Հարգելի ահաբեկիչներ, добро пожаловать в Гюмри (տեսանյութ)

Հարգելի ահաբեկիչներ, добро пожаловать в Гюмри (տեսանյութ)

Քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ գյումրեցիներն ուրախ են ապրում։ Նրա հրապարակային ելույթներն առատ նյութ են տալիս զվարճանալու պատրաստ գյումրեցիներին։ Քաղաքապետ դառնալու հենց առաջին տարին նա բոլորին հաճելիորեն զարմացրեց նրանով, որ Ամանորին նախորդող ավագանու նիստում խոստացավ «ամենալավ ձեւի զարդարել հրապարակը», «որ մենք ցույց տանք, թե Խչոն էլ խենչալ ունի, թեկուզ քիթը քոռ»։ Այդ ժամանակ Բալասանյանը նոր էր յուրացնում Գյումրվա բարբառի նյուանսները եւ «խանչալ» բառը սխալ արտաբերեց։



Նա «ընկույզի այգի» անվանեց Գյումրու հայտնի վայրերից մեկը՝ Ընկուզենիների այգին։ Հրապարակի շատրվանների բացումից հետո ժողովուրդն ասաց. «Ֆանտանները լավ չեն պարում», կասկածելով, թե քաղաքապետը փող է լվացել, իսկ Բալասանյանը պատասխանեց հարցով․ «Հո շալախո պտի չպարե՞ն»։ Երբ աղբամանների համար տեղեր էր սարքել, այնքան գոհ էր իր նախաձեռնությունից, որ ասել էր. «Էնքան լավն են, որ տուրիստները դրանց կողքը գալիս, հատուկ նկարվում են»։ Մինչդեռ տուրիստները աղբամանները քանդող սովածներին էին նկարում։ Երբ կաթողիկոսն այցելել էր Գյումրի, լեզուն «սայթաքեց» եւ Գարեգին Բ-ին դիմելով՝ ասաց «սրբազան», իսկ  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին էլ ասաց «Վեհափառ»։ Բայց ամենամեծ «բոցը» մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին «պարոն Պողոսյան»-ով դիմելն էր։



Հիմա մարդիկ իրար հարցնում են․ «Հռոմի պապն է գալու, տեսնենք էլ ի՞նչ թազա դիմելու ձեւ կհորինի»։ Երկու տարի առաջ, երբ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոն դարձավ, Բալասանյանը Գյումրիում՝ նրա վերադարձի կապակցությամբ, ճոխ ընդունելություն էր կազմակերպել, դպրոցի անվանակոչում արեց։ Արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ ԲՀԿ այն ժամանակվա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նա հարցրեց վերջինիս․ «Հիմա սպիտակ ա՞րջ դնենք դպրոցի անունը, թե՞ Ալեքսանյանի անունով»։ Ծառուկյանն այնքան ապշած էր, որ չպատասխանեց։ Նույն ապշահարությունը պատեց «Վերածնունդ» երաժշտական փառատոնի հյուրերին։



Ապրիլի 15-ին, Վ. Աճեմյանի անվան թատրոնում փառատոնի բացմանը, Սամվել Բալասանյանն այսպես սկսեց իր բացման խոսքը․ «Հարգելի հյուրեր, добро пожаловать в Гюмри։ Welcome to Gyumri», ապա շարունակեց, դիմելով հյուրերին. «Հարգելի ահաբեկիչներ, հարգելի ընկերներ, լսեք արվեստը, սովորեք, եւ պետք չէ թշնամիներ ունենալ այնպիսի, որ մենք ունենք»։ «Գուզե ասել՝ ինքը չի վախենում ահաբեկիչներից»,- քաղաքապետի հումորը թարգմանում էին Գյումրիում։ Որոշ հեռուստաընկերություններ մոնտաժեցին Բալասանյանի անհաջող հումորը, իսկ «Շիրակ» հեռուստաընկերությունն էլ հանեց «հարգելի» բառը, «ահաբեկիչներին» ձեռք չտալով։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ