Մինսկի խումբը ավանդական փոստի դեր է կատարում. Հայկ Խանումյան

Մինսկի խումբը ավանդական փոստի դեր է կատարում. Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը չի հավատում, որ ներկայիս հրադադարը կայուն կլինի։ Նրան մի քանի հարց տվեցինք հրադադարից հետո ստեղծված իրավիճակի շուրջ։



-Ի՞նչ եք կարծում` 4 օրվա ռազմական գործողությունների արդյունքում ի՞նչ իրավիճակ է ստեղծվել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից։ Ի՞նչ պետք է անել, որ ամրապնդվի մեր դիվանագիտական դիրքը։



-Առաջին և կարևոր հանգամանքը Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ հստակ աշխատանք տանելն է: Առաջինը դա պետք է անի Հայաստանը, այնուհետև մեր դիվանագիտական ներուժը պետք է ուղղենք այլ երկրների կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը: Այլևս չկա որևէ բանական պատճառ Արցախը չճանաչելու համար, նամանավանդ` Հայաստանից:



- Այսօր Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ առայժմ դրա ժամանակը չէ, քանի որ ճանաչել Արցախի անկախությունը, նշանակում է պատերազմ։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս փաստարկը։



- Չգիտեմ ով ինչ է ասել, բայց փաստարկը, թե ճանաչումը բերել է պատերազմի, սպառված է, ընդհակառակը՝ չճանաչումն է բերել պատերազմի:



- Ի՞նչ դասեր պետք է քաղեն Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները այս 4 օրվա դեպքերից։



- Պատերազմը միշտ էլ ողբերգություն է, և Պաշտպանության բանակի, քաղաքացիական բնակչության ու կամավորների մեջ ունեցած մեր տասնյակ զոհերը անդառնալի կորուստ են, չամոքվող վերք: Այս կարճատև պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ նույնիսկ լրջորեն ճեղքել պաշտպանության գիծը, բայց ցույց տվեց նաև մեր թերությունները, մասնավորապես ընդգծեց բանակը տեխնոլոգիապես հագեցնելու անհրաժեշտությունը:



-Ստեղծված իրավիճակից ո՞վ շահեց՝ Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը։ 500 մետրի գրավումը կարո՞ղ է ընկալվել որպես հաղթանակ Ադրբեջանում, և կամ լրացուցիչ բարդություն դառնալ բանակցությունների ընթացքում։



-Ադրբեջանը չի հասել իր նպատակին, դա հաղթանակ չի կարելի անվանել։ Ավելին՝ չի տիրացել ոչ մի հայկական դիրքի, չնայած մերոնք կորցրել են մի քանի դիրք, որոնք վերածվել են չեզոք գոտու: Սա նույնպես կորուստ է, և կարծում եմ, որ առաջիկայում Պաշտպանության բանակը կվերականգվի այդ մի քանի դիրքում: Այս պատերազմում կոտրվեց Ադրբեջանի ռազմական տեխնիկայի առավելությամբ հարցը լուծելու միֆը, չնայած կրկնում եմ, որ արդիականացման հարցում մենք ունենք խնդիրներ և պետք է լուծենք դրանք ամենայն արագաությամբ:



-Ի՞նչ քայլեր են սպասվում Մինսկի խմբից այժմ։ Որքա՞ն նրանք կձգեն անգործությունը, որը, կարծես, բնավորություն է դարձել համանախագահողների մոտ։



- Համանախագահներին ուղղված մեղադրանքներն արդարացի կլինեին այն դեպքում, եթե նրանք իրոք ունենային քիչ թե շատ ազդու լծակները: Պետք չէ ֆետիշացնել Մինսկի խումբը և համանախագահներին: Նրանք ավելի շուտ տեխնիկական գործ են անում, ճշտում են հանդիպման ցանկությունը, ժամերը, կազմակերպում հանդիպումներ, փոխանցում տարբեր ուղերձներ: Կոպիտ ասած, կատարում են ավանդական փոստի դեր: Իսկ մեր օրերում հաղորդակցության ավելի արագ միջոցներ կան:



Սյուզան Սիմոնյան