի՝ երկու տարի:



Հը՞ :



Այդ «հը՞»- երն են, որ միանում ու որպես քաղաքական թուր թշնամու պես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գլխին է կանգնում:



Այդքանից հետո մարդկայնորեն ուզում ես հարցնել՝ բարով ես եկել պարոն Քուշկյան, բայց ամոթ չլինի հարցնելը, ինչու՞ շուտ եկար:



 ՀԳ Հը՞...



Հասմիկ Բաբաջանյան