Հայաստանի եվ Ադրբեջանի ընտրական օրենսգիրքը նույն մա՞րդն է գրել

Հայաստանի եվ Ադրբեջանի ընտրական օրենսգիրքը նույն մա՞րդն է գրել

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը 3 մասնագիտություն ունի՝ ինժեներ, իրավաբան, հոգեբան-մանկավարժ: Նա 3 մասնագիտությունների գծով ստացած հմտություններն էլ կիրառել է Ընտրական օրենսգիրքը գրելու եւ այն ՀԿ-ների եւ ոչ իշխանական ուժերի հետ քննարկելու ժամանակ։ Դատելով մասնակիցների կարծիքներից՝ այդ քննարկումները «զիլ» են անցել։ «4+4+4» ֆորմատի մասնակից, «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանին խնդրեցինք իր տպավորություններով կիսվել օրենսգրքի քննարկումներից։



Նա մի դրվագ պատմեց․ «Հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, համոզելով, որ ինքը լավ օրենսգիրք է գրել, հիշեցնում էր, որ ինքը ինժեներ է, ու բացատրում էր, որ երբ օրենքի տեքստն իրավաբան է գրում, նա հույս է ունենում, որ այն կաշխատի, իսկ ինժեների առավելությունն այն է, որ սկսում է մտածել, թե ինչպես կաշխատի։ Այսինքն՝ իր պատկերացրած իրավաբաններն անմեղսունակ են, ցնդած պոետներ են, գրում են, բրնձում են, ինչին ինքը, բնականաբար, չի մասնակցում։ Սրանից կարելի է ենթադրել, որ բոլոր օրենքները, որոնց ինժեներ չի մասնակցել, այդպիսի բրնձոցի են, ուղղակի բարի նպատակներ են՝ այն հույսով, որ կաշխատեն։ Ինձ թվում է՝ բոլոր նախագծերի մասով, որոնք մտնում են ԱԺ, պետք է հարց բարձրացնել իշխանության առաջ․ լսեք, իսկ սրա վրա ինժեներ աշխատե՞լ է։ Այստեղ հարց է առաջանում, իսկ ՀՀ նոր սահմանադրության վրա ինժեներ աշխատե՞լ է»։ Եգորյանի այս հարցադրումից հետո դժվար էր լրջանալ, բայց փորձեցինք։



- ՀԿ-ների հաշվետվության մեջ գրել եք, որ բարձրացված խնդիրների այլ լուծումներ են առաջարկվել, եւ Ձեզ սա չի բավարարել։ Ի՞նչ լուծումներ են։



- Օրինակ, իրենք պատրաստ են տրամադրել էլեկտրոնային սարքի կողմից գրանցված բոլոր ընտրողների ցուցակների հերթական համարները, որոնք որ հնարավոր է անհատականացնել, բայց չեն համաձայնում այդ նույն համարները թղթային ցուցակից տրամադրել։ Մինչդեռ խնդիրը հենց թղթային ցուցակն է։ Սա նշանակում է, որ իշխանությունն այդ էլեկտրոնային համակարգը մանիպուլացնելու հույս ունի։ Որովհետեւ դա նույն ինֆորմացիան է, եթե, իհարկե, չի կեղծվում։ Ուղղակի մեկը՝ էլեկտրոնային, մյուսը՝ թղթային տարբերակով։



- Ինչո՞ւ են համաձայն տալ էլեկտրոնային տարբերակը, բայց ոչ թղթայինը։



- Իրենց արհեստական տեսությունների շրջանակներում ասում են, որ թղթային ցուցակը պաշտոնական փաստաթուղթ է, իսկ սա ոչ պաշտոնական կլինի, մեզ չեն կարող պաշտոնականը տալ։



- Տարբեր պահանջներ են առաջ քաշվել քննարկումների ընթացքում, որոնք չեն ընդունվել։ Ամենակարեւորը Ձեզ համար ո՞րն է։



- Պահանջների առանցքը 2-ն էր՝ համամասնական բաց ցուցակների խնդիրը եւ ՀՀ-ից բացակայողների հետ կապված մանիպուլյացիաների, այլոց փոխարեն քվեարկություններ կազմակերպելու սահմանափակումը։ Ամենառեալ, նվազ ծախսատար, պարզ եւ հասկանալի, նաեւ հետագայում ընտրական գործընթացում ապացույցի ուժ ունեցող լուծումն ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումն է։ Սա, իհարկե, 100 տոկոսով չի լուծելու ընտրությունների նկատմամբ վստահության հարցը, որովհետեւ մենք ունենք նաեւ ընտրակեղծիքների այլ տեսակներ, բայց ամենաէական խնդիրը, որն անվստահության հիմքում է, դա այլոց փոխարեն քվեարկություններն են։ Սրա նկատմամբ վերահսկողություն սահմանելը միակ հնարավորությունն է համակարգը առողջացնելու։



- Հրայր Թովմասյանը եւ կամպանիան առարկում են՝ ասելով, որ ցուցակների հրապարակումն ընդունված չէ։



- Դա Հրայր Թովմասյանի ոճի մեջ է, նաեւ, երեւի, Դավիթ Հարությունյանի։ Մենք «4+4․․․»-ի ժամանակ ներկայացրինք, թե որ երկրներում են հրապարակվում ցուցակները։ Կան մի քանի երկրներ, որտեղ չեն հրապարակվում, բայց այլ պատճառաբանությամբ, ոչ թե՝ որովհետեւ դա քվեարկության գաղտնիության խախտում է։ Օրինակ, Գերմանիայում չեն հրապարակվում, որովհետեւ դա դիտարկվում է որպես անձնական տվյալների պաշտպանության տիրույթում գտնվող հարց։ Բայց Գերմանիան բացառություն է։ ԵԽ անդամ 47 երկրներից մեծ մասում բաց է հրապարակման հնարավորությունը։ Մի տեղ՝ ըստ պահանջի, մի տեղ պետությունն է հրապարակում, իսկ որոշ երկրներում պարտադիր է հրապարակումը, եւ, ավելին՝ քվեարկությանը չմասնակցությունն առաջացնում է պատասխանատվություն։



Օրինակ՝ Բելգիայում։ Զեկույց է ուղարկվում դատախազին, որպեսզի նա տրիբունալի առաջ կանգնեցնի նրանց, ովքեր անհարգելի պատճառներով բացակայել են ընտրություններից։ Միայն 2 պետություններ կան՝ ԵԽ անդամ, որոնք, Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը հիմք ընդունելով, սահմանափակել են իրենց օրենսդրությամբ ցուցակների հրապարակումը։ Առաջինը եղել է Ադրբեջանը, երկրորդը՝ մեկ ամսվա տարբերությամբ, Հայաստանը։ Սահմանափակման տեքստը լրիվ նույնական է։ Տպավորություն է, որ նույն մարդն է գրել։ Հարց է առաջանում. ո՞նց է եղել, որ ժողովրդավարությունն իրավունքի միջոցով կառուցելու մեր պատկերացումները համընկնում են Ադրբեջանի պատկերացումների հետ։ Սրա վրա եւ Դավիթ Հարությունյանը, եւ Հրայր Թովմասյանը պետք է լրջորեն մտածեն։



- Հիմա կարո՞ղ է նրանք հրաժարական տան, որ իրենց անունն Ադրբեջանի կողքին հիշատակեն։



- ԵԽ անդամ բոլոր պետությունները, որոնք իրենց ընտրական օրենսդրությամբ չեն սահմանափակել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը, երբեք չեն դիմել Վենետիկի հանձնաժողովին, այնպիսի նուրբ օրենսգրքի հարցում, ինչպիսին է ընտրականը։ Որովհետեւ սա սուվերեն պետության արժանապատվության հարց է։ Ընտրական օրենսդրությունը քաղաքական եւ ժողովրդավարության մշակույթի, ինտիմ հարց է պետության համար։



Օրինակ, Ալբանիան երբեք այդ հարցում չի դիմել Վենետիկի հանձնաժողովին, բայց Հայաստանն ու Ադրբեջանը, անհասկանալիորեն, դիմել են ու կիրառել են։ Ու սրա հետ մեկտեղ, հանձնաժողովի ավելի էական կարծիքները, որոնք նույն իրավաբանական ուժն ունեն, չեն կիրառում։ Օրինակ, որ բողոքարկման ժամկետները պետք է լինեն 3-5 օր, որ բողոք ներկայացնելու սուբյեկտների ցանկը պետք է լինի ավելի ընդարձակ, որ ամեն քաղաքացի պետք է իրավունք ունենա ընտրության արդյունքների վերաբերյալ բողոք ներկայացնել։



- Հետաքրքիր է՝ ի՞նչ հիմնավորմամբ չփոխեցին բողոքարկման ժամկետը՝ մեկ օր։



- Մեկ օր էլ չի անում՝ 6 ժամ։ Ջայլամի հիմնավորմամբ։ Դավիթ Հարությունյանն այդ չակերտավոր քննարկման ժամանակ ասում էր, որ ինքը չի պատասխանի, կամ ուղղակի լռում էր։ Դրա հետ մեկտեղ, մտցրել են քրեական պատասխանատվության հետ կապված փոփոխություններ։ Օրինակ՝ սահմանել են, որ անձը, որը հափշտակել է ընտրական փաստաթղթերը, ենթակա է պատասխանատվության միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ նա ունեցել է քվեարկության արդյունքները կեղծելու նպատակ, իսկ եթե այդ նպատակը չապացուցվի, ապա քվեատուփը կամ ընտրողների ցուցակները հափշտակելը չի դիտարկվի որպես քրեորեն հետապնդելի արարք։



Այս պահի դրությամբ 36 անձինք, որոնք ենթարկվել են գոնե տուգանքի, մյուս ընտրություններում, եթե նույն իրավիճակը լինի, եւ նախաքննության մարմինը գրի, որ չապացուցվեց, որ նպատակը կեղծելն է, չեն ենթարկվի պատասխանատվության։



- Այսինքն՝ ուրիշ ի՞նչ նպատակ կարող է լինել։ Առեւանգել է քվեատուփը, որովհետեւ զգեստի գույնի՞ն էր։



- Այդ նպատակները դատախազությունը կգտնի։ Սրա նպատակն ընտրակեղծարարներին լրացուցիչ երաշխիքներով օժտելն է, նրանց պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է, նաեւ դատարանների եւ նախաքննության մարմիններին այդ ընտրակեղծարարության բեռից ազատելն է, որ մի ընտրակեղծարարով ամեն ինչ ավարտվի, եւ համակարգը չփչանա։



- Ի՞նչ եք կարծում, իշխանությունը հասկանո՞ւմ է, որ վտանգավոր է քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի պայմաններում ԸՕ-ի հարցում ոչ մի զիջման չգնալը։



- Այս ամենը մեծ վտանգ է ազգային անվտանգության համար։ Որովհետեւ եթե դու ընտրություններն անընդհատ կեղծում ես իշխանության պահպանության համար եւ հանրությանը մեկուսացնում ես իշխանության ձեւավորման գործընթացից, ապա ստեղծվում է ազգային անվտանգության լուրջ խնդիր, որը չի ընկալվում։ Ավելի շուտ՝ առկա է խաղամոլի բնազդ։ Կոնսոլիդացիան դիտարկվում է ընդամենը որպես պրոբլեմ, որը պետք է մի կենցաղային խորամանկությամբ հաղթահարեն ու անցնեն առաջ։



- Ի՞նչ ընդհանուր տպավորություն ստացաք ԸՕ քննարկումներից։



- Տպավորությունն այնպիսին է, որ մենք աճպարարության ենք եկել։ Շատ լուրջ հարց ենք դնում, մեզ տեղում Դավիթ Հարությունյանը փորձում է հնարամտությանը զոռ տալով ասել՝ էդ մեկը չեմ ընդունում, բայց կուզե՞ք ձեզ էլեկտրոնային համակարգի թվերը տամ։ Սա գլխարկից ճագար հանելու նման մի բան է։ Ասում է՝ այ, տեսեք, «կռոլիկ» է այս մեկը։ Մենք ասում ենք՝ ընկեր, շատ ծանր դրության մեջ եք։ Ասում է՝ վայ, տեսեք, ծիտիկ դուրս եկավ։



Կուզե՞ք այս ծիտիկին։ Ասում ենք՝ դիր այդ ծիտիկին տեղը եւ նստիր, այս հարցին լուրջ նայիր։ Մեկ էլ կողքից Հրայր Թովմասյանն ինչ-որ մուկիկ է հանում։ Իսկապես, այդ տպավորությունն է։ Լրջություն չկա։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ