Նալբանդյանը` Արցախի ճանաչման մասին

Նալբանդյանը` Արցախի ճանաչման մասին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Արցախի ճանաչման հարցին: Նա ասաց, որ երկու պատգամավորների ներկայացրած նախագծին ի պատասխան, իրենց տված ձևակերպման մեջ ասված էր, որ ԼՂՀ ճանաչումը կախված կլինի ՀՀ և ԼՂՀ միջև բանակցություններից, նաեւ՝ միջազգային հարթակում տեղի ունեցող զարգացումներից:



«Պետք է նկատի ունենանք, որ դրանք բավական նուրբ հարցեր են, և  ինչ-որ քայլերով չէ, որ պիտի առաջնորդվենք»․ ասաց նա` նշելով, որ վախի հարց չկա այստեղ և իրենք ոչ մի բանից էլ չեն վախենում: Նա նաև նշեց, որ միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը, և մեր դիրքորոշումն էլ համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը:



«Դրա մասին էին խոսում հինգ հայտարարությունները եռանախագահող երկրների նախագահների, և դուք գիտեք, որ Ադրբեջանը մինչ այսօր խուսափում է որևէ հղում կատարելու այդ հինգ հայտարարություններին, որոնք միջազգային հանրության դիրքորոշումն են՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ»․ ասաց նա` հիշեցնելով, որ թե ԱՄՆ-ից, թե Ֆրանսիայից և թե Ռուսաստանից հնչեց, որ բանակցությունների գլխավոր հարցը նաև Արցախի ինքնորոշման հարցն է:



Այն դիտարկմանը, թե Ռուսաստանի ճնշման ներքո ԼՂՀ ճանաչման հարցը չհաստատվեց, Նալբանդյանն այսպես արձագանքեց. «Դա դատարկ խոսակցություն է»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ