Հայաստանը փակում է բանակցությունների դուռը․ Աղասի Ենոքյան

Հայաստանը փակում է բանակցությունների դուռը․ Աղասի Ենոքյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 5-ին կառավարության քննարկմանն է ներկայացնելու նախարարության դրական եզրակացությունը «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ։ Հիմնավորող փաստաթղթում գրված է, որ «նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: Ըստ քաղաքագետ Աղասի Ենոքյանի, սա նշանակում է, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից։ 



- Այսինքն, Մինսկի ֆորմատում էլ ոչ մի բանակցություն, խոսակցություն չի՞ լինելու։
-Խոսքը ոչ միայն Մինսկի ֆորմատի, այլեւ որեւէ ֆորմատով բանակցություններից դուրս գալու մասին է։ Սա նշանակում է, որ բանակցությունների հիմնական առարկան, որը Ղարաբաղի կարգավիճակն է, այլեւս դադարում է բանակցության առարկա լինելուց։ Ցանկացած խոսակցության, ցանկացած բանակցության առանցքը դա է։ Եթե առանցքային հարցը հանում ես, երկրորդական հարցերի շուրջ էլ ի՞նչ բանակցես։ Եթե դա հանում ես, կարող է լինել, շփման գծի, զինադադարի շուրջ բանակցություն, և այլն։



-Ի՞նչ սցենարներով կզարգանան իրադարձությունները։
- Սցենարները վերաբերում են քաղաքական լուծումները ռազմականով փոխարինելուն։ Մի սցենարով հայտնվում ենք շարունակական ռազմական գործողություններ մղելու անհրաժեշտության առաջ, մյուսով՝ Ադրբեջանին պարտադրում ենք Ղարաբաղի ճանաչում ռազմական ճանապարհով։ Լուծումներն այդ դեպքում կարող են այս շարքից լինել։



- Հնարավո՞ր է, որ այս քայլը համաձայնեցված լինի Ռուսաստանի հետ, և Ռուսաստանը իր ուժային դիրքերից կարող է մտնել որպես տարածաշրջանում հիմնական խաղացող։
-Չի բացառվում, որովհետև դրանով կարելի է կտրուկ փոխել բանակցությունների ֆորմատը։



Սյուզան Սիմոնյան