Երկակի խաղեր

Երկակի խաղեր

Դիվանագիտությունը երկակի խաղեր տալը չէ, ոչ էլ միջազգային հանրությանը «ֆռռացնելու» փորձեր անելը։ Պրիմիտիվ հնարքներով ու, իբր, հնարամիտ ձեւակերպումներով նույնիսկ մեր վայրի ու այնքան էլ չքաղաքակրթված հարեւաններին չենք կարող խաբել, ուր մնաց զարգացած երկրների քաղաքական շրջանակներին։ Ինչքան էլ փորձում ես գլուխ հանել, թե ինչ էր նշանակում Լեռնային Ղարաբաղի ճանաչման փաստաթուղթը շրջանառության մեջ դնելը, ինչ նպատակով էր դա արվում, եւ արդյունքում այս խճճված իրավիճակն ինչ է տալու մեզ, չի ստացվում։ Իբրեւ թե մենք «դամոկլյան սուրը» պահում ենք Ադրբեջանի եւ միջազգային հանրության գլխին կախված եւ հարկավոր պահին հապճեպ կընդունենք այդ օրինագիծն ու «մատ կանենք» բոլորին։ Իբրեւ թե դա մեր թաքուն պահած հաղթաթուղթն է՝ ընդդեմ ագրեսորի եւ հավանական լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Եվ ժամանակին մերժված ու հնարավորինս ծաղրված օրինագիծը շրջանառության մեջ դնելով՝ մի կողմից հայտարարում ենք, թե մենք ժողովրդավարական պետություն ենք, ու մեր ընդդիմությունն էլ կարող է ցանկացած օրինագիծ ներկայացնել, եւ դա անգամ կարող է ընդունվել՝ մոռանալով, որ վերջին տարիներին մեր ԱԺ նիստերն ուղիղ հեռարձակվել են, եւ ընդդիմության առաջարկած նախագծերի ճակատագիրը բոլորին է հայտնի։ Մյուս կողմից՝ կառավարության լղոզած եզրակացությունն ու տարբեր պաշտոնյաների խուսափողական պատասխանները վկայում են այն մասին, որ սա ընդամենը «ֆալստարտ» էր՝ «զոնդաժ», եւ եթե դա նկատելի է անգամ անզեն աչքով, ապա լուրջ ինֆորմացիա տնօրինող եւ նախագծի ճակատագրով անհանգստացած կենտրոնները վաղուց են ըմբռնել մեր գործողությունների ենթատեքստը։ Այնպես որ, ջայլամի քաղաքականություն վարելուց եւ «սատանի մայլում քյանդրբազություն» անելուց առաջ արժեր մի քիչ երկար խորհել։