Մեր կռվաններից, «զենքերից» չպետք է հրաժարվենք

Մեր կռվաններից, «զենքերից» չպետք է հրաժարվենք

Կառավարությունը երեկ քննարկեց Արցախի անկախությունը ճանաչելու օրինագիծը, որը ներկայացրել են Զարուհի Փոստանջյանը եւ Հրանտ Բագրատյանը։ «Ժառանգությունը» մի քանի անգամ այս նախագիծն օրակարգ է բերել, վերջին անգամ՝ 2014-ին, որը, սակայն, ՀՀԿ-ն տապալեց։ Զրուցեցինք Զարուհի Փոստանջյանի հետ։



- Արցախի ճանաչումն ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել, եւ ինչո՞ւ էր իշխող ՀՀԿ-ն նախկինում մերժում, կարծում եք, որ իրավիճակն այնքան է փոխվել, որ նախագիծը կընդունվի՞ խորհրդարանի կողմից։



- «Ժառանգություն» խմբակցությունը երբ 2007-ին առաջին անգամ մուտք գործեց խորհրդարան, խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հեղինակել էր այս նախագիծը, եւ առաջին նախագիծն էր, որ խմբակցության կողմից դրվեց շրջանառության մեջ։ Դեռ ճանաչված չէր Կոսովոն, եւ հենց այդ ժամանակ կարեւոր նշանակություն ուներ Արցախի ճանաչումը, որովհետեւ եթե մենք ճանաչում էինք, ապա ողջ հայության ուժն ուղղելու էինք այդ ուղղությամբ, որպեսզի այլ պետություններ եւս ճանաչեին Արցախի անկախությունը։



Եթե դու ունենում ես արդեն ներկայացված ճանաչված պետականության հայտ, տարածաշրջանում դառնում ես քաղաքական լուրջ գործոն, քեզ հետ խոսում են քաղաքական լուրջ գործոնի հետ, ոչ թե մի միավորի, որն ունի ինչ-որ մի խնդիր, որը կարող են քաղաքական տարբեր միավորներ քննարկել ու շահարկել՝ իրենց շահերից ելնելով։ Քաղաքական հայտ ներկայացնելու արդյունքում է, որ կանխվում են շատ ու շատ խնդիրներ, խնդիրներն առաջ չեն մղվում։



- Նախորդ քննարկումների ժամանակ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ասում էին, որ ճանաչումը կնշանակի հրաժարվել բանակցային գործընթացից, հող նախապատրաստել պատերազմի համար, հրաժարվել Մինսկի խմբից։ Հիմա ընդունում ենք, թե Մինսկի խումբն սպառե՞լ է իրեն։



- Այդ հիմնավորումները չէին համապատասխանում իրականությանը։ Մենք առանց ճանաչման էլ տեսանք ապրիլյան չորսօրյա պատերազմը, եւ ապագա լայնածավալ պատերազմի հավանականությունն է մեծ։ Եթե այդ տրամաբանությամբ լիներ, ապա 25 տարի առաջ պիտի վախենայինք հռչակել ՀՀ անկախությունը։ Եվ, ընդհանրապես, բոլոր ապագաղութացող պետություններն ու ժողովուրդները պետք է հրաժարվեին ճանաչում հասկացողությունից եւ հռչակումից։ Մենք պետք է հաշվի առնենք, որ մեր հարեւան Թուրքիան նույն 100 տարի առաջվա պետությունն է, չի փոխվել, Ադրբեջանը չի փոխվել, ինչպես 25 տարի առաջ էր, ԼՂՀ-ի նկատմամբ ագրեսիան շարունակում է։ Սրա մասին մենք պետք է խոսենք ու խոսենք ճանաչված Արցախի դիրքերից։ Մենք այլեւս այլընտրանք չունենք՝ եւ քաղաքական գործոն լինելու, եւ գործընկերներ ձեռք բերելու իմաստով։



- Ճանաչումը կնշանակի մերժել Մինսկի խմբին, սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։ ՀՀԿ-ականները պնդում են, որ խումբն իրեն չի սպառել։



- Ես չեմ գնահատելու՝ սպառել են, թե չեն սպառել, բայց միանշանակ է, որ այս պահի դադարը մեր պարտությունն է։ Մենք այս պահին ունենք գրավված բարձունքներ, բազմաթիվ զոհեր, կորուստներ։ 1994-ին կնքված զինադադարի պայմանագիրն Ադրբեջանի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ի չեղարկմանը, եւ այս համատեքստում է, որ պետք է լուրջ գնահատենք, թե ինչ տեղի ունեցավ։ 25 տարվա ամբողջ թեզերը, որոնք գոյություն են ունեցել մինչեւ ապրիլի 2-ը, բոլորը զրո են դարձել։ Ամեն ինչ պետք է սկսել զրոյից, իսկ առաջնային քայլը, որը նաեւ մեզ դիրքերում ուժեղ կդարձնի, Արցախի ճանաչումն է։



- Ճանաչմանն ի՞նչ է հետեւելու, ի՞նչ հետեւանքներ ենք ունենալու։



- Ճանաչումից հետո մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որպեսզի այլ պետություններ էլ ճանաչեն, հաջորդ քայլն իրավական համաձայնագրերի, պայմանագրերի ստորագրումն է, որոնք պետք է իրավական դաշտում արտացոլեն մեր փաստացի միասնությունը։



- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն ճանաչում Արցախը, եթե այն միայն դրական արդյունքներ է խոստանում։



- Կարծում եմ՝ նրանք կաշկանդված են, որովհետեւ ՀՀ-ում իրականում չի գործում սուվերեն իշխանություն, նշանակված իշխանությունը, իհարկե, պարտադրանքի ու հրամանի դեպքում է գործում, հիմնականում դա է պատճառը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 94-ին Բուդապեշտում մեմորանդում կնքվեց Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ զիջում տրվեց ՌԴ-ին՝ Ուկրաինայի ատոմային սպառազինությունը։



Կյանքը ցույց տվեց, որ նման երաշխիքներն ապագայում չեն գործում, եւ դրա համար եմ ասում, որ մենք մեր կռվաններից, «զենքերից» չպետք է հրաժարվենք, իսկ տվյալ պարագայում Հայաստանը պարտավոր է ուղղակի իր քաղաքական հայտը ներկայացնել միջազգային սուբյեկտներին, որ՝ այո, Արցախն ինքնիշխան, կայացած, անկախ պետականություն է, այս պետականությունը մենք ճանաչում ենք, եւ դուք պարտավոր եք խոսել Արցախի ինքնիշխան, կայացած պետականության հետ, այլ ոչ թե կանչեք ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին եւ հրադադար հաստատեք։ Չէ որ հարձակումն ու մարդկության դեմ հանցագործությունը տեղի էին ունեցել Արցախի ու նրա քաղաքացիների նկատմամբ։



- Արցախի ճանաչման մասին օրինագիծն անհանգստացրել է նաեւ Մոսկվային: Արտգործնախարար Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը չի քննարկում ԼՂ ճանաչումը, այլ ԱԺ 2 անդամ են առաջարկում:



- Ռուսաստանն այստեղ իր կոնկրետ շահն է հետապնդում, որը չի համընկնում հայ ժողովրդի շահի հետ, եթե այդպես լիներ, ապա Ռոգոզինի հայտարարությունը չէր լինի, եւ այն պարտավորությունները, որ ստանձնել է ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ, ի կատար կածվեին։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ 200 մլն. վարկի այդ «արտոնյալ» պայմաններն իրականությանը չեն համապատասխանում, չեն իրականանում, մեկնաբանություններ կան, որ այդ զենքի հարցը կարող է տեւել տարիներ։ Մենք խոցելի ենք դարձել հենց իրենց միջոցով, որովհետեւ ՌԴ-ն, ժամանակակից հարձակվողական սպառազինություն տրամադրելով Ադրբեջանին, մեզ մերկ է թողել իրենց առջեւ։



Շուրջ 100 տարի առաջ, երբ ռուսական կայսրությունն անկում էր ապրում, առաջինը Վրաստանն անկախ հռչակվեց Գերմանիայի աջակցությամբ, հետո Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ, փաստորեն, քեմալական ու բոլշեւիկյան գործարքի շնորհիվ դարձավ այս արհեստական միավորը, իսկ Հայաստանն սպասում էր։ Չնայած այն ժամանակվա մեր հանրապետության հիմնադիր հայրերը հայրենասեր մարդիկ էին՝ անկախ իրենց ձախողումներից, բայց այն ժամանակ երկմտում էին, որ շուտ է անկախությունը, ագրեսիա կլինի մեր նկատմամբ, մենք անպաշտպան ենք։ Բայց իրենք էլ հասկացան, որ՝ չէ, պետք է հայտարարել, ու հայտարարեցին, բայց Ռուսաստանը չճանաչեց մեր անկախությունը, փոխարենը դա արեցին արեւմտյան պետությունները։ Միշտ մեր հույսը Ռուսաստանի հետ է կապված եղել, բայց մենք պետք է անենք այդ քայլը, որ ունենանք մեզ օգնողներ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ