Փնտրվում է… Գերման Ստեռլիգով

Փնտրվում է… Գերման Ստեռլիգով

Ո՞վ է Գերման Ստեռլիգովը՝ շատերը, երեւի, մոռացել են: Հիշողություն թարմացնելու կարգով ասեմ, որ նա ռուսաստանցի սկանդալային գործարար է, աղանդավորական, ով չի հավատում ոչ ժամանակակից բժշկությանը, ոչ կրթությանը եւ գիտությունը: Ապրում է իր դաստակերտում, սնվում էկոլոգիապես մաքուր մթերքներով, կինը եւ երեխաները հագնվում են ռուս աղանդավորների ոճով: «Բայց դա ո՞ւմ է հետաքրքիր»,- կհարցնի զարմացած ընթերցողը: Ստիպված եմ վերստին հիշեցնել: Անցյալ ամռանն այդ մարդը հանկարծ հայտնվեց Արցախում, հայտարարեց, որ մշտական բնակության է եկել՝ ընտանյոք, մտադիր է ձեռք բերել ագարակ, հիմնել տնտեսություն եւ կյանքի մնացած տարիներն անխռով ապրել դրախտային մեր երկրում: Ստեռլիգովի արցախյան «հայտնությունն» ուղեկցվեց ռուսաստանյան լրատվամիջոցների դեսանտով:



Կազմակերպվեց նրա մամուլի ասուլիսը, որի ժամանակ Ստեռլիգովը բացառապես էկզոտիկ թեմաներից էր խոսում: Հետո տեղական հեռուստատեսությունից տեղեկացանք, որ նա Շուշիի գյուղերից մեկում ձեռք է բերել ջրաղաց, մտադիր է զբաղվել ավանդական հացի արտադրությամբ: Այնուհետեւ Ադրբեջանի դատախազությունը դիմեց Ռուսաստանի պատկան մարմիններին՝ միջնորդելով, որ Ստեռլիգովն արտահանձնվի: Ստեռլիգովը հրավիրեց երկրորդ մամուլի ասուլիսը եւ հայտարարեց, որ մեկնում է Մոսկվա՝ ներկայանալու Ռուսաստանի իրավապահ մարմիններին, իսկ կնոջը եւ երեխաներին թողնում է Արցախում: Այնուհետեւ նրանից ոչ մի հրապարակային տեղեկատվություն չկար: Եւ հանկարծ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի օրերին Ստեռլիգովը կրկին հայտնվում է ռուսական մեդիա-տիրույթում եւ ինչ-որ դատողություններ անում: Թե ի՞նչ՝ արդեն նույնիսկ հետաքրքիր չէ: Առավել կարեւոր է փորձել պարզել, թե ի՞նչ նպատակադրվածությամբ է նա մեկ-երկու շաբաթ ապրել Արցախում, ի՞նչ փուլում է ագարակներ գնելու, տնտեսություն ստեղծելու, էկոլոգիապես մաքուր մթերքներ արտադրելու նրա ծրագիրը: Եթե, իհարկե, այն երբեւէ գոյություն է ունեցել, կամ Ստեռլիգովն ասածները գործնականացնելու եւ ոչ թե բոլորովին այլ նպատակ է ունեցել: Համենայնդեպս՝ Արցախում…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ