Սամվել Բաբայանի վերադարձը հեշտ չի լինելու

Սամվել Բաբայանի վերադարձը հեշտ չի լինելու

Տարիներ առաջ ունեցած ֆինանսական դժվարությունների եւ պարտքերի պատճառով Մոսկվա մեկնած «կամանդույուշչիի» անունը կրկին չի իջնում լրահոսից։ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, փորձառու հրամանատար, այլեւս գոյություն չունեցող «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի Հայաստան վերադարձն իսկական փոթորիկ է առաջացրել։ Երեկ նա արդեն հարցազրույց տվեց հավատարիմ լրատվամիջոցին։ Նրա համար աշխատող PR խումբ է ձեւավորվել, որը քարոզչություն է տանում եւ պատասխանում է ադրբեջանական մամուլում «կամանդույուշչիի» դեմ ակտիվացմանը։ Իր հարցազրույցում նա չպատասխանեց այս օրերին պտտվող հարցերին՝ միանալո՞ւ է արդյոք Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը, թե՞ ՊՆ-ում լուրջ պաշտոն է ստանալու, Քոչարյանի հետ հարաբերությունները ջերմացրե՞լ է, թե՞ ոչ, եւ ո՞վ է նրան կանչել Մոսկվայից՝ նախապես փակելով պարտքերը։



Սերժ Սարգսյան՝ նշանակում է խաղաղություն, Սամվել Բաբայան՝ նշանակում է պատերազմ



Տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իրոք հրավիրած լիներ Բաբայանին՝ հմուտ ստրատեգի, որը միշտ լուծումներ է ունեցել օրհասական պահերին, պատերազմի նախօրեին Զատկի թասակով ֆոտոսեսիաների չի մասնակցել, ի վերջո, ընդամենը 51 տարեկան է՝ փայլուն տարիք քաղաքական եւ ռազմական կարիերայի համար։ Սերժ Սարգսյանի հրավերը տրամաբանական կլիներ, բայց աբսուրդի շարքից է։ Նախ, որովհետեւ Սերժ Սարգսյանն ունի ԼՂՀ կարգավորման սեփական ծրագիրը, որի հանգույցը հունիսին ստորագրվելիք փաստաթուղթն է Ղարաբաղի հարցով։ Ղարաբաղի զինվորականությանն այս լուծումն այնքան էլ չի ոգեւորում, եւ ցանկացած ուժային կերպարի հայտնվելը Հայաստանի ռազմաքաղաքական օլիմպոսում խաթարելու է կարգավորման գործընթացը, որը հազիվ է ուրվագծվել եւ քիչ թե շատ հասկանալի դարձել։



Իսկ այն, որ Սամվել Բաբայանն իր սցենարն ունի, ընդ որում՝ երբեմն խիստ արմատական, սկսած ջրամբարների պայթեցումից, վերջացրած Ղարաբաղի եւ Արեւմտյան Հայաստանի հարցերն իրար կապելուց, կասկածող չկա։ Պատերազմի վերսկսման մասին նա խոսում էր դեռ 2013 թվականին։ Կանխատեսում էր Ադրբեջանի պարտությունը՝ ասելով, որ շփման գիծը մոտ 100 մետր է հեռու ադրբեջանական գյուղերից, եւ հայկական ամենափոքր հաղթանակի դեպքում հակառակորդն ստանալու է երկու-երեք մլն. փախստականներ, որոնց ստիպված է լինելու կերակրել «նավթադոլարներով»։ Եվ այդ ժամանակ նա ասում էր, որ հաղթող կողմը չպետք է ներկայանա որպես պարտված, չպետք է գնա փոխզիջումների։



Ինչու Քոչարյանը հետախուզման մե՞ջ է, փախա՞ծ է



Բաբայանի ընկեր, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը, որն այժմ Պրահայում է, թերահավատ է․ ««Սերժի հրավեր» բառակապակցությանը չեմ հավատում։ Չեմ տեսնում վարչակազմի մոտ պահի լրջության գիտակցում, Սամվել Բաբայանի վերադարձի պահով մեկ բան կարող եմ ասել՝ Հայաստանը (Արցախը՝ ներառյալ) վերածվել է այնպիսի երկրի, որի հասարակությունը փաստացի հանդուրժել է վարչակազմի կողմից հերոսներին հայհոյելու, իսկ հայհոյվածներին հերոսացնելու գործընթացը... Այնպես որ, նրա վերադարձը շատ դրական եմ գնահատում»։ Մեր ռեպլիկին, թե մարդկանց մոտ մտավախություն կա, որ Բաբայանի հետեւում Ռոբերտ Քոչարյանն է, նա պատասխանում է․ «Բանն էլ հենց դա է։ Ասենք, Քոչարյանն է կամ՝ չէ, հետո ի՞նչ։ Այդ ի՞նչ մի ահուսարսափ է տարածվում։ Էլ ո՞նց կլիներ։ Ինչու Քոչարյանը հետախուզման մե՞ջ է, փախա՞ծ է։ Ազատ ֆռֆռում է... Ես հարցի կարեւորությունը չեմ տեսնում»։ 2009-ին ՀՌԱԿ-ը, Էդվարդ Անտինյանի Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցությունը, Ալբերտ Բազեյանի «Ազգային վերածնունդը» միավորվեցին Բաբայանի «Դաշինքի» հետ։ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի թողնել, որպեսզի Սամվել Բաբայանն ինքը խոսի իր ծրագրերից,- ասում է Էդվարդ Անտինյանը։- Ես ոչ իրավասություն ունեմ, ոչ էլ ցանկություն Բաբայանի անելիքներից խոսելու ու, անկեղծ ասած, կոռեկտ էլ չեմ համարում այդ անել:



Հասարակությունն իր խոսքին է սպասում։ Մարդիկ, եթե ուզում են հավաստի տեղեկատվություն ստանալ, ուրեմն պետք է սպասեն Սամվել Բաբայանի խոսքին, որը, կարծում եմ, շատ չի ուշանա» (զրուցել ենք հարցազրույցի տպագրությունից առաջ՝ Ս․ Ս․)։ Ի՞նչ կփոխի Բաբայանի վերադարձը Հայաստանի քաղաքական դաշտում։ «Նախ, պետք է սպասենք ու տեսնենք՝ մտնո՞ւմ է արդյոք Սամվել Բաբայանը քաղաքական ասպարեզ, նոր միայն խոսենք, թե ինչ կփոխի»: Այսինքն՝ հնարավոր է, որ նա գա եւ ՊՆ-ում պաշտո՞ն զբաղեցնի։ «Ես տեղյակ չեմ»։



Բաբայանի եվ թիմակիցների դեմ հետապնդումներ սկսվեցին միավորումից հետո



Ալբերտ Բազեյանն ընդհանրապես խուսափում է լրագրողներից եւ նրանց հարցերից։ Հավանաբար, Բաբայանի հետ միավորվելուց հետո նրա կյանքում այնպիսի իրադարձություններ են կատարվել, որ ընդմիշտ սպանել են հրապարակային հանդես գալու ցանկությունը։ Ի դեպ, հենց Բազեյանն է առավել տուժել Բաբայանի ֆինանսական անհաջողություններից։ Նրա տունը «կամանդույուշչին» գրավ էր դրել եւ չէր կարողացել մարել պարտքը։ 2010 թվականից սկսեցին խոսել նաեւ ՍԴ անդամ Կիմ Բալայանի, Սամվել Բաբայանի զոքանչի տների, Բաբայանին պատկանող անշարժ գույքի, սրճարանների եւ նույնիսկ լողավազանի գրավադրման մասին։ Բաբայանի բիզնեսով զբաղվող «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի գործերը հայտնվեցին դատարանում։ Գործն ավարտվեց նրանով, որ Բաբայանը հեռացավ Հայաստանից՝ թողնելով միլիոնների պարտքեր «Արդշինինվեստ» բանկին, հարկայինին, բիզնես գործընկերներին: Այն ժամանակ Բաբայանի մտերիմները խոսում էին նրա նկատմամբ պետականորեն կազմակերպված հաշվեհարդարի մասին։



Որպես գլխավոր դերակատար՝ նշվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գրեթե նույն ճակատագրին արժանացավ եւ ՀՌԱԿ ատենապետը՝ Հարություն Առաքելյանը։ 2009-ից հետո լուր տարածվեց, որ Հարություն Առաքելյանը հետախուզման մեջ է, քանի որ «Նաիրիտին» պարտք է։ Հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց կուսակցությանը 2 հազար դոլարի վնաս տալու համար, ու նա հեռացավ երկրից։ Բազեյանը եւս երանելի վիճակում չէր։ Նրա որդին հայտնվեց իրավապահների ուշադրության ներքո։ 2011 թվականին ՊՆ քննչական վարչությունն զբաղվեց ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի որդու գործով, որն այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր եւ զորամասում մասնակցել էր ծեծկռտուքի ու ձերբակալվել։ Այդ ժամանակ խոսվեց նաեւ ինչ-որ շինարարական խախտումների մասին, որոնք թույլ էին տրվել Բազեյանի քաղաքապետության օրոք, այնուհետեւ նա անցավ ընդհատակ եւ գրեթե կորավ մամուլի հերոսների շարքից։



Այս անգամ մամուլատյացությունը Բաբայանին չի ներվելու



«Կամանդույուշչիի» վերադարձը հեշտ չի լինելու։ Այն տարիներին, երբ Բաբայանն այստեղ չէր, մեր հասարակությունն ավելի բաց է դարձել, եւ ստվերայնությունը որեւէ գործչի այլեւս չի ներվում։ Մարդիկ չեն մոռացել ոչ Բաբայանի շուրջ հյուսվող առասպելները՝ զինվորների գլուխներին մեխեր խփելու եւ այլ սարսափների մասին (չենք ուզում թվարկել ադրբեջանական ԶԼՄ-ների մեղադրանքները), ոչ նրա հրաժարականը ԼՂՀ անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից, երբ ղարաբաղցիները պահանջում էին, որ Բաբայանն ու ԼՂՀ նախագահ Ղուկասյանը հեռանան։ Գնալուց առաջ նա ապտակել էր վարչապետ Անուշավան Դանիելյանին։ Մարդիկ հիշում են ԼՂՀ հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի պատրաստած ֆիլմը «Դժոխքի տիրակալ» Բաբայանի մասին, որը ցուցադրվեց, երբ Բաբայանը Շուշիի բերդում էր՝ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով։ Հիշում ենք նաեւ հեռուստալրագրողի ներողությունները՝ երեք տարի անց։ Հիշում ենք նաեւ Սամվել Բաբայանի հույժ գաղտնի նամակը սպարապետին, որի հետ բարդ հարաբերություններ ուներ։ Այդ նամակում Բաբայանը մեղադրում էր ՀՀ իշխանություններին Արցախին որպես «խորթ զավակի» կամ «աղքատ ազգականի» վերաբերվելու համար, Վազգեն Սարգսյանից պահանջում էր չասել մի բան ու մտածել այլ բան, շիտակություն էր պահանջում։ Նույն շիտակությունն այսօր պահանջվելու է Բաբայանից, անկեղծ պատասխաններ բոլոր հարցերին, որոնք շատ են լինելու՝ լավ ու վատ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ