Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի և Հասան Ռոհանիի հետ

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի և Հասան Ռոհանիի հետ

Ինչպես փոխանցում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ եւ քննարկել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Ի մասնավորի, նախագահ Սերժ Սարգսյանը ղազախական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում մտքեր են փոխանակվել ս.թ. ապրիլի 7-ին Երևանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ: Միաժամանակ նաեւ նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ- Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները:Կողմերը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:



Նախագահ Սերժ Սարգսյանը իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Երկու նախագահները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական հարձակման, և այդ գործողություններին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարժեք պատասխանի մասին: ՀՀ Նախագահը հատուկ անդրադարձ է կատարել խաղաղ բնակչության հանդեպ գործադրած բռնություններին` համեմատելով դրանք տարածաշրջանի հայտնի ահաբեկչական խմբավորումների գործելաոճի հետ:Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումների և ներկայիս այլ մարտահրավերների համատեքստում տարածաշրջանում լարվածության նոր օջախների բռնկումը չի բխում որևէ մեկի շահերից և անհրաժեշտ է գործադրել բոլոր հնարավորությունները` խաղաղ բանակցությունների գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Նախագահ Ռոհանին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում:Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի հարցեր` համակարծիք լինելով, որ անհրաժեշտ է շարունակաբար խորացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը: