Նորաբաց մոլերը խփել են «Տաշիր» առեւտրի կենտրոնում աշխատողների գործին

Նորաբաց մոլերը խփել են «Տաշիր» առեւտրի կենտրոնում աշխատողների գործին

«Տաշիր» առևտրի կենտրոնի աշխատակիցները դժգոհ են իրենց վիճակից։ Նախկինում եւս նրանք մի քանի անգամ դժգոհություններ էին հայտնել, օրինակ` 2013թ կենտրոնի ոսկու բաժնի աշխատակիցները գործադուլ էին արել, իսկ 2014 թ «Տաշիր» առևտրի կենտրոնի աշխատողները բողոքել էին, որ փետրվար ամսին իրենց զրկել են ամսվա մեջ միակ հանգստյան օրից: Այժմ կարծես նորից ուզում են դիմել կտրուկ քայլերի: Բանն այն է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Երեւանում իրար ետեւից բացվող մոլերը «խփում» են ավանդական առեւտրի կենտրոնների, շուկաների գործին, առեւտուրը գնալով մարում է, օրերով հաճախորդ չի մտնում, բայց վարձավճարները շարունակում են մնալ նույնը: «Տաշիր» առեւտրի կենտրոնի աշխատակիցները Hraparak.am -ին պատմեցին, որ եթե օրվա ընթացքում 3 կտոր ապրանք կարողանան վաճառել, դա արդեն իրենց համար երջանկություն է, սակայն այս երջանկությունը հազվադեպ են ճաշակում:



Փորձեցինք տնօրինությունից ճշտել, թե ինչ են պատրաստվում անել, ընդառաջ կգնան առեւտրականների բողոքներին, սակայն պարզվեց նոր տնօրեն է նշանակվել, որի մոտ մուտքը «խստիվ արգելված» էր։ Մոտ մեկ ժամից անցակետում սպասելուց հետո վերև բարձրացանք, սակայն մեզ ընդունեց ոչ թե «Տաշիրի» տնօրենը, այլ վերջինիս քարտուղարուհին՝ Մարգարիտան, ով մեր բազմաթիվ հարցերին չկարողացավ հստակ պատասխան տալ, միայն նշեց, որ աշխատակիցների մեծամասնության համար վարձավճարների չափը նվազեցվել է 20 տոկոսով, իսկ մնացած այլ հարցերին կարող են պատասխանել տնտեսվարողները։ 



Պարզ է, որ առեւտրականները մնացել են իրենց հոգսերի հետ միայնակ, մեր այցելության ժամանակ մի քանի տաղավարներ կապարակնքված էին, իսկ մարդիկ` հուսահատ: Աշխատակիցները Hraparak.am-ի հետ զրույցում նշեցին, որ պետք է առևտուր լինի, որ կարողանան վարձերը վճարել. «Թող գնահատեն, թե ինչքան առևտուր ա լինում, դրան էլ համապատասխան վարձի գին սահմանեն։ Թե չէ մենք տակ ենք տալիս, առևտուր չի լինում ու վարձ ենք տալիս»։



Ինչ վերաբերում է վարձավճարները 20 տոկոսով նվազեցնելուն, առեւտրականները նշեցին, որ դա եղել է անցյալ տարի և ոչ բոլորի դեպքում, պատահել է, որ 5 տոկոս են նվազեցրել. «Մի բան իրենց դուրը չի գալիս, պլոմբում են, օրինակ՝ մեկը ուզել էր միտինգ աներ՝ կապված այդ վարձավճարների հետ, ասեցին՝ վեշերդ հավաքի, դուրս արի»։ Տիկնոջ խոսքերով՝ մարդիկ անգամ բանկից տոկոսով գումար են վերցնում վճարելու համար. «Շատ վատ ա վիճակը, ոչ մի զիջում, ոչ մի բան չեն անում, ոչ մեկին էլ հնարավորություն չեն տալիս։ Չգիտենք ինչ պիտի անենք, շաբաթ ա լինում, որ զրո եկամուտ ենք ունենում։ Եթե սենց շարունակվի, ցույց կանենք»։



Աննա Պապիկյան