Եկան և՛ լռեցին, և՛ խոսեցին, և՛ ոչինչ չասացին. Մայիսի 9-ը՝ Հաղթանակի այգում (ֆոտոշարք)

Եկան և՛ լռեցին, և՛ խոսեցին, և՛ ոչինչ չասացին. Մայիսի 9-ը՝ Հաղթանակի այգում (ֆոտոշարք)

Հաղթանակի այգին այս տարվա Մայիսի 9-ին այդքան մարդաշատ չէր, որքան անցյալ տարիներին։ Առհասարակ, գնալով մարում է այն էնտուզիազմը, այն հաղթական կիրքը, որ բոցավառվում է այս եռատոնին։ Ամեն ինչ կարծես սովորականի պես էր, դեռ մի բան էլ սառած ու անհետաքրքիր։ Միակ ջերմացնողը մայիսյան արևն էր։ Տարեցտարի քչանում են նաև Հայրենական մեծ պատերազմի՝ հատուկենտ մնացած վետերանները։ Այս տարի էլ, նախորդ տարիների նման, ֆրոնտ տեսած մեր վետերաններն արձանագրեցին, որ ոչ մի դրական տեղաշարժ չկա պետությունից իրենց հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի հարցում։ Էլի նույն համեստ թոշակն ու հազարից մեկ տրվող մի երկու կոպեկ պարգևավճարներն են։ Հիմնականում ամեն ինչ խոսքերի ու պաշտոնական հաղորդագրությունների տեսքով է։ Մի քանի տարի անց այս վետերաններն էլ չեն լինի, և հայրենի կառավարությունը այդ մի դարդից էլ իրեն կազատագրի։ Բայց քանի դեռ նրանք կան, մեր բարձրաստիճան այրերը ստիպված են ամեն տարի այս օրը գալ Հաղթանակի այգի: Թիկնապահներով շրջապատված, պաթետիկ դեմքով նրանք պարտադրված են մտնել վետերանների համար բացված վրանները, ճաշել նրանց հետ, նրանց կենացը խմել ու լրագրողներից մի կերպ ճողոպրելով՝ հեռանալ։



Այս անգամ բարձրաստիճան պետական ապարատից Հաղթանակի այգի էր այցելել երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ Սերժ Սարգսյանը։ Ամեն տարի վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր այստեղ լինում, բայց այս տարի տեղերով փոխվեցին՝ վարչապետը մի քանի նախարարների հետ գնաց Արցախ, նախագահը եկավ Հաղթանակի այգի։ Անվտանգության աշխատակիցները մի քանի մետր շառավղով ուղղակի կաթվածահար էին արել անցուդարձը այդ տարածքում, չէին թողնում լրագրողներին ազատ աշխատել։ Մենք սկսեցինք ազատ շունչ քաշել, երբ Սերժ Սարգսյանը վրանների հետևից աննկատ մոտեցավ ծառերի խորքում թաքնված իր մեքենային ու հեռացավ։ Իհարկե, մենք հույս չունեինք, որ նա կխոսեր, չէինք էլ սպասում նրա խոսքին, հետևաբար՝ թողեցինք, որ անկաշկանդ հեռանա, որպեսզի հանկարծ անհարմարություն չպատճառենք նրան մեր հարցերով։ Հետո նա անպայման մի եվրոպացի «էլիտար» լրագրող կգտնի, կպատասխանի «մեզ հուզող» բոլոր հարցերին: 



Սարգսյանի գնալուց հետո լրագրողների հետ մի քանի բառ փոխանակեցին նախարարներ Սեյրան Օհանյանը, Էդվարդ Նալբանդյանը։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոչինչ չասաց, ինչ-որ բան փորձեց ասել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, բայց նրա մոտ դա այդքան էլ լավ չստացվեց։ Ամենաերկար խոսեց ՊԵԿ-ից զրկված ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ կրկին հիշեց, որ «այսօր այդ օրը չէ», հետո հայտնեց իր ավանդական շնորհակալությունն ու խնդրեց մեզ ճանապարհ տալ, որ հեռանա։ «Դուք արդեն խցանում եք ստեղծում»,- եղավ նրա պատասխանը։ Առհասարակ, մենք՝ այնտեղ աշխատող լրագրողներս, չգիտես ինչու, ամեն քայլափոխի «խանգարում էինք» ինչ-որ մեկին, խցանում էինք ստեղծում, խոչընդոտում էինք։ Այդ ինչ-որ մեկը հիմնականում նախագահի անվտանգությունն ապահովողներն էին լինում, քանզի դա զգացվում էր նրանց քիթ ու մռութ դեմքերից ու անվերջ «չի կարելիներից»։



Կեսօրին զբոսայգի ժամանեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրան ուղեկցում էին ՀԱԿ անդամ իր կուսակիցները՝ Զուրաբյան, Դեմիրճյան, Ջհանգիրյան և այլք, նաև իր թոռնուհին։ Տեր-Պետրոսյանն էլ, անցած տարիների նման, լուռ ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ ու հեռացավ՝ կրկին չպատասխանելով որևէ հարցի։
Այստեղ էր նաև «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ՌԱԿ անդամ, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և այլ գործիչներ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ