Արցախյան «տաբուները» խախտելու սցենարը

Արցախյան «տաբուները» խախտելու սցենարը

ՀՀ գործադիրի մայիսի 5-ի օրակարգում առանցքային օրինագիծ է քննարկվելու, որը, փաստորեն, փոխում է մեր արտաքին քաղաքական ընթացքը՝ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը։ ԱԳՆ-ն հավանության է արժանացրել այն։ Սա նշանակում է, որ բանակցային անուրջները ցնդեցին, եւ կատարվում է այն, ինչ ՀՀ նախագահը նախանշել էր ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ. «Եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։



Կարճատեվ պատերազմի մասին վաղուց էին խոսում 



Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, փաստորեն, սցենարի սկիզբն էր։ Դրա մասին վաղուց էին խոսում, դեռ մինչ ապրիլմեկյան դեպքերը՝ կարճատեւ պատերազմ, մի քանի շրջանի հանձնում Ռուսաստանի հսկողության ներքո եւ խաղաղություն։ Շարունակությունն ապրիլի 25-ին գերմանական «Բլումբերգ» պարբերականին տված հարցազրույցն էր, որով ստուգվեց, թե որքանով է հանրությունը պատրաստ սցենարին։ Սերժ Սարգսյանը «բացահայտեց», որ Ադրբեջանի նախագահի հետ 2011-ի Կազանի բանակցություններից հետո ինքը պատրաստ է եղել հայկական ուժերը դուրս բերել 5 շրջաններից եւ թույլ տալ խաղաղապահների տեղակայում, սակայն Ալիեւը հրաժարվել է անել դա: Հաջորդ կետը նախագահի այցելութունն էր Արցախ։ Ոչ պաշտոնական աղբյուրները վկայում են, որ ղարաբաղցիք այնքան էլ լավ չեն ընդունել նախագահի հայտարարությունը 5 շրջանների հանձնման մասին։ Անգամ պատմում են, որ որոշ պատգամավորներ պաշտոնական հանդիպման ժամանակ իրենց լավ չեն պահել եւ, դուռը շրխկացնելով, դուրս են եկել։



Տաբու կոտրելը դրվեց ՀՀԿ փոխնախագահի վրա



Սրան հետեւեց նոր «մշակում»՝ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի օգնությամբ փորձ արվեց ընտելացնել հանրությանը շրջաններ հանձնելու մտքին։ Արցախի 5 շրջաններն ազատելու վերաբերյալ նախագահի հարցազրույցին անդրադառնալով՝ Նաղդալյանն իր ասուլիսում կրկին անգամ արտաբերեց այս պահին որպես «տաբու» ընկալվող այդ բառը՝ «փոխզիջում»։ «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն է ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար»։



Հերմինե Նաղդալյանն ասաց այն, ինչ մյուսները չեն ասում՝ «հողերը» բուֆերային գոտի են եւ մեր անվտանգության երաշխիքը։ Անկեղծ ասած՝ սա Հերմինե Նաղդալյանի ամենաարժեքավոր հայտարարությունն է, քանի որ նա ասաց այն, ինչ մտածում են, բայց չեն հանդգնում բարձրաձայնել հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Ղարաբաղում՝ որ Ղարաբաղի խնդիրը հողերի խնդիր չէ, որ մենք պայքարում ենք Ղարաբաղի ու Լաչինի համար, մնացածը «բուֆեր» է եւ անվտանգության երաշխիք։ Նաղդալյանին կարելի է մեղադրել բոլոր մեղքերի մեջ՝ օլիգարխ լինելու, կեղծված ընտրություններով պառլամենտ մտնելու, ծառայամտության, իշխանությանը չհակադրվելու, բայց ոչ այս խոսքերի։ Որովհետեւ պետք էր մեկը, որ կխախտեր տաբուները, ասելով՝ «արքան մերկ է», ընդ որում՝ ԼՂՀ հակամարտության գոտում վերջին օրերի լարվածության, պատերազմական գործողությունների ուժգնացման ֆոնին։



Հող հանձնելը չի ավարտվի «գրավյալ տարածքներով»



Իհարկե, նրա ելույթին հետեւեց սպասված «թուքումուրը», հրաժարականի պահանջներ ԱԺ փոխխոսնակի եւ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոններից, պիտակներ, վիրավորանք։ Արցախում, օրինակ, ԼՂՀ պատգամավոր Կարեն Գրիգորյանը մեղադրեց նրան անպատասխանատվության եւ «ազատագրված պատմական հողերում ապրող վերաբնակիչներին» բարոյական վնաս հասցնելու մեջ։ Իսկ հայաստանյան «թքող-մրողների» հիմնական մտավախությունն արտահայտում է, օրինակ, ֆեյսբուքյան օգտատերերից Վախթանգ Սիրադեղյանը․ «Հող հանձնելը չի ավարտվի «գրավյալ տարածքներով» եւ ոչ նույնիսկ բուն Լեռնային Ղարաբաղով: Եվ ըստ այդմ՝ կամ պետք է դիմանալ արտաքին ճնշմանը, եւ կամ տեղը զիջել մեկ ուրիշին, ինչը որոշակիորեն կթեթեւացնի ճնշումը, իսկ վերջինիս անձնական ու քաղաքական կամքով պայմանավորված՝ կվերացնի այն ընդհանրապես»:



Ադրբեջանական կայքերը, ցիտելով Հերմինեին, գոռացին՝ ահա, հայերն ընդունում են, որ օկուպացրել են մեր հողերը, իսկ հայկական մամուլում լուր հայտնվեց, որ Հերմինե Նաղդալյանից վերեւներում դժգոհ են։ Անգամ Ռիտա Սարգսյանին խառնեցին այս ամենին, թե, իբր, Նաղդալյանը նրա միջոցով է փորձում հարաբերություններ հարթել։ Հերմինեն քիչ էր մնում ներողություն խնդրեր եւ սկսեց «դզմզել» իր ասածը՝ պնդելով, որ «գրավյալ տարածք» ձեւակերպումն օգտագործել է, քանի որ լրագրողն է այդպես ձեւակերպել հարցը, որ «այս ամենի մեջ թյուրիմացություն կա» եւ այլն։ Բայց այս «դեմք փրկելն» այլեւս ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ հողերի հանձնման մասին բանավեճն այլեւս մեր լրահոսի բաղկացուցիչ մասն է։



ՀԳ․ Սցենարի հաջորդ քայլը ԼՂՀ անկախության ճանաչումը կառավարության վաղվա օրակարգ մտցնելն էր։ Այս որոշումը նշանակում է, որ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը 180 աստիճանով փոխվել է, եւ որ Հայաստանը դուրս է գալիս Մինսկի ձեւաչափից։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ