Վարկի որոշումը՝ այսօր

Վարկի որոշումը՝ այսօր

Մոսկվա կատարած այցի շրջանակներում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաեւ մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ինչպես ՌԴ հայազգի գործարարների, այնպես էլ ՌԴ քաղաքական էլիտայի, մասնավորապես, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ, որի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է։ Մոսկովյան այցի միակ «ձեռքբերումը» եղել է այն, որ հստակեցվել է 200 միլիոն դոլարի զենքի արագ մատակարարման հարցը։ Ի դեպ, երեկ միջպետական վարկին վերաբերող այս հարցը ներառվել էր կառավարությունների նիստերի օրակարգում։ Այսօր կայանալիք նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կներկայացնի «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրն իրականացնելու որոշման նախագիծը: Համաձայն 2015թ․ հունիսի 26-ին ստորագրված «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի, ՀՀ կառավարությունը որոշում է՝ հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարին՝ իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: Միայն սրանից հետո պաշտպանության նախարարն էլ, ըստ հանձնարարականի, պետք է հստակեցնի Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկի ու ստորագրի տրամադրվող վարկի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը, իսկ ամենավերջում, ապրիլի 29-ին, ՌԴ «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնի աշխատանքներ վարկի հաշվառման ու հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ: 



ՀԳ. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվա է մեկնել բավականին լայն կազմով։ Մոտ 20 հոգանոց պատվիրակություն է մեկնել։ Մեկնելուց առաջ Աբրահամյանի կայացրած որոշումից իմանում ենք, որ Մոսկվա են մեկնել Վաչե Գաբրիելյանը, Շավարշ Քոչարյանը, Հովհաննես Հովսեփյանը, Սուրեն Կարայանը, Գագիկ Միրիջանյանը, Գագիկ Քոչարյանը, Միքայել Փաշայանը, Ռաֆայել Ավետիսյանը, Տիգրան Աբրահամյանը, Արման Շահինյանը, Տիգրան Մեհրաբյանը, Արմեն Ղեւոնդյանը, Վահե Հակոբյանը։ Նաեւ վարչապետի անվտանգության աշխատակիցները՝ թվով 4 հոգի։ Այս բոլորի գործուղման ծախսերը՝ գումարած ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման եւ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։ Թե որքան գումար է ծախսվել այս գործուղումների վրա, այդ մասին հաշվետվություն պաշտոնապես դեռ չի ներկայացվել։ Հուսանք՝ Մոսկվայում տարված աշխատանքը որեւէ կերպ կարդարացնի կատարված ծախսերը։ Ի դեպ, ՌԴ վարչապետը Մոսկվայում հայտարարել է, որ հաջորդ հավաքը լինելու է Երեւանում՝ մայիսին։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ