Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվել են տոնական միջոցառումներ

Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվել են տոնական միջոցառումներ

Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքն անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացված տոնական միջոցառումներին: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ ներկաները հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:



Միջոցառման մասնակիցները «Հաղթանակ» զբոսայգում դիտել են ՀՀ զինված ուժերի պատվո պահակախմբի, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների և Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հանդիսավոր քայլերթը:



Հանրապետության Նախագահն ու պետական բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել վետերաններին հետ` նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: