«Նուբարաշենի» նախկին պետը ցուցմունք չի տալիս, իսկ կալանավորներն ուզում են գնալ ճակատ

«Նուբարաշենի» նախկին պետը ցուցմունք չի տալիս, իսկ կալանավորներն ուզում են գնալ ճակատ

«Նուբարաշենի» բերդը մշտապես ապրել է իր օրենքներով, սեփական կոդեքսով։ Հանցագործ աշխարհի այս սառցաբեկորն անթափանց է դրսի աշխարհի համար։ Տեսանելի է միայն գագաթը՝ պաշտոնական սուղ տվյալները, որոնք հրապարակվում են արտակարգ դեպքերից հետո, եւ երբեք չի բացահայտվում, թե ինչ է կատարվել իրականում։



Հերթական արտակարգ դեպքը տեղի ունեցավ մայիսի 4-ին։ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, դատարանի որոշմամբ, գնացին «Նուբարաշեն»՝ խուզարկություններ կատարելու։ Կալանավորված անձինք ոստիկաններին դիմավորեցին անհնազանդության ակցիայով։ Թեեւ ՔԿ վարչությունից վստահեցնում են, որ ոչ թե անհնազանդություն է եղել, այլ միջադեպ, որ «քննչական գործողությունները կատարվել են խցերից մեկում», եւ որ վարչակազմի արձագանքից հետո վիճակն արագ հարթվել է։ Անմիջապես այլ վարկածներ էլ ծնվեցին: Դրանցից մեկով՝ ոստիկանները կալանավորված անձանց ասել են, թե, իբրեւ, զենք են փնտրում խցերից մեկում, ինչը կալանավորվածներն անհավանական են համարել, իրենց լեզվով ասած՝ «կապիկություն»։



ՔԿՎ պետի խոսնակ Գոռ Ղլեչյանը չհաստատեց այս տեղեկությունը։ Մյուս վարկածով՝ բերդի բնակիչները բողոքել են, որ իրենց հասցեագրված հանձնուքները «զոն նայողներն» են օգտագործում, եւ որ հենց սա է եղել նրանց դժգոհության պատճառը, ոչ թե ստուգումները։ Հանցագործ աշխարհին մոտ անձինք վստահեցնում են, որ սա հեքիաթ է, եւ կալանավորը երբեք «զոն նայողի» դեմ չի բողոքի, որովհետեւ վերջինս «նրա համար է, որ ներսում կոնֆլիկտներ թույլ չտա»։ «Եթե նման բան էլ եղել ա, իրանց «վեցնոցների» արածն ա։ Եթե զոն նայողը չլինի, ներսում օրական 10-15 տրուպ կլինի, 20-30 պաբեգի փորձ, մի 50 միլիցա օրական կբռնաբարվի ու էլ չեմ ասում, թե կամերում քանի մարդ կդառնա «կնիկ»։ Ներսում օրենքը չի պաշտպանում քո անվտանգությունը, իսկ զոն նայողը մարդկային օրենքներն ա պաշտպանում»,- ասում է մեր զրուցակիցը։
Ոստիկանները խուզարկության էին գնացել ՀՔԾ-ում քննվող ինչ-որ գործի շրջանակներում։



Այս գործը, մեր տեղեկություններով, հարուցվել էր կալանավայրերը հսկող դատախազի հրահանգով եւ վերաբերում էր ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումներին։ Ահա ինչու խուզարկությունը չի կատարվել ՔԿՀ աշխատակիցների կողմից, որոնց բերդի բնակիչները դեռ մի կերպ կներեին «շմոնը»։ Նրանք վիրավորվում են, երբ իրենց ստուգում են դրսի «մենթերը»։ Բանը հազվադեպ է հասնում «բունտի», բայց այս անգամ հասավ։ Համակարգին մոտ կանգնած անձինք պնդում են, որ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանն իրավունք ուներ թույլ չտալ դատախազությանը մտնել խցեր, ինչը չի արել եւ դրանով, հավանաբար, ավելի է խորացրել կալանավորվածների վրդովմունքը։ Նրանք աղմկել են, շորեր են այրել, ի նշան բողոքի, թակել են խցերի դռները, պահանջել, որ դրանք չբացեն։ Այսկերպ մարդիկ կարողացել են ստիպել հատուկ ջոկատայիններին հեռանալ ՔԿՀ տարածքից։ Իսկ վերջիններս նահանջել են՝ խուսափելով կալանավայրում անկառավարելի իրավիճակ հրահրելուց, ինչի համար պատասխան պետք է տային նախագահի առաջ։



Ինչպես հայտնի է, ՔԿՎ պետերը գտնվում են ՀՀ նախագահի անմիջական կուրացիայի տակ, եւ Սերժ Սարգսյանը նյարդայնանում է, երբ «հանցագործներն» աղմկում են, նախընտրում է նրանց մասին չլսել։ Ահա ինչու նա ՔԿՎ պետի պաշտոնում սովորաբար ընտրում է ուժային կերպարների եւ նրանց «ավտոնոմիա» է տալիս արդարադատության նախարարության ներսում՝ հույսով, որ նրանք «կզսպեն» այս կոնտինգենտին։ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանն էլ է փորձում տեղավորվել այս մտապատկերի մեջ, թեեւ դա նրան այնքան էլ չի հաջողվում։ Սակայն վերադառնանք «բունտին»։ Հատուկ ջոկատայինների հեռանալուց հետո լուր տարածվեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանին ժամանակավորապես պաշտոնանկ են արել՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման համար հարուցված քրգործի պատճառով։ Իսկ նրա փոխարեն ԺՊ է նշանակվել անվտանգության պետ Վարուժան Եղիազարյանը։ ՀՔԾ-ից հայտնում են, որ Ստեփանյանին այսօրվա դրությամբ մեղադրանք չի առաջադրվել։ Նա, ինչպես ՔԿՀ համակարգում շատերը, նախկին ոստիկան է, ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանի կադրերից, որին Արտյոմիչն իր հետ տարավ ՔԿՀ, երբ վարչության պետ էր աշխատում։ Նա նաեւ գեներալ Սեյրան Սարոյանի ազգականներից է։ Մեր տեղեկություններով, նա ցուցմունք տալուց հրաժարվել է։



Ռուբիկ Ստեփանյանը ՔԿՀ պետ է նշանակվել 2014-ին, եւ նրա օրոք համակարգում մի քանի անգամ ստուգումներ են եղել։ Նրա դեմ դժգոհությունը վաղուց էր կուտակվել, դեռեւս այն ժամանակ, երբ բերդի պատերի մոտ սպանվեցին Երրորդմասցի Լյովիկն ու նրա ընկերները։ Այն ժամանակ ծառայողական քննություն նշանակվեց, բայց Ստեփանյանը մնաց իր պաշտոնին։



ՀԳ․ Մեր տեղեկություններով, ազատազրկված անձանցից շատերը տարբեր կալանավայրերում դիմումներ են գրել՝ պահանջելով թույլ տալ իրենց մեկնել ԼՂՀ, մասնակցելու ռազմական գործողություններին։ Դիմում-ատուների թվում թե նախկին ազատամարտիկներ են, որոնք, ինչպես հայտնի է, ՔԿՀ-ներում շատ են, թե պատերազմից հեռու մարդիկ, որոնք գտնում են, որ այսկերպ իրենց կյանքն ավելի օգտակար կլինի թե իրենց, թե հայրենիքի համար։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ