Ի՞նչ սպասել

Ի՞նչ սպասել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան անուղղակի հաստատել է, որ Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում է նախապատրաստվում: Մայիսի 12-ին հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ անոնսավորելով, որ «ժամանակն է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն»:



Մայիսյան տոներին ընդառաջ ադրբեջանական կողմը տեղեկություններ էր տարածել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման նախաձեռնություն է ցուցաբերել ՌԴ նախագահ Պուտինը: Ասվում էր, որ հաղթանակի տոնակատարություններից հետո նա Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին կհրավիրի Սոչի՝ ինչպես 2014թ. օգոստոսին, երբ մի քանի օր շարունակ շփման գծում իրավիճակը խիստ լարված էր:



Այնուհետեւ Բաքվի լրատվամիջոցները գրեցին, որ Ռուսաստանի նախագահը պատրաստվում է այցելել Ադրբեջան եւ Հայաստան, կողմերի միջեւ անցկացվում են կոնսուլտացիաներ: Ապրիլի 3-ին անվտանգության խորհրդի նիստում Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայացրել է կարգավորման առաջարկություններ, որոնք «Ադրբեջանի համար ընդունելի են»: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը «Լավրովի պլանը» համեմատել է սառցալեռան հետ, որի «ստորջրյա մասում ինչ կա՝ հայտնի չէ»:



Այդպես է դա, թե ոչ՝ դժվար է ասել: Բայց կարծես իրողություն է, որ Բաքվում հակված էին Ռուսաստանի հովանու ներքո ինչ-որ գործընթաց սկսելու տարբերակին: Ուշագրավ է, որ վերջին մեկ ամսում Ռուսաստանի եւ ԱՄՆ արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հինգ հեռախոսազրույցների ընթացքում ԼՂ հարցը մշտապես շոշափվել է:



Զուգահեռաբար ամերիկյան մամուլում տպագրվել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հոդվածը, որտեղ նա Օբամային քննադատել է ԼՂ հարցում Ռուսաստանի միանձնյա դերակատարության հետ հաշտվելու համար:



Ի՞նչ քննարկումներ են ունեցել Լավրովը եւ Քերին, եթե արդյունքում ՌԴ նախագահի հովանու ներքո Սարգսյան-Ալիեւ հանդիպման փոխարեն անոնսավորվում է Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ բանակցությունները վերականգնելու մտադրությունը:



Կարելի՞ է համարել, որ այս փուլում հայկական դիվանագիտությանը հաջողվել է հավասարակշռել միջնորդական ջանքերը: Ըստ երեւույթին, այդպես է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մայիսի 12-ի հայտարարության դիվանագիտական ուղերձը հիմնականում զինադադարի պահպանումը եւ վստահության վերականգնումն է՝ որպես քաղաքական կարգավորման նախապայմաններ:



Իրազեկվա՞ծ էր Ալիեւը, որ համանախագահ երկրները հանդես են գալու նախաձեռնությամբ: Հավանաբար՝ այո: Մայիսի 9-ին, Հեյդար Ալիեւի ծննդյան տարեդարձի առթիվ պետական ընդունելությանը ելույթում նա ասել է, որ «Ադրբեջանը հանուն բանակցությունների բանակցություններ չի վարելու»:



Եթե դա վերջնական որոշում է, ապա Վիեննայի հանդիպման անհրաժեշտությունը կորցնում է իմաստը: Միջնորդներն առաջարկում են նախ կայունացնել շփման գծում իրավիճակը, պայմանավորվել, որ խնդիրը չունի ռազմական ճանապարհով լուծում, ապա անցնել քաղաքական քննարկումների փուլին:



Ամենայն հավանականությամբ, ՌԴ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների մտադրությունը՝ ներկա գտնվել Վիեննայի Սարգսյան- Ալիեւը հանդիպմանը, դիվանագիտական ուղերձ է Ալիեւին: Կհրաժարվի՞ նա առաջարկվող օրակարգից…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱն