Զոհված զինծառայողը Լոռու մարզից էր, անապահով բազմազավակ ընտանիքից

Զոհված զինծառայողը Լոռու մարզից էր, անապահով բազմազավակ ընտանիքից

 Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գեւորգ Գարեգինի Գեւորգյանը:



Ինչպես Hraparak.am-ին հայտնի դարձավ, զոհվածը Լոռու մարզի Աքորի գյուղից էր։
Մեզ հետ զրույցում գյուղապետ Հրահատ Սիմոնյանն ասաց, որ Գևորգը ապրում էր ծնողների հետ, ընտանիքի 6 երեխաներից մեկն էր, ապրում էին անապահով պայմաններում, Գևորգը երկրորդ երեխան էր։ Տանը հիմնականում  աշխատել են հայրն ու մեծ եղբայրը: Իսկ թե, ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, գյուղապետն ասաց, որ դեռ ոչինչ չգիտեն։ Գևորգի մարմինը դեռ Երևան էլ չի հասել։ Մեզ հետ խոսակցության ժամանակ Հրահատ Սիմոնյանը զոհվածի ընտանիքի տանն էր գտնվում։



Զոհված զինծառայողի համագյուղացիներից մեկը Hraparak.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ Գևորգը եղել է շատ համեստ ընտանիքի երեխա և հենց ինքն էլ այդպիսին է  եղել. «Աշխատասեր, ծնողներին օգնող երեխա էր, իրենց ընտանիքի բոլոր երեխաներն են այդպիսին։ Շատ վատ պայմաններում են ապրում։ 3 աղջիկ, 3 տղա էին»։



Ինչպես մեր զրուցակիցը նշեց, ընտանեկան եկամուտ՝ որպես այդպիսին, հիմնականում ստացել են հողագործության միջոցով։ Հիմնական աշխատանք այս ընտանիքը չունի:
«Ընդհանուր բնակարանում բնակվում են Գևորգի 2 հորեղբայրները։ Երկրորդ հարկում մեկ հորեղբայրն է իր ընտանիքի հետ, մյուս հորեղբայրը  հաշմանդամ է, իսկ իրենք առաջին հարկում են ապրում ու բավականին վատ պայմաններում։ Բազմանդամ ընտանիք է։ Նա նաև ունի ևս մեկ հորեղբայր, ով ապրում է իրենց տանը կից կառույցում»,-նշում է մեր զրուցակիցը։



Լուրը գյուղում տարածվել է օրվա երկրորդ կեսից հետո։ Համագյուղացու խոսքերով՝ Գևորգը ծառայում էր Ջաբրաիլի զորամասում: