Սպիտակի քաղաքապետը` բաժանվող ընտրակաշառքի, իրար վրա ցեխ շպրտելու ու վերևների «դաբրոյի» մասին

Սպիտակի քաղաքապետը` բաժանվող ընտրակաշառքի, իրար վրա ցեխ շպրտելու ու վերևների «դաբրոյի» մասին

Սպիտակի գործող քաղաքապետ, այսօր տեղի ունեցող քաղաքապետի ընտրություններին առաջադրված Գագիկ Սահակյանը այսօր պատասխանել է Hraparak.am-ի հարցերին` խոսելով բաժանվող ընտրակաշառքի, իրար վրա ցեխ շպրտելու ու վերևների «դաբրոյի» մասին:



-Պարոն Սահակյան, որոշել եք երրորդ անգամ վերընտրվել, ունե՞ք արդյոք կիսատ թողած անելիքներ, որ պետք է շարունակեք



Նախ շարունակելու ենք բնականոն աշխատանքը՝ սպասարկելով բնակչությանը, հետո նաև իհարկե, բազմաթիվ անելիքներ կան



-2 անգամ ընտրվել եք, ինչո՞ւ նորից որոշեցիք քաղաքապետ դառնալ



Նախ, ես գիտեմ, որ կարող եմ դեռ աշխատել, և երկրորդ՝ դեռ կան շատ անելիքներ, որ պետք է շարունակեմ, և երրորդ՝ մրցակից էլ չունեմ...որ երիտասարդ ուժեր չկան առաջադրված



-Ձեզ մի մրցակից ունեք, ինչպե՞ս եք գնահատում ձեր երկուսի ընտրվելու շանսերը:



Կարո՞ղ եմ չպատասխանել:



-Ոչ, լավ կլինի պատասխանեք



Երկուսիս շանսերն էլ մեծ են, իսկ ավելի կոնկրետ ես համոզված եմ, որ իմ շանսերն ավելի մեծ են



-Ի՞նչ եք կարծում, բնակչությունը ցանկանո՞ւմ է կրկին Ձեզ տեսնել քաղաքապետ, ընտրողների հետ հանդիպումներն ի՞նչ են վկայում, թե՞ միանձնյա եք որոշել քաղաքապետ դառնալ



Որ չցանկանային, չէի առաջադրվի, ու որ տեսնեի, որ բնակչությունը հոգնել է ինձնից, չէի առաջադրվի



-Մեր երկրում ընդունված ձև կա, մինչև վերևներից «դաբրո» չլինի, որևէ մեկը չի կարող առաջադրվել կամ շարունակել պաշտոնավարել, վերևների հետ «դաբրոյի» հարցը ո՞նց եք լուծել:



Իմ համար խորթ է «դաբրո» ասածը, բայց կա իհարկե նման խոսք՝ ինչ-որ պաշտոնյայի «դաբրո», բայց ՀՀԿ-ի մասով ասեմ, որ երկու թեկնածուներս էլ ՀՀԿ ենք, իսկ ՀՀԿ-ն որևէ մեկիս չի աջակցում, ու շատ էլ ճիշտ է անում



-Սպասո՞ւմ էիք, որ ՀՀԿ-ն չի աջակցի Ձեզ, վերջիվերջո 8 տարի ծառայել եք ոչ միայն բնակչությանը, այլ նաև ՀՀԿ-ին



Դեռ 2008թ-ին ՀՀԿ-ն որևէ մեկին չսատարեց ու էլի էն ժամանակ էլ ճիշտ արեց, որ չեզոքություն արեց:



-Կուսակցությունը որ սատարեր Ձեզ, դա կօգնե՞ր թե՞ կխանգարեր



Ավելի շատ կուսակցականներ են աջակցում, ոչ թե կուսակցությունը: Կուսակցականները իրենց ընտրությունը ևս կկատարեն խղճի մտոք ու կընտրեն լավին, իսկ ես մտածում եմ, որ իմ կուսակցականները ինձ են ընտրելու:



-Սպիտակը փոքր քաղաք է, Ձեզ չընտրողների հետ ո՞նց եք վարվելու, կպատժե՞ք:



Ոչ, որևէ պատժիչ գործողություն, 13500 ընտրող ունենք, եթե ես քիչ ձայն հավաքեմ, մեղքը իմ մեջ եմ փնտրելու



-Ի՞նչ եք կարծում, Ձեր մրցակից թեկնածուի՝ նախկին փոխմարզպետի կողմից ի՞նչ է արվել Սպիտակի համար, ի՞նչ ծրագրեր են բերվել:



Ոչ մի ծրագիր չի բերվել, որպես փոխմարզպետ ոչ մի բան չի արել բացարձակապես, բայց էսօր դնում, ասում է, թե ինչի աղետի գոտու հարցը չլուծեց, լուծող էիր, ինքդ լուծեիր,. փոխմարզպետ մարդ ես, վերջիվերջո դու ավելի մոտ էիր կառավարությանն ու երկրի ղեկավարությանը:



-Ասում են, քարոզարշավի ընթացքում իրար վրա ցեխ եք շպրտել, ճի՞շտ է:



Ես չեմ արել, ինքն է արել, ավել բան չեմ ասի...



-Իսկ կաշառք չե՞ք բաժանելու ընտրողներին:



Իհարկե ոչ, ես կաշառքի փող էլ չունեմ, ոչ բիզնես ունեմ, ոչ էլ, ու մի բան էլ ասեմ, ով էլ կաշառք բաժանեց, պաշտոնավարման տարիներին պետք է իր փողը հետ բերի: Քաղաքապետի գործը իմ համար բիզնես չի, որ փող դնեմ, հետո հետ բերեմ:



Հ.Գ Hraparak.am-ը բազմաթիվ հարցեր ուներ նաև մյուս թեկնածուին՝ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանին, ով սակայն առավոտյան հրաժարվեց խոսել` պատճառաբանելով իր ոչ համապատասխան հագուստը: