Պրոտոկոլների քաղաքականություն

Պրոտոկոլների քաղաքականություն

Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին, որն ստացել է կառավարության հավանությունը եւ ուղարկվել ԱԺ, պետք է մի փոքր այլ ստատուս տալ, քան ունեին հայ-թուրքական արձանագրությունները: Կարծում ենք՝ ճիշտ չէ նման օրինագիծ ուղարկել ԱԺ եւ այն նույն դարակում պահել տխրահռչակ արձանագրությունների հետ: Այլապես կստացվի, որ այն հաթաթա է, Ադրբեջանին վախեցնելու, միջնորդներին զգոն պահելու միջոց:



Սա այն օրինագիծն է, որը, եթե պետք է օրենքի ուժ ստանա, ապա դա պետք է տեղի ունենա պատգամավորների 100 տոկոս մեծամասնության հավանությամբ: Դեմ, ձեռնպահ, բացակայություն` այս դեպքում անընդունելի են:



Ժամանակին, երբ Ալիեւը խոսում էր խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին, բոլորը, չգիտես ինչու, համոզված էին, որ պատերազմի պատրաստվողը նախապես չի խոսում իր տրամադրության մասին: Դա, իհարկե, այդպես է, բայց մենք տեսանք նաեւ պատերազմ սկսող Ալիեւին եւ այլեւս չենք կարող վստահ ասել, որ հարցը ռազմական ճանապարհով լուծելու նրա հայտարարությունները հաթաթա են: Այսինքն՝ նրա խոսքի տակ բան կա, ինչի հետ, ուզես-չուզես, հաշվի պետք է նստես:



Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, որ Արցախի անկախությունը ճանաչելու մասին մեր հայտարարությունները չմնան որպես գեղեցիկ խոսքեր եւ, որ պակաս կարեւոր չէ, չվերածվեն հաթաթայի:



Ոմանք արդեն շտապել են հայտարարել, թե Ղարաբաղի ճանաչման այս գործընթացը դամոկլյան սուր է` կախված Ադրբեջանի գլխին: Այո, դա զենք է այսօր, դա Բաքվին եւ միջնորդներին ստիպում է նյարդայնանալ, բայց, ավաղ, շատ նման է հաթաթայի, որովհետեւ ի լուր աշխարհի հայտարարել ենք. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»: Ոզնուն էլ հասկանալի է, որ մեկ քայլ առաջ է, բայց նաեւ երկու քայլ հետ: Ի՞նչ է նշանակում` «հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ նաեւ արտաքին գործոնները»:



Ո՞ւմ է պետք այս բառակույտը, որի տողատակում հստակ կարդացվում է, որ Հայաստանն ընդամենը փորձում է վախեցնել եւ չի պատրաստվում որեւէ ինքնուրույն քայլ անել այս ուղղությամբ: Լավրովի, ապա Պեսկովի հայտարարությունները, կարծում ենք, լավագույնս ապացուցեցին, որ առնվազն Մոսկվան վստահ է, որ Հայաստանը միակողմանիորեն նման բան չի անի: Վստահաբար, նույնկերպ են արդեն մտածում Վաշինգտոնում եւ Փարիզում, ավաղ՝ նաեւ Բաքվում: Մինչդեռ կարելի էր ընդամենը մեկ տողով ասել, որ Հայաստանն առանց ձեւականությունների կճանաչի Արցախի անկախությունը` Ադրբեջանի հերթական ոտնձգության դեպքում:



Արցախի անկախության ճանաչումը ոչ մի դեպքում չի կարելի ներկայացնել որպես բանակցային գործընթացին հակընդդեմ քայլ: Այսինքն՝ այնպիսի տպավորություն չպետք է ստեղծվի, որ բանակցային գործընթացը տարվում է, որ հանկարծ Արցախը չճանաչվի, կամ Արցախը չենք ճանաչում, որ հանկարծ բանակցային գործընթացը չտապալվի: Ի վերջո քաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի վերջնական նպատակն Արցախի կարգավիճակի ճշտումն է, որին կհաջորդի նրա միջազգային ճանաչումը: Հետեւաբար, հենց այս տրամաբանության մեջ պետք է հնչեն մեր բոլոր հայտարարությունները: Որքան գիտենք, համանախագահները կիրառում են «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը:



Ահա եւ կարծում ենք, որ բանակցային գործընթացին մեծ վնաս տված չենք լինի, եթե հայտարարենք, որ Հայաստանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն, մինչեւ նրա կարգավիճակի վերջնական հստակեցումը եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչումը: Նախ` մեզ ոչ ոք չի կարող հանդիմանել այս քայլի համար, եւ ապա` ոչ ոք չէր կասկածի, որ Արցախի դեմ գնալու դեպքում մռութին մի ուրիշ տեսակ հարված կստանա ու ոչ թե քառօրյա, այլ քառաժամ պատերազմ էլ չի կարողանա վարել:



Մի առիթով գրել էինք, որ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը կարող է հանգիստ խղճով դուրս գալ բանակցություններից եւ սկսել Իլհամ Ալիեւին, որպես պատերազմի հանցագործի, միջազգային տրիբունալին հանձնելու գործընթացը: Թվում էր` ամեն ինչ հենց դրան էլ տանում էր, բայց վերջում Սերժ Սարգսյանը փոշմանեց եւ բանակցությունների վերականգնումը պայմանավորեց հրադադարի պահպանմամբ, ինչը լուրջ սխալ էր ՀՀ-ի կողմից: Մենք, փաստորեն, նորից Ալիեւի ձեռքն ենք տալիս բանակցությունների ճակատագիրը, թեեւ հրաշալի պահ ունեինք իրավական բնույթի ճնշումներով այնպիսի վիճակ ստեղծելու, որ Ալիեւը բանակցություններ խնդրեր:
Նույն կեսքայլն ենք արել նաեւ Արցախի անկախության ճանաչման օրինագծի հարցով: Ճանաչումը պայմանավորել ենք ինչ-ինչ զարգացումներով ու արտաքին գործոններով` չբացելով փակագծերը:



Այսպիսի մի իրավիճակ` ենթադրենք, Ադրբեջանը դուրս չի գալիս իր գրաված մի քանի դիրքերից: Արդյոք դա գործոն չէ՞ Արցախի անկախությունը ճանաչելու, թե՞ պատրաստ ենք Արցախի անկախությունը ճանաչել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն էլի դիրքեր գրավի: Եվ կամ, ենթադրենք, Ուորլիքն ասում է՝ Քելբաջարը տվեք: Տալո՞ւ ենք, թե՞ որպեսզի չտանք, ճանաչելու ենք Արցախի անկախությունը:



Մի խոսքով` շատ խառը փաստաթուղթ է, որը լուրջ փոփոխությունների պետք է ենթարկել ԱԺ-ում:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ