Քաղաքագետը՝ առաջնագծից․ հակառուսական տրամադրությունները Ղարաբաղում գագաթնակետի են հասել

Քաղաքագետը՝ առաջնագծից․ հակառուսական տրամադրությունները Ղարաբաղում գագաթնակետի են հասել

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ոչ թե իր օֆիսում նստած է վերլուծություններ անում, ինչպես այս օրերին մեր վերլուծաբաններից շատերը, այլ առաջնագծում դիրքավորված։ Նա տասն օր է` սահմանին է, և չգիտի, թե ինչ տրամադրություն է տիրում բնակավայրերում։ Բայց «պոստերում» նույն մարտական տրամադրությունն է, նույն իրավիճակը։



—Երևանում այս օրերին խուճապային տրամադրություններ էին, մարդիկ տագնապում էին, որ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման օրը, կարող է պատերազմ սկսվել։ Ի՞նչ վիճակ է այդտեղ։
Ճիշտն ասած․ Ղարաբաղում ևս այդպիսի մտահոգություններ կային, ամեն դեպքում պաշտպանության բանակը պատրաստ է ամեն պահին հետ մղել յուրաքանչյուր գործողություն մեր սահմանին, և կապ չունի, մայիսի 9-ն է, թե մայիսի 20-ին, թե դեկտեմբերին։



-Ղարաբաղից և հատկապես առաջնագծից ի՞նչ տեսք ունեն ԼՂՀ կարգավորման շուրջ վերջին հայտարարություններն ու առաջարկները։ Ո՞րն է ընդունելի։
Ղարաբաղում մեկ դիրքորոշում կա, որի շուրջ բոլոր քաղաքական ուժերը համաձայն են, և այլ դիրքորոշում չի կարող լինել։ Հիմնական սկզբունքը ոչ մի թիզ հողն է և օտարերկրյա խաղաղապահ ուժերի բացառումը տարածաշրջանում, հակամարտության գոտում։ Մենք գտնում ենք, որ լավագույն խաղարարները հայոց զինուժն է՝ ի դեմս ԼՂՀ պաշտպանության բանակի։



-Ժամանակին Ղարաբաղում մեծ վստահություն կար Ռուսաստանի և Պուտինի հանդեպ, հիմա, կարծես թե, այդ վստահությունը կորել է։ Ճի՞շտ եմ նկատել։
Ղարաբաղի ռուսապաշտության մասին լեգենդը չգիտեմ ում կողմից է հորինված։ Ղարաբաղում կան մարդիկ, ովքեր իրենց աչքերով են տեսել «Կոլցո» օպերացիան, կամ ականատես են եղել, թե ինչպես են հայաթափվում Շահումյանի շրջանի և Հյուսիսային Արցախի գյուղերը։ Հակառուսական սենտիմենտը միշտ էլ գոյություն ունեցել է Ղարաբաղում։ Բայց քառօրյա պատերազմից սկսած հակառուսական տրամադրություններն այստեղ հասել են աննախադեպ մաշտաբների, և նույնիսկ նրանք, ում համար մինչև պատերազմը Ռուսաստանը Հայաստանի պես մի հայրենիք էր, ավելի «հակառուսական» են դարձել, քանի որ նրանք կարծում էին, որ Ռուսաստանն իրենց եղբայրն ու դաշնակիցն է, և այս էմոցիոնալ ֆոնի վրա, Ռուսաստանի ուխտադրույժ քայլերը ստիպել են նրանց լիովին վերանայել իրենց աշխարհայացքը։



- Ուխտադրույժ քայլեր ասելով, նկատի ունեք ի՞նչը։ Զենքի վաճա՞ռքը, խաղարարաների տեղակայման և այլ ծրագրե՞րը։
- Այո, զենքի միլիարդների զենքի վաճառքը, առաջին հերթին։ Մի քանի տարի առաջ այդ նույն մարդիկ, նույնիսկ Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ նշում էին, որ այդ զենքը չի կրակի, որ դա բիզնես է։ Սակայն երբ քառօրյա պատերազմի ընթացքում այդ զենքից խաղաղ բնակիչներ զոհվեցին և 18-ամյա զինվորներ, տեսակետները փոխվեցին։ գոյություն ունեն նաև ոչ բացահայտ մոտիվներ։ Շատերի համար պարզ է, որ պատերազմը ռուս-ադրբեջանական համագործակցության արդյունք է, որի նպատակը մի քանի օրվա ընթացքում Արցախում լուրջ հաջողությունների հասնելն էր, և դրա փոխարեն Ռուսաստանը պետք է փրկչի կերպարով մտներ հակամարտության գոտի և տեղակայեր իր խաղաղապահ ուժերը; Այսօր շատերն են սա գիտակցում, և կարելի է ասել, որ հակառուսական տրամադրությունները գագաթակետին են հասել։



Սյուզան Սիմոնյան