Երաշխիքների բացակայությունը… երաշխիք է

Երաշխիքների բացակայությունը… երաշխիք է

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասել է, որ Երեւանում վստահեցրել են, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միակողմանի որոշարկում չի լինի: Այսինքն՝ Հայաստանը չի ճանաչի ԼՂՀ անկախությունը: Լավրովի հարցազրույցը տարածվել է մայիսի 4-ին: Հաջորդ օրը Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծին:



Հայրենական մամուլը քննարկում է, թե որն է լինելու հաջորդ քայլը: Օրինագիծը կներառվի ԱԺ ընթացի՞կ, թե՞ գալիք՝ աշնանային նստաշրջանի օրակարգում: Եթե ներառվի, ի՞նչ լուծում կստանա: Ոմանք տպավորություն ունեն, որ Հայաստանը «ոչ թե պատրաստվում է ակտի, այլ գործիք է պատրաստում» (http://www.1in.am/1907662.html



«Գործիք պատրաստվել է», երբ Հայաստանը հայտարարել է, որ արցախահայության դեմ ագրեսիայի դեպքում կճանաչի ԼՂՀ անկախությունը: Ագրեսիան տեղի է ունեցել եւ չի դադարում: Փաստացի բոլոր երաշխիքները, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ-բանակցային ճանապարհով, չգործեցին: Ինչու՝ այլ հարց է:



Չկա երաշխիք, որ վաղը լայնածավալ պատերազմ չի սկսվելու: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կամ չեն կարողանում, կամ չեն ուզում զսպել Ադրբեջանի միլիտարիստական նկրտումները: «Լուծում պետք է գտնեն կողմերը»,- ասում են նրանք: Ըստ երեւույթին, չի բացառվում, որ դա կարող է լինել հենց ռազմական լուծում: Իրավիճակի միակ պատասխանատու մնացել է Ռուսաստանը, որը, ըստ ամենայնի, դիվանագիտական վերջին ջանքերն է գործադրում, բայց այդպես էլ չի որոշակիացնում, թե հանուն ինչի: Եթե դա ստատուս-քվոն եւս մեկ-երկու տասնամյակ երկարաձգելու ջանք է, ապա ի՞նչ իմաստ ունի:



Եթե Ռուսաստանն ունի 1994-95 թվերի պայմանավորվածությունները կյանքի կոչելու եւ այդպիսով տարածաշրջանում վերջնականապես հաստատվելու նպատակ, ապա ո՞րն է երաշխիքը, որ «11-րդ ազատարար բանակը» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մի քանի տասնամյակ չի պահի օդից կախված կամ Արցախը «չի թողնի Ադրբեջանի կազմում»:



Չկա նաեւ երաշխիք, որ Արեւմուտքը «տակից» չի տորպեդահարի ռուսական ծրագիրը:
Որքան էլ պարադոքսալ հնչի, այսօր որեւէ երաշխիքի բացակայությունը հենց հարցի հանգուցալուծման գլխավոր երաշխիքն է: ԼՂՀ ճանաչումը չպետք է դիտարկել որպես դիվանագիտական «գործիք»: ԼՂՀ ճանաչումը նպատակ է, միաժամանակ՝ գործիք, որը երաշխավորում է արցախահայության անվտանգությունը եւ ապահովում նրա ինքնորոշման անշրջելիությունը: ԼՂՀ ճանաչման օրինագծին կառավարության դրական եզրակացությունը սահման էր, որից Հայաստանը հնարավորինս հեռու էր մնում՝ ՄԽ համանախագահության ձեւաչափով բանակցություններով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ամրագրելու հեռանկարով: Ապրիլի 2-ին Ադրբեջանը չեղարկեց այդ հնարավորությունը:



Հարկ է իրավիճակը գնահատել սթափ. Ալիեւը չի վերադառնալու «մադրիդյան» կամ «կազանյան սկզբունքների» քննարկմանը: Ագրեսիայի նպատակներից մեկն էլ ԼՂ կարգավորման հայեցակարգի արժեզրկումն էր: Այդ խնդիրը լուծված է: Բայց դա երաշխիք է, որպեսզի Հայաստանը ֆորմալացնի ԼՂՀ-ի հետ հարաբերությունների ողջ համալիրը: Ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը ԼՂՀ ճանաչումն է: Դա հնարավորություն է բոլորի համար, որպեսզի իրավիճակը հաղթահարվի նվազագույն կորուստներով:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ