Պետք է անհերքելի փաստերով ցույց տալ, որ խախտվել է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Պետք է անհերքելի փաստերով ցույց տալ, որ խախտվել է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Հարցազրույց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ



- Պարոն Դանիելյան, օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հոդվածով՝ Ղարաբաղի կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաեւ Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման մի այլ կռվան:



Խոսքը, ըստ առաջին նախագահի, միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինի մասին է, որի էությունը հետեւյալն է․ «Երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնոտերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից»։ Դուք ի՞նչ կարծիքի եք այս դոկտրինի վերաբերյալ: Հնարավո՞ր է դրա կիրառմամբ Արցախի կարգավորման գործընթացում հաջողության հասնել:



- Արցախի կարգավիճակի հարցադրումն ունի իրավաքաղաքական ասպեկտներ, ուստի այս դեպքում չեմ կարող սահմանափակվել զուտ իրավական բնույթի դիրքորոշումներով: Հընթացս նկատեմ, որ չափազանց տարողունակ խնդիր է, եւ հարկադրված եմ լինելու առանձնացնել միայն սկզբունքային բաղադրիչները: Նախ, անդրադառնամ Ձեր այն հարցին, թե որքանով է իրատեսական միջազգային իրավունքում ակտիվորեն մշակվող «remedial secession» սկզբունքի կիրառմամբ հաջողություն գրանցելը: Այս հարցի պատասխանը, ի դեպ, բխում էր հենց Ձեր կողմից նշված ելույթից: ՀՀ առաջին նախագահը փորձել է ուշադրություն հրավիրել այն անհերքելի իրողության վրա, որ ազգային ինքնորոշման իրավունքի հենքով որեւէ պետություն կարող է հաջողությամբ ճանաչվել՝ բացառապես միջազգային հանրության կամ առնվազն մի քանի գերտերությունների աջակցության պայմաններում, ինչից այս փուլում Հայաստանը զրկված է: Եթե ընդունում ենք, որ բացակայում է խիստ անհրաժեշտ միջազգային հանրության աջակցությունը, ապա անխուսափելիորեն հարկադրված ենք ընդունելու, որ նույն այդ միջազգային հանրությունը որեւէ իրավական ազդեցիկ փաստաթղթով չի հավաստելու այն անգամ ակնհայտ փաստը, որ Ադրբեջանը պարբերաբար ոտնահարում է Արցախի բնակչության տարրական իրավունքները եւ կազմակերպված իրականացնում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:



- Առաջին նախագահը նշել է այն անձի անունը, որը կարող է այս հարցում աջակցել մեզ՝ ֆրանսահայ հայտնի փաստաբան Րաֆֆի Գալֆայանը տվյալ դոկտրինի ակտիվ մշակման աշխատանքներով է զբաղվում եւ վերջերս Տեր-Պետրոսյանին գրած անձնական նամակում պատրաստակամություն է հայտնել համապատասխան մասնագետների հետ գալ Երեւան եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին ձեռնարկել համապատասխան աշխատանքներ:



- Նշված փաստերն, ավելի քան բարեխղճորեն հավաքված ու համակարգված են Հայաստանի քննչական մարմիններում, ուստի նույն հարցադրումներով նոր ծավալուն ու տեւական աշխատանք որեւէ հայտնի փաստաբանի միջոցով նախաձեռնելու կարիք, իմ խորին համոզմամբ, պարզապես չկա:



Բացի այդ, ի՞նչ է նշանակում՝ «ակտիվորեն մշակվում է» սկզբունք: Որեւէ միջազգային իրավունքի սկզբունք կամ ինստիտուտ, որքան էլ այն խիստ իրավաչափ ու տրամաբանական լինի, ունի բազում հակառակորդներ, ուստի կյանքի կոչելու համար նվազագույնն անհրաժեշտ է բարվոք «միջազգային հանրության աջակցություն», այսինքն՝ վերադարձանք այն ելակետին, որ բոլոր խելամիտ լուծումները սոսկ տարբերակ են ու կարող են իրողություն դառնալ, եթե համընկնում են գերտերությունների շահերին: Այսպիսով, հուսալ, որ այդ ակտիվությունը շուտով իր պտուղները կտա, թույլ տվեք կասկածել:



Սակայն խնդիրը բնավ այդ սկզբունքի ամրագրման հեռանկարը չէ. վերջին հաշվով, պետք է գնահատենք այն, թե ինչ հետեւանքներ կարող է առաջացնել այս կամ այն իրավաքաղաքական դիրքորոշումը: Այս տեսանկյունից նշված ելույթում վիճահարույց է համարվում Արցախի պետության անկախության ճանաչումը, քանի որ, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դա կարող է հրահրել պատերազմական նոր գործողություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը միջազգային հանրության առջեւ ձեռք կբերի ռազմական գործողությունների վերսկսումն արդարացնող լուրջ փաստարկ: Այս դիտարկումը, որքան էլ տարակարծությունների տեղիք տա, միանշանակ, անտեսել հնարավոր չէ: Սակայն վերադառնանք խնդրի էվոլյուցիայի մի հատվածի. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի ճանաչումը ոչ թե ներկայացրեց իբրեւ անվերապահորեն ընդունելի իրավական լուծում, այլ անխուսափելի միջոց՝ պատերազմի մեջ ներքաշված Արցախին հավուր պատշաճի ռազմական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից:



Այլ կերպ ասած՝ եթե Ադրբեջանն ինքը նախահարձակ լինի ու փորձի անտեսել ԵԱՀԿ-ի առաքելությունը, ապա Հայաստանը պետք է ողջամտորեն ձեւավորի Արցախին ռազմական լիարժեք աջակցություն ցուցաբերելու միջազգային-իրավական հիմքեր: Հակառակ դեպքում հարկ է պատասխանել հետեւյալ հարցին՝ եթե չեք ճանաչում արդեն իսկ կազմավորված պետությունը, ի՞նչ հիմքով եք դրա հետ իրականացնում ռազմական համագործակցություն:



Շփոթից խուսափելու համար նկատենք, որ դեռեւս երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմից, երբ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, Արցախի պաշտպանության նախարարի հետ կնքվել ու գործում է ռազմական համագործակցության պայմանագիր, սակայն խոսքն առավել հիմնարար եւ ներկա իրողություններին համարժեք իրավական փաստաթուղթ շրջանառության մեջ դնելու մասին է, եթե, իհարկե, լինի դրա անհրաժեշտությունը:



Համոզված եմ, որ Հայաստանի իշխանության իրավասու մարմինները չեն նախընտրի միջազգային կառույցների մասնակցությամբ բանակցությունների ձախողման տարբերակը, պարզապես հարկ է Ադրբեջանին ու նույն միջազգային հանրությանն ըմբռնել տալ, որ հարկ եղած դեպքում, եթե արդեն իսկ ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը կդառնա իրական, Հայաստանն սպասեցնել չի տա, ինչի արդյունքում ավելի շահեկան դիրքում կհայտնվի:



Վերադառնանք, այսպես կոչված, «remedial secession» սկզբունքին: Այդ սկզբունքի առնչությամբ քննարկումները վկայում են, որ այն բովանդակային կտրվածքով լինելու է ազգային ինքնորոշման իրավունքի տարատեսակը: Ի դեպ, այդ սկզբունքի հիմքում դրված է հրեական Գալահայի օրենքը, ըստ որի՝ հնարավոր է անմեղին զոհել՝ բազմաթիվ այլ անմեղների փրկելու համար: Ինչեւէ, այս դեպքում հարկ է քննարկել մեկ այլ հարցադրում եւս՝ եթե Արցախի կարգավիճակի հիմքում բացառապես տվյալ տարածքի նկատմամբ բռնություններն են, ապա ի՞նչ կարգավիճակով է այդ հարցը ներկայացնելու նախապատվությունն ստանձնում Հայաստանը:



Վերջին հաշվով, այդպիսի բռնություններ ներկայիս Թուրքիան իրագործում է, օրինակ, քրդերի եւ այլ ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ, սակայն մեր մտքով չի անցնում, որ մենք հանդես գանք որպես իրավասու կողմ: Ասելիքս այն է, որ Արցախի կարգավիճակի հիմքում պետք է դնել ոչ թե վերջինիս առանձնացմանը հանգեցնող հին ու նոր, հնչեղ անվանումներով սկզբունքներ, այլ բացառապես տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով այն Հայաստանին վերամիավորելու հարցը: Հետեւաբար, երբ Ադրբեջանը պնդում է, թե պետք է ղեկավարվել տարածքային ամբողջականության սկզբունքով, հարկ է համաձայնել ու անհերքելի փաստերով ցույց տալ, որ վերականգնվել կարող է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանզի այն խախտվել է որեւէ իշխանական լիազորություն չունեցող սոսկ կուսակցական տարածքային կազմակերպության բյուրոյի որոշմամբ:



Հավելենք, որ «պետություն» ճանաչելը հատուկ կանոնակարգված միջազգային իրավական ինստիտուտ չէ, ավելին՝ գոյություն չունի անվերապահորեն բոլոր պետությունների կողմից ճանաչված որեւէ պետություն: Օրինակ, նույն այդ գերտերությունների մի զգալի հատված Հյուսիսային Կորեան չի ճանաչում եւ այլն: Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա այս հարցում եւս հարկ է համարժեք վերաբերմունք ունենալ, քանզի խոսքը ոչ թե անկախ պետություն կամ քաղաքական ինքնավարություն ձեւավորելու՝ «պլեբիսցիտի», այլ մեկ այլ պետության տարածքին միավորվելու, տվյալ դեպքում՝ վերամիավորվելու հարցի առնչությամբ հանրաքվեի մասին է:



Իմ համոզմամբ, եթե մենք կարողանանք ազգային ինքնորոշման իրավունքի վերոհիշյալ նրբությունը համարժեք ներկայացնել միջազգային հանրությանը, ապա մեր աջակիցներն անհամեմատ ավելի շատ կլինեն: Մասնավորապես, երկու խոշոր տերություններ՝ Չինաստանը եւ Հնդկաստանը եւս ունեն ազգամիջյան բարդագույն օջախներ, իրենք եւս խիստ վերապահումով են վերաբերվում ազգային ինքնորոշման իրավունքին՝ պնդելով, որ այդ սկզբունքի միջոցով առավելագույնը կարող է վերապահվել մշակութային, սակայն ոչ երբեք քաղաքական ինքնավարություն: Այլ կերպ ասած՝ Հայաստանի համար նախադեպ են ոչ թե անջատվող, այլ տարածքային ամբողջականության հենքով վերամիավորվող պետությունները: Իհարկե, սա հարթ ճանապարհ չի ենթադրում, սակայն սա չի վանի բոլոր այն գերտերություններին, որոնք իրենք գլուխ չեն հանում իրենց ներպետական ազգամիջյան թնջուկներից:



Չմոռանանք, որ դասական իմաստով ինքնորոշման իրավունքի սկզբունքին դիմում են անգամ այն երկրներում, որտեղ անիմաստ է խոսել համատարած բռնությունների մասին: Օրինակ, Իսպանիայում Կատալոնիան պարբերաբար նախաձեռնում է ազգային ինքնորոշման գործընթաց՝ սոսկ այն պատճառաբանությամբ, որ իրենք տնտեսապես առավել զարգացած տարածք են ներկայացնում ու չեն կամենում իրենց հաշվին «կերակրել» ողջ Իսպանիան:



Եզրափակելով խոսքս, նկատեմ, որ ս.թ. սեպտեմբերին Ստեփանակերտում ծրագրավորված է Արցախի կարգավիճակի հարցերով հերթական խոշոր միջազգային գիտաժողովը, որը, իմ կարծիքով, լավ հարթակ է հիշյալ նոր ասպեկտները համակողմանի քննարկելու համար: Իմ մոտեցումները, բնականաբար, աքսիոմա չեն, խոր հարգանք ունեմ բոլոր նրանց նկատմամբ, որոնք սոսկ քննադատությամբ չեն տարված եւ չեն խորշում հանրությանը խիստ հուզող հարցերով համարձակ տեսակետներ հայտնել:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ