Ողբալի վիճակ

Ողբալի վիճակ

Ամփոփելով ապրիլի 17-ի համայնքային ընտրությունները՝ կարելի էր գրել, որ իշխանությունը Հայաստանում վերարտադրվում է ոչ միայն ամենաբարձր մակարդակում, այլեւ ամենափոքրիկ գյուղերի ու քաղաքների։ Կարելի էր եզրակացնել, որ իշխանությունը տվյալ դեպքում վերածվել է ոհմակի, որն իր առջեւ խնդիր է դրել անգամ ամենաձախողված յուրայինին, ամենաանարժան թեկնածուին անցկացնել՝ կոտրելով ընդդիմության պայքարի ոգին եւ նրան ձայն տվողների կամքը։ Կարելի էր խոսել այն մասին, որ իշխանության կադրային բանկն այնքան սուղ է, որ առաջադրվում են բացառապես գործող պաշտոնյաները, որոնք, 5,10,15 տարի զբաղեցնելով այդ պոստերը, ոչ միայն ծերացել են ու հոգնել, այլեւ բարոյապես մաշվել։ Կարելի էր նշել, որ իշխանությունն ամեն ինչ արեց, որ հաստատի այն մտայնությունը, որ մեզանում ընտրության միջոցով իշխանություն, անգամ ամենատեղական մասշտաբի, հնարավոր չէ փոխել, եւ որոշ ավանտյուրիստների մոտ ավելի ամրապնդվեց «միայն զենքով կա հային փրկություն» թեզը, ուստի առաջիկայում նորանոր արթուրվարդանյանների ծնունդը ոչ մեկին թող չզարմացնի։ Կարելի էր խոսել այն մասին, որ «6 հազարանոց» բանակներ պատրաստող ընդդիմությունը սխալ ուղու վրա է՝ հարկավոր է ոչ միայն քվե պահող ջոկատներ պատրաստել, այլեւ ընտրողի մտածողությունը փոխել, ներազդել նրա գիտակցության վրա եւ նրա հետ աշխատել ամեն օր, ոչ թե ընտրությունից ընտրություն։ Կարելի էր նաեւ անդրադառնալ, որ նման ընտրությունները մեզ մի քանի խազ էլ են իջեցնում քաղաքակրթական սանդուղքից եւ մի քանի հարյուր մարդու էլ են ներշնչում, որ «ճիշտը երթալն է»։ Մի խոսքով, չնայած ՀՀԿ տարբեր կալիբրի գործիչներն էյֆորիայի մեջ են, բայց իրականում տոնելու բան չկա, եթե չասենք, որ ողբալու վիճակ է։ Այն էլ՝ 2017-ի շեմին։