Կառավարությունը պաշտոնյաների աշխատավարձը սիրով բարձրացնում է, հասարակ քաղաքացունը՝ ոչ

Կառավարությունը պաշտոնյաների աշխատավարձը սիրով բարձրացնում է, հասարակ քաղաքացունը՝ ոչ

Կառավարությունը երեկ մերժեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկը նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին։ Նախագծով պատգամավորն առաջարկում էր 10 հազար դրամով բարձրացնել 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձը՝ դարձնելով այն 65 հազար։



Կառավարությունն իր մերժումը հիմնավորել է պետական բյուջեի վրա բեռի ավելացմամբ։ Զարմանալիորեն, ոչ թե 10 հազարով, այլ մի քանի հարյուր հազարով նույն այդ կառավարության անդամների՝ նախարարների եւ ԱԺ պատգամավորների աշխատավարձի բարձրացումը բյուջեի բեռը չի ավելացրել։ Այսօր մեր պատագամավորներն ու նախարարներն ստանում են նվազագույնը 500 հազար դրամ եւ ավել աշխատավարձ։ Պաշտոնյաների մեջ մի զգալի մաս կա, որոնց աշխատավարձը մեկ միլիոնի է հասնում։ Ի դեպ, ոչ հեռավոր անցյալում կառավարությունը բարձրացրեց նաեւ դատավորների աշխատավարձը՝ կրկին միլիոնի հասցնելով։ Այդ քայլով ուզում էին դատական համակարգում կոռուպցիայի դեմն առնել։ Բայց մոռացել էին, որ մեր դատավորների ախորժակն ուտելիս է բացվում, եւ աշխատավարձի բարձրացումն իրենց վերցրած կաշառքների հետ որեւէ կապ չունի։



Այս նախագծի ընդունմամբ կառավարությունը սոցիալական արդարությանն ուղղված եւս մեկ քայլ կաներ, ձեռքի հետ էլ ինքն իրեն PR կաներ, ժողովրդի աչքը կմտներ: Բայց Հովիկ Աբրահամյանը չցանկացավ գնալ ուրիշի դափնիները կիսելու ճանապարհով։ Չի բացառվում՝ մեկ ամիս հետո իրենք 5000-ով աշխատավարձի բարձրացման նախագիծ բերեն, անցկացնեն, հետո աշխարհով մեկ անեն, թե տեսեք՝ ոնց ենք մտածում ժողովրդի մասին։ Նույնկերպ անցյալ տարի ՀՀԿ-ն սեփականացրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած՝ զինվորների բուժման մասին նախագիծը, կանանց ներկայացվածության մասին գաղափարը։ Այսօր նույն իշխանությունները հպարտորեն հասարակության աչքն են մտցնում այդ օրինագիծը՝ որպես հայ զինվորի համար արված բացառիկ լավություն։ 



Նախագծի հեղինակ Միքայել Մելքումյանն ասաց, որ կառավարության հնգամյա (Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո՝ եռամյա) ծրագրով նախատեսված էր, որ 2017 թվականի հուլիսի 1-ին նվազագույն աշխատավարձը պետք է կազմեր 65 հազար դրամ, իսկ այս տարվա հուլիսի 1-ից 60 հազար պետք է լիներ, որը կառավարությունը չի անում։ «Ես նախատեսում եմ, որ մենք մի քիչ առաջ անցնենք՝ հաշվի առնելով էն զարգացումները, որ աղքատությունը չի հաղթահարվում, սոցիալական պրոբլեմներ կան եւ այլն։ Եվ եթե դու բարձրացնում ես աշխատավարձը, էդ մարդը դա չի պահում, հետո դա հարկերի տեսքով հետ է վերադարձնում պետությանը»,-ասաց նա։



Խոսեցինք նաեւ իշխանության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։ Նրան հարցրինք՝ անարդար չէ՞, որ պատգամավորների, նախարարների աշխատավարձը բարձրացրին, հասարակ քաղաքացիների նվազագույն աշխատավարձը՝ ոչ։ Նա նշեց, որ այս ընթացքում միայն պատգամավորների աշխատավարձը չի բարձրացել, նաեւ՝ այլ ոլորտների աշխատողների աշխատավարձը։ Մեր դիտարկմանը, թե դատավորների աշխատավարձն էլ բարձրացվեց՝ իբր դրանով նվազեցնելով կոռուպցիան, բայց չնվազեց, չի՞ ստացվում, որ անարդյունավետ է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, Շարմազանովն ասաց․ «Ո՞նց չի նվազել, կոռուպցիան դատական համակարգում չի՞ նվազել․․․ պետք է մի հատ նստենք, քննարկենք»։ Իսկ եթե այս նախագիծը ներկայացներ ՀՀԿ-ն, հնարավո՞ր է կառավարությունն ընդուներ, որպեսզի այդ «փառքի դափնիներն» իշխանությունը միանձնյա վայելեր, ԱԺ փոխխոսնակն ասաց․ «Փառքի խնդիր չկա հիմա, չեմ կարծում, որ նման մոտեցում կա, որովհետեւ եղել են օրինակներ, երբ որ կառավարությունը մերժել է նաեւ հանրապետականների նախագծերը»։



Նկատեցինք, որ սովորաբար ընդդիմության ներկայացրած նմանատիպ սոցիալական ծրագրերն իշխանությունը մերժում է, մինչդեռ զինվորների բուժման հայտնի նախագիծը, որ իշխանությունից համահեղինակ էին, ընդունեցին ու հիմա էլ ակտիվ «ռասկրուտկա» են անում։ «Չէ, ինչի՞։ Մինչեւ էդ, Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գյուղերի մասին նախագիծ էր ներկայացրել, նաեւ Զարուհի Փոստանջյա+նն էստեղ էլի նախագիծ ներկայացրեց, մենք էլի կողմ քվեարկեցինք»,-ասաց Շարմազանովը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ