Գյուղապետը զավթե՞լ է հողամասը, թե՞ կախարդական փայտիկ ունի

Գյուղապետը զավթե՞լ է հողամասը, թե՞ կախարդական փայտիկ ունի

Կարբի գյուղի բնակիչ Վանիկ Եսայանի եւ նրա ընտանիքի դժբախտություններն սկսվեցին այն օրից, երբ նրանք որոշեցին գնել 5 հեկտար հողատարածք, որը վարձակալում էին 2002 թվականից։ Այն Քասախ գետի ափով է ձգվում եւ ներառում էր կղզյակ։ Տարածքի մի մասին Եսայանները տիրացան աճուրդով, մյուսը գնեցին երկու տարի անց՝ տիրոջը վճարելով 70 հազար դոլար։ Բանկի-վարկի տակ մտան։ Բայց 2014 թվականին, երբ ցանկացան ցանկապատել իրենց հողը, հայտնաբերեցին, որ այդտեղ մեկ այլ սեփականատեր կա՝ Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանի բարեկամը։ 2010-ին ստացած քարտեզում երեւում է, որ Քասախի ափը Եսայանների հողն է, իսկ 2013 թվականի հատակագծով գետի եւ նրանց այդ հողի արանքում մի նոր տարածք է ավելացված, որն աճուրդով գնել է գյուղապետի բարեկամը։



«Ազատ հող էր՝ վերցրի»,- ասել է նա Վանիկ Եսայանին եւ մի քարտեզ է ցույց տվել, որի համաձայն՝ Վանիկի հողը «տեղաշարժվել» է, եւ գետի բերանով, ասես կախարդական փայտիկի շարժումով, մի նոր հողակտոր է գոյացել՝ գյուղապետին պատկանող եւ 7.300 մետր երկարությամբ։ Նախկին քարտեզում այն նշված չէր, եւ Վանիկ Եսայանը եզրակացրեց, որ գյուղապետը կեղծել է կադաստրային քարտեզը, գետը «լցրել» է, այսինքն՝ հող է ավելացրել գետափի երկայնքով, որի արդյունքում նոր հողամաս է ստացել Եսայանների սեփական տարածքում։ Դատ ու դատաստան սկսվեց։ Թվում է՝ հասարակ գործ է։ Պետք է չափել հողամասը, համեմատել քարտեզն իրական հողակտորի հետ եւ հասկանալ, թե արդյոք նոր հո՞ղ է առաջացել, եւ գետը նեղացե՞լ է, թե՞ այլ կախարդանք է եղել։ «Գյուղապետը թույլ չի տալիս, որ չափումներ անեմ,- ասում է Վանիկ Եսայանը,- մենք միջնորդություն ենք տվել քննիչին, դատախազին, խնդրել ենք, որ գետը չափենք ու տեսնենք, համեմատենք 10 թվի քարտեզի հետ։



Մասնագետներին բերեցինք, չափագրման մի մասն արվել էր, բայց գյուղապետը եկավ-կանգնեց չափագրման տեղում ու թույլ չտվեց, որ գործն ավարտեն մարդիկ։ Կադաստրին էլ դիմում ենք, խնդրում ենք, որ մեզ տան 2010 թվականի աճուրդի հիմքերը, բայց մեզ պատասխանում են, որ դրանք չեն պահպանվել։ Հիմա մենք բանկին ամեն ամիս փող ենք տալիս՝ 140 դոլար, ու դեռ մինչեւ 18 թիվը պետք է տանք մի հողի համար, որը մերը չէ։ Մենք սնանկանում ենք։ Եղբայրս էդ դարդից արտագաղթեց երկրից, իսկ ես մնացել եմ էս հողի համար»։ Այսպես, ճակատագրի հեգնանքով, հարազատ հողը չի թողնում, որ նա եւս արտագաղթի։ Վանիկ Եսայանը դիմել է դատախազություն, որ գյուղապետի դեմ քրեական գործ հարուցվի՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, բայց գործը կարճեցին։ Եսայանն էլ գնաց վերաքննիչ դատարան, հետո տարբեր ատյաններ՝ բողոքելու Կարբիի գյուղապետի դեմ։



Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանն էլ իր ճշմարտությունն ունի։ Նա ասում է, որ ժամանակին Քասախի կիրճում պետք է ՀԷԿ կառուցվեր, բայց չի կառուցվել, իսկ հողատարածքը գնել է իր եղբայրը։ «Եսայանները գիտեին, որ ՀԷԿ է լինելու իրենց հարեւանությամբ, ու դեմ չէին, որ խողովակներ այդ տեղով անցնեն, բայց երբ իմացան, որ մենք ենք գնել, սկսեցին բողոքել։ Մոտ երկու տարի է արդեն՝ բոլոր իրավական ատյաններում այդ հարցը քննարկել է՝ դատախազություն, ԱԱԾ, Կադաստրի կոմիտե, տարածքային կառավարման նախարարություն, ՄԻՊ գրասենյակ, նախագահի, վարչապետի վերահսկողություն, եւ բոլոր տեղերում նրա հայցը մերժվել է»,- ասում է գյուղապետը։ Նա վստահեցնում է, որ երբեք էլ չի խոչընդոտել տարածքի չափագրումներին։ «Նախկինում ասում էր՝ իմ հողը տեղաշարժվել է, եղել է գետի ափով, հիմա տեղաշարժվել է 20-25 մետր դեպի ժայռեր։ Ասեցի՝ բեր քո հողը չափենք։



2010 թվականին կադաստրային կոմիտեում կոորդինատների համակարգ է փոխվել, եւ նույն կետն այլ թվերով է արտահայտվել նոր քարտեզներում։ Նա տեսել էր, որ թվերի տարբերություն կա, ու ասում էր՝ թվերը փոխել են։ Հին ու նոր կոորդինատներով չափագրումները տարբեր են։ Բայց բոլոր չափագրումները եղել են։ Դատախազությունը 8 ամիս քննել է գործը, իրավական որեւէ հիմք չի գտել ինձ մեղադրելու համար, բայց նրանք շարունակում են։ Էլ ներվեր չունեմ։ Հիմա էլ ընկել են թերթերով»։ Գյուղապետը խոսում է, իսկ Վանիկ Եսայանի ամեն ասածի տակ փաստաթուղթ կա, եւ նրա ասածներն ավելի արժանահավատ են, գոնե այն պատճառով, որ գյուղապետը երբեմն խճճվում է սեփական ստերի մեջ։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը նա ասել էր, որ հողն իր կնոջ եղբորն է պատկանում, իսկ մեզ՝ որ այն իր եղբոր անունով է։ Ինչո՞ւ։ Եվ ինչպե՞ս է ստացվում, որ փոխանակ համայնքի ցավերով զբաղվի, գյուղապետն իր եւ հարազատների ունեցվածքի հարցերն է նախ լուծում։ Իսկ համայնքը կսպասի։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ