ԸՕ նախագիծը լինելու է այնպիսին, որ բավարարելու է բոլորի պահանջները

ԸՕ նախագիծը լինելու է այնպիսին, որ բավարարելու է բոլորի պահանջները

Սահմանային լարվածության պատճառով երկրորդ պլան մղված Ընտրական օրենսգրքի նախագիծը կընդգրկվի ապրիլի 25-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ: Ի հեճուկս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ապրիլի 15-ի հայտարարության, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը վստահեցնում է, որ ԱԺ-ում այժմ շրջանառության մեջ դրված օրինագիծը շահագրգիռ անձանց, տարբեր կազմակերպությունների ու քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում փոփոխված ու լրամշակված տարբերակն է:



Ավելին, ըստ նրա, առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում նախագիծն էլի փոփոխությունների կենթարկվի: Մինչդեռ Լեւոն Զուրաբյանն Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչափով վերջին քննարկումից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ կոնսենսուսի բացակայության պատճառով այլեւս քննարկումներ չեն լինի։ Հիշեցնենք, որ ընդդիմության եւ քաղհասարակության այս ֆորմատում ներկայացված պահանջներն էին՝ ընտրական տեղամասերի տեսանկարահանում եւ առցանց դիտման հնարավորություն, մատների թանաքոտում, կրկնակի քվեարկությունը բացառելու համար քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակում եւ ընտրացուցակների մաքրում: Հետագայում ՀԱԿ-ն ավելացրեց եւս մեկ պահանջ՝ հրաժարվել ռեյտինգային քվեարկությունից եւ ընտրություններն անցկացնել դասական համամասնական ընտրակարգով, որի դեպքում Հայաստանը պետք է դիտվի մեկ միասնական ընտրատարածք։



- Պարոն Սահակյան, կարելի՞ է ասել, որ «4+4+4» ձեւաչափն ապարդյուն անցավ, ընդդիմության եւ քաղհասարակության պահանջները մնացին օդում կախված, փոխարենը իշխանությունը կարողացավ ցանկալի քննարկման իրողություն արձանագրել։ Ինչո՞ւ կոնսենսուս չկայացավ, որովհետեւ այդ ձեւաչափի կայացումը կարծես դրան էր միտված։



- Ֆորմատն իսկապես դրան էր միտված, ու պարզ է, որ քննարկել ենք խնդրահարույց հարցեր, որպեսզի կարողանանք ընդհանուր եզրեր գտնել։ Չեմ կարծում, որ խնդիրը պետք է կտրուկ դնել՝ ընդունում ենք, թե չենք ընդունում։ Ես կարծում եմ, որ խնդիրը քննարկելով՝ կարելի է հասկանալ, որ հնարավոր է եզրեր գտնել, փոփոխություններ, որոնք մեր բոլորիս համար կարող են օգտակար լինել։ Այդ քննարկումները, ըստ իս, բավականին դրական ազդակներ են տվել, մոտեցումներ, որոնք անպայման կարտացոլվեն ԸՕ-ի մեջ, եւ երբ առաջիկա օրերին առաջին ընթերցմամբ կներկայացնենք, դուք հնարավորություն կունենաք համեմատել ու տեսնել, ընդ որում՝ խոսքը միայն «4+4+4»-ին չի վերաբերում, այլ ԸՕ վերաբերյալ լսումներին, քաղաքական ուժերի հետ քննարկումներին, այլ գրավոր առաջարկներին, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել փոփոխությունների վրա։



- Մինչդեռ «4+4+4»-ը հստակ ու սկզբունքային 5 պահանջ է ներկայացրել, դրանցից ո՞րն է իշխանության համար ընդունելի։



- Այդ պահանջ ներկայացնել, բանակցել, զիջել, այդ տերմինոլոգիան, ես կարծում եմ, ճիշտ չէ, եւ շփոթն էլ հենց այդտեղից է գալիս։ Նախ՝ քաղհասարակությունը միայն այն ներկայացուցիչներից չէ բաղկացած, ովքեր ներկայացված են Ձեր մատնանշած ֆորմատում։ Բազմաթիվ ՀԿ-ներ կան, որոնք մեզ հետ աշխատում են, ներկայացնում են առաջարկություններ։ Մոտեցումներ կան՝ ընդունել ենք, կան, որ չենք ընդունել։ Այնպես որ, դա անընդհատ պրոցես է, որը փորձում ենք քննարկումների միջոցով եզրերը մոտեցնել։ Առավել եւս՝ այնտեղ երեք ընդդիմադիր ուժեր էին ներկա, «Ժառանգությունը» կար, հետեւաբար խոսել, որ քաղաքական դաշտում կոնսենսուս չկա, զիջումների չգնացին, մտացածին են։ Մեր խնդիրը եղել է ԸՕ-ն քննարկել ցանկացած կազմակերպության, անհատի, քաղհասարակության ներկայացուցչի հետ, որովհետեւ մեզ համար կարեւոր է եղել քննարկելը, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք, իսկ ճիշտ որոշումներ կայացվում են, երբ առավել շատ քննարկված է լինում հարցը։



- Հիմա իշխանությունը կոնկրետ ի՞նչ որոշումներ է կայացրել ընտրողների ցուցակների, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման, ցուցակների ճշգրտման եւ մյուս հարցերում։



- Մենք այդ 5 կետի հետ կապված քննարկումների ընթացքում սպառիչ պատասխաններ տվել ենք, ընտրացուցակները 2007-ից մինչ օրս քննարկվող թեմա է, դրա պատասխանն էլ ենք տվել, նույնիսկ միջազգային կառույցներն են իրենց դիրքորոշումը հայտնել, ցուցակները մաքրելու կարիք այլեւս չկա, բոլորն են այդ մասին պնդում, եւ մեռած հոգիներ եւ այլն, այդ փաստարկներն այլեւս գոյություն չունեն։ Խնդիրը վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների՝ ընտրացուցակներում լինել-չլինելուն, որն առաջ է բերում բազմաթիվ խնդիրներ։ Չեմ կարծում, որ 2-3 ամսով արտասահման մեկնած մեր քաղաքացիները չպետք է իրավունք ունենան մասնակցելու սահմանադրորեն իրենց վերապահված իրավունքների իրականացմանը։ Սա է խնդիրը՝ մենք դրան գնալո՞ւ ենք, թե՞ ոչ, եթե գնալու ենք, ապա ինչպե՞ս։ Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկել ու լուծում գտնել։ Տեսախցիկների տեղադրման հետ կապված ասել ենք, որ դեմ չենք, եթե դոնոր կազմակերպություններ գտնվեն ու ֆինանսավորեն, սակայն մեր պահանջն է, որ չպետք է լինի ուղիղ հեռարձակում, եւ չպետք է դրա սպասարկումը եւ հետագա գործընթացները դրվեն պետական մարմնի վրա, մյուս հարցերի վերաբերյալ նույնպես մեր մոտեցումները ներկայացրել ենք ու առաջարկել նաեւ այլընտրանքային եւ հավատ ներշնչող տարբեր մոտեցումներ, որպեսզի ընտրական գործընթացն առավել թափանցիկ կազմակերպվի։ Այնպես որ, այն գործիքակազմը, որը կլինի նախագծի մեջ, կարող է բավարարել բոլորի պահանջները։



- Ամենախնդրահարույց կետը «ռեյտինգային» անվանումն ստացած քվեարկության հարցն է, որով հնարավոր է լինելու ձայն ապահովել։ Այս հարցում իշխանությունն ի՞նչ որոշում է ընդունել՝ հրաժարվելո՞ւ է, թե՞ ոչ։



- Այն դրույթը, որ առաջարկվում է, ռեյտինգային մոդել չէ, դրանով երկու խնդիր է լուծվում, նախ պահպանվում է կապն ընտրողների հետ, մենք տարածքային ցուցակներով ընդամենը ապահովում ենք այդ կապը, միեւնույն ժամանակ լուծում համամասնական ընտրակարգի անցնելու հարցը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ