Ինչո՞ւ մանկապարտեզներում չկան հոգեբաններ

Ինչո՞ւ մանկապարտեզներում չկան հոգեբաններ

Մանկապարտեզ հաճախող երեխայի հետ մայրերը հաճախ են հայտնվում ծանր կացության մեջ: Ծանր կացություն ասվածը դեռ մեղմ է: Ստրես են ապրում թե մայրը, թե երեխան: Մանկապարտեզ նոր հաճախող երեխան ամիսներ շարունակ լացով և ստիպողաբար է մտնում մանկապարտեզ, խմբի դաստիարակը հիստերիայի մեջ գտնվող երեխային քաշում է մոր ձեռքից, մտցնում խումբ, իսկ մորը դուրս հանում խմբից և դուռը փակում: Մայրը, բնականաբար, այնքան է կանգնում դռան մոտ, մինչև երեխայի լացի ձայնը ալևս չի լսվում, իսկ մինչ այդ էլ նույնիսկ լացում երեխայի հետ:



Այս տխուր տեսարանն ապրում են համարյա բոլոր մայրերը: Հարց է առաջանում` ինչո՞ւ պետք է մայրը այդպիսի տառապանքով իր երեխային ամեն առավոտ տանի մանկապարտեզ, ինչո՞ւ մանկապարտեզում չկա գոնե մեկ հոգեբան, ով անհատական կաշխատի լաց լինող երեխայի հետ: Ինչ խոսք, դաստիարակն ունենում է որոշակի հոգեբանական կրթություն, բայց երբեք նա հոգեբան չի դառնա, և երեխային ստիպողաբար ներս մտցնել, խիստ հայացքով կամ այլ պատժամիջոցներով կտրել լացը՝ դա դեռ հոգեբանական մոտեցում չէ: Մանուկների և մեծահասակների հոգեբան Էլոնա Ավետյանը, ով ղեկավարում է «Զարգացում հոգեբանական համալիր, որի ներքո աշխատում է մանկան ակադեմիա քոլեջ նախակրթարանը», այս հարցի շուրջ իր մասնագիտական կարծիքը հայտնեց:



-Մեզ շատ են դիմում մայրերը այս հարցով: Մեր աշխատանքի նպատակը հենց դա է, որ բացի նախակրթելը, դպրոցին պատրաստելը՝ մենք երեխային սովորեցնենք հաճախել մանկապարտեզ: Ադապտացիոն շրջանը այստեղ է անցնում:



-Ձեր կենտրոնում աշխատում են միմիայն հոգեբաններ: Իսկ ի՞նչ կերպ են աշխատում երեխայի հետ, ի՞նչ մեթոդով:



-Երեխայի հետ չի լինի խոսել այնպես, ինչպես մեծի հետ: Հոգեբանը աշխատում է երեք տարեկան երեխաների հետ խաղային մեթոդներով, սկզբի մեկ շաբաթը՝ անպայման մայրիկի ներկայությամբ, երեխային առանց մայրիկի սովորեցնում ենք կամաց-կամաց: Երեխան երեք տարեկանից է հասկանում, որ նա առանձին մարդ է:



-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, ովքեր ամեն առավոտ սթրես են ապրում երեխայի հետ միասին՝ մանկապարտեզ չգնալու պատճառով:



-Մայրը պետք է խոսի երեխայի հետ, պարզի, թե նա ինչ պատճառով չի գնում մանկապարտեզ: Թող երեխան ասի այն բացասականը, որ նա ստացել է այնտեղից` խփում են, չեմ ուզում ուտել, քնել և այլն: Մայրիկը թող փորձի այս հարցին ճիշտ մոտեցում գտնել: Ենթադրենք՝ չես ուզում քնել, բայց բոլորը քնում են, ոչ՝ ասում է, բոլորը չեն քնում, ասենք՝ Գագիկը չի քնում, ի՞նչ է անում՝ նստում է, դու էլ նստիր, ոչ՝ ինձ պարտադրում է դաստիարակը, որ քնեմ: Այս դեպքում մայրը պետք է խոսի դաստիարակի հետ երեխայի ներկայությամբ, որ երեխան իրեն պաշտպանված զգա: Հաջորդ քայլը, որ մայրիկը պետք է բոլորից շուտ գնա մանկապարտեզ, երեխային ասի, որ նա ցույց տա իր մահճակալը, իր խաղալիքները, իր նկարած աշխատանքները, հետո ծանոթացնի իր ընկերների հետ և վերջում խոստանա, որ ամենաշուտը ինքն է գալու և տուն գնալու, մայրը, իհարկե, այստեղ անպայման իր խոստումը պետք է կատարի:



-Իսկ այս դեպքում ո՞րն է դաստիարակի պարտականությունը: 



-Դաստիարակը պետք է վարվի նույն կերպ: 



-Երեխային եթե պատժում է դաստիարակը, դա ի՞նչ կերպ է անդրադառնում երեխայի հոգեբանական վիճակի վրա: 



-Խստությունը պետք է, բայց, նախ, պետք է ծնողը դաստիարակից ճշտի, թե ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում, միգուցե դա՞ է պատճառը, որ երեխան չի ցանկանում հաճախել մանկապարտեզ:



Ինքս էլ լինելով ծնող՝ զրուցեցի մանկապարտեզի տնօրենի հետ, վերջինս այս հարցի շուրջ հայտնեց իր կարծիքը՝ ասելով, թե ծայրահեղ անհրաժեշտ չի համարում հոգեբանի ներկայությունը, աշխատանքը մանկապարտեզում: Դաստիարակները փորձում են երեխային վերաբերվել թե մանկավարժորեն և թե հոգեբանորեն: Ճիշտ է այն մեթոդը, որ մայրը հենց առաջին օրվանից թողնում է երեխային խմբում ու հեռանում: Սակայն եթե լինի հոգեբան, ինչո՞ւ ոչ, չի խանգարի:



Վարդինե Պիպոյան