Կազանի փաստաթուղթն Արցախի համար ընդունելի չէ

Կազանի փաստաթուղթն Արցախի համար ընդունելի չէ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին իր հայտնությունը նշանավորեց Հ1-ի եթերում անակնկալ հայտարարությամբ, որ բանակցությունների սեղանին Կազանի փաստաթուղթն է դրված։ Սահմանային լարվածության ու դրան հաջորդած օրերին ՀՀ արտգործնախարարն ընդհատակում էր, եւ շատերն էին հարց տալիս՝ Հայաստանն ունի՞ արտգործնախարար կամ արտգործնախարարություն, եւ հրադադարի պայմանավորվածության ընթացքում ի՞նչ փաստաթուղթ է քննարկվում, ի՞նչ են առաջարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին։
Կազանյան փաստաթուղթը 2011 թվականին առաջարկել էր այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, սակայն մերժվել էր Ադրբեջանի կողմից. Ալիեւը լրացուցիչ պայմաններ էր առաջ քաշել, ինչն էլ ընդունելի չէր եղել հայկական կողմի համար։ Ի դեպ, թեեւ պաշտոնապես չի հրապարակվել, թե ինչ լրացուցիչ պահանջներ է առաջարկել Ադրբեջանի նախագահը, բայց, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նրա հիմնական պահանջը եղել է այն, որ Ղարաբաղում պետք է վերաբնակեցվեն 180 հազար ադրբեջանցիներ: ԼՂԻՄ տարածքից հեռացել են 35 հազարին մոտ ադրբեջանցիներ, սակայն Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ վերջին 20 տարիների ընթացքում այդ թիվը հնգապատկվել է՝ բնական աճի հաշվին: Իսկ 180 հազար ադրբեջանցիների վերադարձը կփոխեր ԼՂՀ բնակչության էթնիկ կազմը` հօգուտ ադրբեջանցիների, եւ այդ դեպքում Մադրիդյան սկզբունքներով նախատեսված հանրաքվեն կլիներ հօգուտ Ադրբեջանի: Կազանի փաստաթղթի մասին շատ բան հայտնի չէ։ Բայց, ըստ փորձագետների, այն շատ չի տարբերվում ԵԱՀԿ «մադրիդյան սկզբունքներից», որոնք ենթադրում են «տարածքների փոխանակում՝ կարգավիճակի հետ»: Կազանի փաստաթուղթը ենթադրում է նաեւ ռուս խաղաղապահների տեղակայում` որպես խաղաղության երաշխավոր: Իսկ գլխավորը՝ այստեղ ոչ թե փաթեթային, այլ փուլային լուծում է առաջարկվում, ինչը հայկական կողմի համար ընդունելի չէ։



«Ժառանգություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծում է, որ ապրիլից հետո ձեւավորված իրավիճակը նոր մոտեցումներ է պահանջում։ «Ամենագլխավորը ԼՂՀ ներկայացուցչի՝ բանակցային սեղանի շուրջ նստելու հարցն է, դրանից հետո, ինձ թվում է, ամեն ինչ զրոյից կսկսվի»,- ասում է նա։ «Դրա հետ մեկտեղ, փուլային մի քանի խնդիր պետք է լուծել, առաջինը՝ զինադադարը հարգելու վերահաստատում, որտեղ առաջին հերթին չի նշվի միայն, որ զինադադար է, այլեւ միգուցե նկարագրված կլինեն մեխանիզմներ, որով կորոշեն, թե խախտողն ով է, եւ երկրորդ՝ ինչ հետեւանքներ պետք է ունենա։ Այ, սրանից է պետք խոսել, որովհետեւ մինչեւ չձեւավորվեն վստահության մեխանիզմներ, որեւէ կողմ, ըստ իս, չի ցանկանալու հարցեր քննարկել»։



Քաղաքագետ Սարո Սարոյանն ընդհանրապես անթույլատրելի է համարում ապրիլյան իրավիճակից հետո քննարկել որեւէ փաստաթուղթ՝ անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանը դեմ է դրան եւ տապալելու է բանակցային հերթական ռաունդը։ «Հայաստանի քաղաքականությունը երբեք չպետք է ուղղված լինի այն տարբերակին, որ համաձայնենք, քանի որ Ադրբեջանը, միեւնույն է՝ մերժելու է, համաձայնենք, որովհետեւ պետք չէ միջնորդներին, արտաքին ուժերին փաստի առաջ կանգնեցնել, եւ այլն, եւ այլն։ Սա ամենախոցելի ու ամենահանցավոր դիրքորոշումն ու քաղաքականությունն է, սա անսկզբունքայնություն է։ Չի կարելի նման ձեւով քաղաքականություն վարել»,- ասում է նա։ Սարոյանը նկատում է, որ այս մոտեցումը մի օր վատ հետեւանք է թողնելու։ Հակառակը, վերջին պատերազմական իրավիճակը, ըստ նրա, պահանջում է հայկական կողմի շատ ավելի խիստ մոտեցումներ ու գործողություններ. «Առաջին հերթին դա վերաբերում է ԼՂ ինքնորոշման ճանաչման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելուն։ Սրանից դուրս այլ բան պետք չէ քննարկել։ Եվ այն փաստարկը, թե բանակցությունները նրա համար են, որպեսզի պատերազմ չլինի, խաղաղություն լինի, ու եթե պատերազմ լինի, մենք ստիպված կլինենք ճանաչել ԼՂ անկախությունը, այդ ամենն արդեն անցած պատմություն է, այդ ամենը մինչեւ ապրիլի 1-ն էր։ Ապրիլի 1-ից հետո բոլորովին այլ վիճակ է, մինչդեռ մեր ԱԳՆ-ն հետ է ընկել ժամանակից։ Նախկին թեզերով առաջ շարժվելն այսօր հանցագործություն է։ Չէ որ այդ բանակցություններն ընթանում էին, որպեսզի պատերազմ չլիներ, բայց պատերազմը եկել-չոքել է մեր դռանը, այդ սեղանի վրա դրված սկզբունքներն են բերել պատերազմի, ու վաղը կարող է ավելի մեծ հարձակում լինի։ Ու այսքանից հետո ի՜նչ բանակցություններ Ադրբեջանի հետ, որ ազատագրված հողերը հետ վերադարձնի։ Հակառակորդը նման բաներ չի հասկանում»։ Սարոյանի խոսքով, այսօր «հայ զինվորը, հանրությունը շատ ավելի առաջ է գնացել, քան մեր արտաքին քաղաքականություն իրականացնողները». «Իրենք չգիտեն էլ ինչ ասեն, ոնց ասեն, անցյալ տարիներին մեր կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերում պարտվողական բաներ կան, հիմա ամբողջը ջրի երես է դուրս եկել, ու չի կարելի հակառակորդի հետ այսքան մեղմ խոսել, քառօրյա պատերազմից հետո Կազանի փաստաթղթի մասին խոսելն ուղղակի աբսուրդ է։ Զինվորը կարողանում է հարց լուծել, դիվանագետը՝ ոչ»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ