Եթե Ռուսաստանի դեսպանատունը պատասխանն ուշացնի, վերադառնալու են (լուսանկարներ, տեսանյութ)

Եթե Ռուսաստանի դեսպանատունը պատասխանն ուշացնի, վերադառնալու են (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսաստանի դեսպանատունն այս ամսվա մեջ արդեն երկրորդ անգամն է, ինչ «հյուրեր» է ունենում: Թեպետ այս անգամ բողոքի ցույց իրականացնողները քաղաքական պահանջներով չէին եկել, այնուամենայնիվ նրանց թույլ չտվեցին մոտենալ դեսպանատանը: Այսօր Երևանում կայացավ երթ ի պաշտպանություն հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի, ով օրեր առաջ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:



«Վերջին տեսանյութերից հասկացանք իրավապահ մարմինների վերաբերմունքը, երբ կիսահոգնած մարդն ընկած է աթոռի վրա, իսկ նրանք ձեռքը շղթայակապ են անում, չգիտեմ հոգեբանական գրոհ են գործում, դա արդեն միջազգային հանցագործությունների շարքում է».- նշում է իրավաբան Հայկազ Մակարյանը, ում խոսքերով` գործով ձեռք բերված ապացույցները նույնիսկ բավարար չեն եղել դատական հայցադիմումով մտնել դատարան:



«Անուններ չեմ ուզում տալ, խոսքը գնում է ոմն կնոջ մասին, ով հայտարարություն է կատարել, իբրև իր տղայի հետ կապված ինչ-որ գործ է եղել, 700 հազար դոլար եվրո Լևոն Հայրապետյանը վերցրել է, հետո չի տվել, շանտաժի է ենթարկել: Այդ ամբողջ պատմությունը ոչ մի վերլուծական և պատճառահետևանքային կապ չունի: Իրեն շատ հոդվածներ վերագրեցին, իբրև թե խարդախություն, հետո ռուսական մամուլում տեղ գտավ, իբրև թե փողերի յուրացում: Ուզում եմ հարց տալ, եթե ռուսական արդարադատությունն այդքան իրավահավասար է և արդար, այդ դեպքում ի՞նչ եղան այն հոդվածները, որոնք որ արանքից սղոսկեցին դուրս եկան»:



Ի դեպ, Հայկազ Մակարյանը համարում է, որ հայաստանյան մի քանի պատկան մարմիններ և քրեածին տարրեր հանցավոր համաձայնություն և պայմանավորվածություն ունեն այս գոծում. «Նախ պաշտոնական մակարդակով հայտարարություն է արվում, որ եթե բռնել են, ուրեմն ինչ-որ բան արել է, նախ չի կարելի երկրի երկրորդ դեմքը, վարչապետն այդպիսի արտահայություն անի, չի կարելի այդպիսի անպատասխանատու հայտարարությամբ հանդես գալ»: Ինչ մնում է ռուսական իշխանություններին, ապա իրավաբանը մատնանշում է, որ Լևոն Հայրապետյանի գործով հիշատակվել է ռուս միլիարդատեր Ալիշա Ռուսմանովի անունը, որը մեծ կապեր ունի ադրբեջանական բռնապետական կառավարության հետ. «Լևոն Հայրապետյանն իր անմիջական մասնակցությունն է ունենում Ղարաբաղի զարգացմանը, դա փաստ է, ես կարծում եմ, որ այնտեղի ռուսական ադրբեջանամետ ուժերն են, որոնք ռուսական ինչ-ինչ պետական ուժերի միջոցով փորձում են ներգործություն անել և կասեցնել նրա առաջխաղացումը դեպի ԼՂՀ»:



Նշենք, որ բողոքի ցույց իրականացնողները նամակ էին պատրաստել, որը հանձնեցին արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը: «Ազատություն Լևոն Հայրապետյանին», «Ոչ թյուրիմացություններին» կոչերով մարդիկ երթով քայլեցին դեպի նախարարություն, ապա դեսպանատուն: Երթի մասնակիցների այն խոսքերին, թե ձու չեն նետելու դեպի դեսպանատուն, այստեղ քաղաքական աստառ չկա, սա բոլորիս խնդիրն է, ոստիկանները չհավատացին և այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ դեսպանատանը:



Ինչևէ, նամակը հանձնվեց և հայտարարեցին, որ եթե պատասխանն ուշացնեն, ապա վերադառնալու են դրա հետևից: Երթի մասնակիցները պահանջում են արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: 



Ի դեպ, ակցիային մասնակցում էր նաեւ «Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, «Հայազն» կուսակցությունից մի քանի ներկայացուցիչներ:



Մանրամասները՝ տեսանյութում: