Ամեն ինչ կարեւոր է

Ամեն ինչ կարեւոր է

Տարիներ շարունակ մեր գլխի տակ փափուկ բարձ էին դնում, թե ղարաբաղյան ստատուս քվոն պահպանելը մեր օգտին է, մենք պատերազմում հաղթել ենք, մնում է մի չնչին բան՝ թղթի վրա ամրագրել այդ հաղթանակը։ Միջազգային հարթակներում յուրաքանչյուր հանդիպումից հետո մեր իշխանության ներկայացուցիչները հերոսական կեցվածք էին ընդունում, թե բանակցային պրոցեսում մենք ակնհայտ առավելություն ունենք եւ մեր ուզածին հասնելու ահռելի շանսեր, ոչինչ, որ Ադրբեջանը դիմադրում է, մի օր կկաղի՝ կհամաձայնի։ Իսկ երբ միջազգային տարբեր կառույցներ ոչ հայանպաստ բանաձեւեր էին ընդունում, ձեւակերպումներ տալիս, պատճառն Ադրբեջանի «խավիարային քաղաքականությունն» է, պետք չէ ուշադրություն դարձնել։ Տարբեր քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ դեմքի խելացի արտահայտությամբ վերլուծություններ էին անում, որ ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ-ի բանաձեւերը ոչ մի հետեւանք մեզ համար չեն կարող ունենալ, դրանք ընդամենը խորհրդատվական իմաստ ունեն, գործողություններ չեն ենթադրում։ Պարզվեց՝ դիվանագիտական ասպարեզում մեր կրած ամեն մի փոքրիկ պարտություն կարեւոր է։ Հիմա ալիեւյան կլանը հենց ՄԱԿ-ի ու ԵԽԽՎ բանաձեւերի վրա է կառուցում իր ագրեսիվ հռետորաբանությունը։ Եվ եթե անգամ դրանք կոնկրետ հետեւանքներ չեն ենթադրում, բայց կաթիլ առ կաթիլ ամրապնդում են ադրբեջանական բանակի հարձակողական տակտիկան, ադրբեջանական իշխանության՝ զիջումների չգնալու ստրատեգիան։ Հենց այդ բանաձեւերն ու եվրոպական տարբեր լսարաններում գտած համախոհներն են թեւ տալիս նրանց։ Արժեր, որ մեր դիվանագետները, միջազգային կառույցներում պատվիրակները, իշխանությունը վերընթերցեին «Ճպուռն ու մրջյունը» առակը՝ «չաշխատեցիր ամառը․․․»։ Հիմա ազգովին այդ ծուլության, անփութության, անտարբերության պտուղներն ենք քաղում։