Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին անակնկալ էր սպասվում

Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին անակնկալ էր սպասվում

Օրերս վերանորոգվեց եւ շահագործման հանձնվեց աղետալի երկրաշարժից ավերված Գյումրու «Էլիթիա» նախակրթարանի մասնաշենքերից երկրորդը: Նշենք, որ վերանորոգումն իրականացրեց «Ծնողազուրկ ու հաշմանդամ երեխաների սուրբ ծնունդի հայ-ամերիկյան հիմնադրամ»-ը՝ ընդհանուր առմամբ ծախսելով 28մլն դրամ: Ներկայումս նախակրթարան հաճախող սաների թիվը 100-ից ավել է, սակայն նոր մասնաշենքի վերանորոգումից հետո սաների թիվը կարող է կրկնապատկվել:



Նախակրթարան էին հրավիրվել 2015թ-ի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները: Բանն այն է, որ «Էլիթիա» նախակրթարանի նորոգված մասնաշենքը այսուհետ կրելու է «Յոթ հրեշտակաց» անունը՝ ի հիշատակ սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի: Նախակրթարանի բակում տեղադրվել է նաև Ավետիսյանների հիշատակը հավերժացնող խաչքար, ինչի համար, հարազատների խոսքերով, այսուհետ պարտավորվածություն են զգալու հաճախակի այցելել նախակրթարան: «Չէինք սպասում, որ երբևէ մի կրթօջախ կամ տարածք նրանց անունով կկոչվի: Շնորհակալ ենք, որ մեր անմեղ նահատակներին գոնե այս կերպ փորձում են հավերժացնել»,-իր կարծիքն հայտնեց հարազատներից մեկը:



Անակնկալն, ինչ խոսք, հաճելի էր Ավետիսյանների հարազատներին, սակայն, ինչպես նշեցին, ամենամեծ անակնկալը սպասվող դատավարության ավարտը կլինի, եթե իհարկե արդարացի դատավճիռ կայացվի:Դատավարության սկիզբն առանց այդ էլ հիասթափեցրել էր հարազատներին: Նրանք հիասթափված էին նաև մարդկանց անտարբերությունից, ովքեր պասիվություն ցուցաբերեցին եւ չմիացան բողոքի ակցիաներին, որոնք կազմակերպեցին հարազատները՝ պահանջելով դատը ռուսական տարածքից տեղափոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տուժողների իրավահաջորդների վերջին միջնորդությունը, որով ռուսական կողմին 450հզր եվրոյի պահանջով հայց ներկայացվեց, դատարանը բավարարել է, ինչը հարազատների համար արդարության վերականգնման հույսի նշույլ է: «Մեզ գումարը այնքան չի հետաքրքրում, որքան ռուսական կողմի պատասխանատվություն կրելու փաստը, գոնե կատարվածը ռեալ գնահատեն, ու նոր Պերմյակովներ Հայաստան չուղարկեն»,-ասացին նրանք:



Հիշեցնենք, որ 2015թ-ի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվեց Ավետիսյանների 7 անդամից բաղկացած ընտանիքը: Սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ 2015թ-ի դեկտեմբերից ընթանում է Վալերի Պերմյակով դատավարությունը, կայացել է 19 դատական լսում, հունիսի 30-ին սպասվում է 20-րդ դատական լսումը: Ակնկալվում է, որ ռուսական կողմը մինչ այդ կծանոթանա եւ կպատասխանի իր դեմ ուղղված հայցին:



Լուսանկարը՝ Գյումրու քաղաքապետարանի



Արևիկ Հակոբյան, Գյումրի