Ալիեւի տեռորիզմը

Ալիեւի տեռորիզմը

Քառօրյա պատերազմի որոտները դեռ չեն լռել, իսկ Բաքվի տեռորիստական ռեժիմը ձեռնարկել է ռազմական ներխուժումը «միջազգային իրավունքի սկզբունքներով հիմնավորելու» արդեն քարոզչական ագրեսիա: Խնդիր է դրված «ապացուցել», որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «բացարձակ անգործունակության եւ Հայաստանի կողմից օկուպանտական քաղաքականության շարունակման դեպքում Ադրբեջանին այլ ճանապարհ չի մնում, քան եւս մեկ անգամ հարձակվել» (http://haqqin.az/news/67798):
Միջազգային իրավունքի սկզբունքների համապարփակ եւ միակ լեգիտիմ մեկնաբանության աղբյուրը Միավորված ազգերի կազմակերպության Հռչակագիրն է: (http://www.un.org/ru/documents/decl_conv/declarations/intlaw_principles.shtml): Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ ամրագրված՝ ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունքի ուժով բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն առանց արտաքին միջամտության ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը եւ իրականացնելու իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը, եւ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը՝ համաձայն Կանոնադրության դրույթների»,- ասված է Հռչակագրում: Այնուհետեւ սույն դրույթն ավելի է հստակեցված. «Անկախ եւ ինքնիշխան պետության ստեղծումը, անկախ պետությանը ազատորեն միանալը կամ նրա հետ միավորվելը կամ քաղաքական ցանկացած այլ կարգավիճակի սահմանումը համարվում են… ինքնորոշման իրավունքի իրացման ձեւեր»: 



Իսկ հետագա պարզաբանումը արդեն ամբողջացնում է խնդրի իրավական պարզաբանումը. «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ որեւիցե բռնության միջոցներից, որոնք ժողովուրդներին, որոնց մասին խոսված է վերեւում՝ (ինքնորոշվող) սույն սկզբունքի մեկնաբանության մեջ, զրկում են ինքնորոշման իրավունքից, ազատությունից եւ անկախությունից: Նման բռնի գործողությունների դեմ իրենց միջոցներում եւ դրանց դիմադրություն ցույց տալիս այդ ժողովուրդները, իրենց ինքնորոշման իրավունքը իրացնելու կարգով, իրավունք ունեն հասնել աջակցության եւ ստանալ այն՝ համաձայն Կանոնադրության նպատակների եւ սկզբունքների»:
Համադրելով այս մեկնաբանությունները, ակնհայտ է դառնում, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը որեւէ կերպ չի սահմանափակված պետության տարածքային ամբողջականության սկզբունքով: Հռչակագիրը տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է բացատրում ՄԱԿ-ի անդամ պետությունների միջեւ հարաբերությունների դեպքում: Ավելին, Հռչակագիրը հստակ ձեւակերպում է, որ «գաղութի կամ այլ չինքնակառավարվող տարածք, համաձայն Կանոնադրության, ունի այն կառավարող պետության կարգավիճակից տարբերվող կարգավիճակ»:



Այսինքն, եթե ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն չի ճանաչված, դա դեռեւս չի նշանակում, թե նրա տարածքի եւ Ադրբեջանի տարածքի կարգավիճակը նույնն է, քանի որ «Կանոնադրության համաձայն՝ այդ առանձին եւ տարբերվող կարգավիճակը պահպանվում է մինչեւ այն ժամանակ, քանի դեռ տվյալ գաղութի կամ չինքնակառավարվող տարածքի ժողովուրդը համաձայն Կանոնադրության չի իրացնի իր ինքնորոշման իրավունքը՝ հատկապես համաձայն Կանոնադրության նպատակների եւ սկզբունքների»:
1988-91թթ-ներին Խորհրդային Միությունը, ապա եւ անկախություն հռչակած Ադրբեջանը, ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն չեն ընձեռել: ԽՍՀՄ փլուզման եւ խորհրդային սահմանադրական կարգից, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչված էր Ադր. ԽՍՀ կազմում ինքնավարություն, Ադրբեջանի հրաժարվելու համատեքստում ԼՂ ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իրավունքը՝ 1991թ-ի սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին Հռչակագրով եւ նույն տարվա դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեով:



Ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության, ինչպես որ այն մեկնաբանված է «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագրում, Ադրբեջանը ոչ միայն խոչընդոտել է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, այլեւ դիմել բռնությունների (մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, էթնիկ զտումներ, տնտեսական շրջափակում, «Կոլցո» ռազմագործողություն, խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծումներ, վերջապես՝ լայնածավալ պատերազմ), որոնց դեմ պայքարի իրավունքով, ինչպես դա մեկնաբանված է Հռչակագրում, ԼՂ ժողովուրդը դիմել է կազմակերպված ինքնապաշտպանության: Այս իմաստով Հայաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը միանգամայն օրինական է՝ համաձայն Հռչակագրի վերը բերված մեկնաբանության:
Հռչակագիրը սահմանում է, որ ինքնորոշման իրավունքին աջակցությունը չպետք է մեկնաբանվի «որպես ցանկացած գործողության թույլատրում կամ խրախուսում, որոնք կարող են բերել ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշման սկզբունքը, ինչպես որ այն շարադրված է, հարգող ինքնիշխան եւ անկախ պետությունների մասնատման կամ նրանց տարածքային ամբողջականության մասնակի կամ լրիվ կամ քաղաքական միասնության խախտման…»: 



Միանշանակորեն մեկնաբանված է, որ ինքնորոշման իրավունքը չհարգող պետությունից ինքնորոշվող ժողովրդին ցուցաբերած աջակցությունը չի հակասում ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին: Այսպիսով, ԼՂՀ ժողովուրդը իրավունք ունի ակնկալել եւ ստանալ աջակցություն ոչ միայն Հայաստանից կամ հայկական Սփյուռքից, այլեւ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններից, որոնք հարգում են ինքնորոշման իրավունքը: Այլեւս ոչ մի, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պետության համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը չի հարգում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ ինչպես որ այն շարադրված է ՄԱԿ-ի «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» Հռչակագրում: Հետեւաբար, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» սկզբունքը պետք է վերջնականապես հանվի ԼՂ կարգավորման՝ միջնորդների ներկայացրած, հայեցակարգից:



Առաջնայինը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է, որի համար միջազգային հանրությունը, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, ուղղակի պարտավոր է ստեղծել բավարար խաղաղ, արտաքին միջամտությունը բացառող պայմաններ: Իսկ եթե նկատի ունենանք, որ ԼՂ ժողովուրդն այդ իրավունքը 1991թ-ի դեկտեմբերի 10-ին իրականացրել է Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում, ապա հրամայական է դառնում փաստացի իրավիճակի անհապաղ ճանաչումը Միավորված ազգերի կազմակերպության կողմից:
Ադրբեջանի տեռորիստական ռեժիմը ԼՂՀ դեմ ագրեսիան «հիմնավորում է» ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձեւերի «պահանջների անվերապահ եւ առանց նախապայմանների կատարման անհրաժեշտությամբ»: Այդ բանաձեւերի մասին խոսվել է բազմիցս: Ուշադրության է արժանի երկու հանգամանք: Նախ, 1993թ-ի աշնանը Ադրբեջանը ԼՂՀ-ի դեմ ձեռնարկել է լայնածավալ հարձակում՝ ի խախտումն ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի՝ կրակի անհապաղ դադարեցման, պահանջի: Երկրորդ, ի տարբերություն այլ հակամարտությունների, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զինադադարի համաձայնությունից հետո չի շրջանակել վերջնական կարգավորումը:



Գոյություն չունի ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւ, որը կանխորոշում է ԼՂ միջազգային իրավական կարգավիճակը: Խնդրի վերջնական լուծման մանդատը ՄԱԿ-ը վերապահել է ԵԱՀԿ-ին, իսկ վերջինս՝ ՄԽ համանախագահությանը, որն էլ միջնորդություն է իրականացնում: Այսպիսով, ԼՂ խնդրի կարգավորումը «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում լուծելու»՝ Ալիեւի ռեժիմի պահանջը իրավաքաղաքական տեռոր է ՄԱԿ-ի եւ միջազգային հանրության, ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահող երկրների դեմ, որոնք, ի դեպ, Միավորված կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ են:
Ինչ վերաբերում է «օկուպացված հողերը պատերազմով վերադարձնելու իրավունքին», որը Բաքվի ռեժիմի գլխավոր «հաղթաթուղթն» է բանակցություններում, ապա «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագրում միանշնակորեն ձեւակերպված է. «Յուրաքանչյուր պետություն հավասարապես պարտավոր է ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից՝ միջազգային դեմարկացիոն գծերը, ինչպիսիք են զինադադարի գծերը, որոնք հաստատվել են կամ միջազգային համաձայնագրերին համապատասխան, որոնց կողմ է հանդիսանում տվյալ երկիրը կամ էլ որը տվյալ երկիրը պարտավոր է հարգել որեւէ այլ հիմքով, խախտելու նպատակով…»: 



Ասվածից պարզ է, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը պատերազմով փոխելու իրավունք Ադրբեջանը չունի, քանի որ այն հաստատվել է իր համաձայնությամբ, իսկ դրա պահպանումը պարտավորություն է կողմերից յուրաքանչյուրի համար:
Այսպիսով, միջազգային իրավունքի տեսանկյունից քառօրյա պատերազմը, որ սանձազերծեց Ալիեւի տեռորիստական ռեժիմը, միջազգային խաղաղության դեմ հանցագործություն է: Ո՞վ կպատժի հանցագործին: Դարձյալ հայկական զինո՞ւժը՝ միայնակ կրելով խաղաղապահի եւ քաղաքակրթության սահմանապահի իր պատասխանատվությունը, թե՞ նրան կմիանա միջազգային հանրությունը…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ