Մեռած տողեր՝ կենդանության մասին

Մեռած տողեր՝ կենդանության մասին

Եթե երեկ մեր թերթի խմբագիրը չհորդորեր «կենդանի բան գրել», գուցե այսօր նույնպես ես դիմեի անցյալին: Մեր քաղաքի անցյալը պրպտեի եւ մի որեւէ ուշագրավ բան վեր հանեի՝ կարծելով, թե զարկ տված այս ոչ երեւելի, այնուհանդերձ ինչ-որ առումով կարեւոր գործը պիտանելիության հատիկ կունենա: Սակայն պիտի անկեղծ լինեմ՝ այս պահին նույնիսկ այդ պիտանելիությանը չեմ հավատում:



Չեմ տեսնում, թե որ տարածության մեջ են լցվում մեր հոդվածները, հրապարակումները, հետաքրքիր կամ անբովանդակ մտքերը, ով է ընթերցողը, արդյոք նա կարիք ունի՞ անցյալի կամ ներկայի պատկերահանության: Դրանից ի՞նչ է վերցնում: Ընթերցողը վերափոխություններ ապրո՞ւմ է, թե՞ ոչ: Ընթերցողը ո՞ղջ է, թե՞ մեռած: Ես, որպես ընթերցող, ո՞ղջ եմ, թե՞ մեռած:



Այս հարցադրումների մեջ հռետորաբանության, տրամախոհության եւ հուսահատության երանգներ բացարձակ չեմ տեսնում: Հստակ հարցականներ են, որոնց պատասխաններ չունեմ: Ով որ ունի՝ պատրաստ եմ համակ ուշադրությամբ լսել նրան, բայց մի պայմանով, եթե այդ խոսքը բխի միայն իրատեսության դիրքերից: Վերջին ամիսներին առավելապես տպավորություն ունեմ, որ մահվան շրջանակը գնալով ընդլայնվում է, նոր տարածքներ վերցնում: Ավելի շուտ՝ ոչ թե մահվան շրջանակը, այլեւ մահվան մշակույթը՝ մահվան գաղափարախոսության մեջ ապրելու, այդ գաղափարախոսության քարոզչությունն անվերջ-անդադար լսելու, այն կրելու կենցաղավարությունը:



Վախճանաբանության պարույրի մեջ կենդանի մնալը կարծես անամոթություն է կամ պատրանք՝ երբ մեռած ես, բայց քեզ կենդանի ես երեւակայում: Լավ, երեւակայենք, որ իսկապես ողջության մեջ ենք, որ ապրելու ենք եւ արարելու, որ, իհարկե, հնարավոր է մի քանի ժամից մեծ պատերազմ բռնկվի, եւ բոլորս մեկնենք ռազմաճակատ, որտեղից գուցե քչերը վերադառնան, քչերը կարողանան շարունակել իրենց միակ կյանքը, կյանքի տարբեր կողմերում դրսեւորել բնության կողմից տրված շնորհները՝ ապրել ու ապրեցնել: Բայց նրանք, ովքեր ապրելու են, արդյոք նրանց կյանքն արդարացո՞ւմն է բոլոր մահերի:



Ապրողները կարո՞ղ են իրենք իրենց ներել, որ ապրում են, որ մյուսներն այլեւ չկան ու երբեք էլ չեն լինելու: «Նրանք ընկան, որ դուք ապրեք»: Հնարավո՞ր է ապրել գիտակցումով, որ քեզ համար ընկել են, ինչի՞ է նման այդ կյանքը: Այդպիսի կյանքը գոյության իրավունք ունի՞, թե՞ ոչ, եւ ինչի՞ն ուղղված պիտի լինի այդ կյանքի ջանքը: Շուրջ քսան տարի է՝ մենք ականատեսն ենք, նաեւ մասնակիցը մի եռուն աշխատանքի, որի արդյունքը մահն է: Այս տարիների ընթացքում մեր իշխանությունները մեզ սովորեցրին մեռնել, այլ ոչ թե ապրել: Մեզ համար բնավ նորություն չէր Սերժ Սարգսյանի «պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի» դարձվածքը:



Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ դա գիտի: Իսկ այս երկարուձիգ տարիների ընթացքում ի՞նչ ակնառու քայլ ձեռնարկվեց, որ պատերազմ չլինի, որ կասեցվի մահը: Պատերազմը կյանքի իմաստ դարձնել՝ նշանակում է խոնարհվել ու փառաբանել մահվան փիլիսոփայությանը, ընդունել այն գրկաբաց: Եվ այստեղ կենդանությունն (կյանքի նշանը) այլեւս անելու բան չունի: «Խաղաղությունը պատերազմով է ձեռք բերվում»... Սրան երբեք չեմ հավատա: Պատերազմը պատերազմ է նախապատրաստում: Պատերազմի զավակը պատերազմն է: Եվ կյանքի շարունակության համար մենք ոչինչ չենք արել:



Արամ ՊԱՉՅԱՆ