ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում կբարձրացնեն ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը

ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում կբարձրացնեն ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը

Ապրիլի 18-22-ի ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ՀՀ պատվիրակները կբարձրացնեն նաեւ ԼՂ-ն բանակցային կողմ դարձնելու հարցը, որը 4-օրյա պատերազմից հետո հրամայական է դարձել։ Երեկ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը մեզ տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորների Ստեփանակերտ այցի ընթացքում քննարկվել է նաեւ այդ հարցը։ «Մենք այդ խնդիրը քննարկել ենք ՀՀ մեր գործընկերների հետ, որպեսզի Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հնչեցվի ԼՂ-ն բանակցությունների կողմ դարձնելու անհրաժեշտությունը, ինչքանով դա կստացվի, կլինի, թե ոչ՝ կտեսնենք առաջիկայում»։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն Արցախ է այցելել 3 օր առաջ։