Սամվել Նիկոյանը՝ որդու ծառայելու և ԱՄՆ-ում գտնվելու մասին

Սամվել Նիկոյանը՝ որդու ծառայելու և ԱՄՆ-ում գտնվելու մասին

«Պատկերացրեք ազգով մի ծանր գործ ենք անում՝ գերան ենք տանում, և որևիցե մեկն իր ուսն այդ գերանի տակից վերցնում է, տեղափոխվում է արտասահման, դա միգուցե իր իրավունքն է, միգուցե դրա համար ինքն ունի պատճառներ, չգիտեմ, բայց այդ բեռը մնում է ուրիշների ուսին, Հայաստանում ապրող մարդիկ կրում են նաև այն բեռը, որն իրենց վրա պետք է կրեին այն հայերը, որոնք արտագաղթել են Հայաստանից».- կարծիք է հայտնում ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով այս օրերին Հայաստանից հեռացող մեր պոտենցիալ զինվորներին:



Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն էր անդրադարձել  հենց Սամվել Նիկոյանի որդուն՝ Վարդան Նիկոյանին. «Պարզվում է՝ այս օրերին, երբ ողջ հանրապետությունը շունչը պահած սահմանից ստացվող լուրերին է հետևում, Վարդան Նիկոյանը «թռել» Է ԱՄՆ։ Վերջինս 2014-ի դեկտեմբերին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծվելուց հետո նշանակվել էր այդ գերատեսչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ 33-ամյա ՀՀԿ-ականը, սակայն, այնքան ուսման ծարավ Է եղել, որ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, պաշտոնը թողել և մեկնել Է ԱՄՆ՝ Ֆլետչերի անվան դիվանագիտության դպրոցում ուսանելու։ Շատ հայրենասեր որոշում»,- գրել էր թերթը։



«Պետք է ասեք, որ նա ոչ թե ապրում է այնտեղ, այլ սովորում է այնտեղ: Եթե որևիցե տեղից ինֆորմացիա ունեք, պետք է ասեիք, որ նա սովորում է ԱՄՆ-ում, կվերադառնա երկու ամսից: Ավելին ասեմ, ինքը տոմս էր գնել Հայաստան վերադառնալու ամսի 5-ին, ինքը ցանկություն էր հայտնել: Իր ընկերները... արդեն այն լուրը, որ զինադադար է, այդ լուրից հետո է ինքը ձեռնպահ մնացել Հայաստան վերադառնալուց և տոմսը հետ է տվել».- ասաց Սամվել Նիկոյանը: Վերջինիս խոսքերով որդին բակալավրն ավարտելուց հետո արդեն կատարել է իր պարտքը հայրենիքի հանդեպ. «Իմ տղան էլ կվերադառնա երկու ամսից հետո ուսումը վերջացրած: Իմիջայլոց, եթե խոսքը վերաբերվում է ընդհանուր առմամբ իմ տղային, ասեմ, որ ինքը բակալավրից հետո համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո գնացել է և երկու տարի ծառայել է հայկական բանակում, ինքը միգուցե կարող էր և ցանկանում էր ուսումը շարունակել մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, ինչպես շատ երիտասարդներ: Իմ տղան ինքն էր որոշել, որ ոչ, նա բակալավրից հետո պետք է գնա բանակ, ծառայի, հետո վերադառնա և շարունակի ուսումը»: Ի դեպ, ՀՀԿ-ականը պահն օգտագործեց և «հաշիվները մաքրեց» մամուլի հետ, թե սուտ են այն տեղեկությունները, որ ինքը բանակում չի ծառայում: