«Օպերա կլասիկ» նորաբաց ռեստորանը Օպերայի թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավարի՞ն է պատկանում

«Օպերա կլասիկ» նորաբաց ռեստորանը Օպերայի թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավարի՞ն է պատկանում

Մոսկովյան 31 հասցեում նախկինում գործում էր «Դրակոն» չինական ռեստորանը։ Համալիրը մոտ 1,5-2 ամիս է, ինչ չի գործում, պատճառն էլ պարզ չէ։ 2 օր առաջ այդտեղ բացվեց «Օպերա կլասիկ» անունը կրող ռեստորան-մյուզիք ակումբը: Մեր այցը տարածք համընկավ բացման արարողությանը։ Բանից պարզվում է՝ ռեստորանի տնօրենը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շահինյանն է, նրան՝ որպես տնօրենի այդպես ներկայացրեց միջոցառմանը ներկա անձանցից մեկը։



Մեր մուտքը ռեստորան անսպասելի եւ անցանկալի էր նրանց համար։ Մոտ տասը րոպե սպասելուց հետո վերջապես մեզ մոտեցավ Կարեն Շահինյանը, ով ասաց՝ եթե ինքը ի վիճակի լիներ Հայաստանում նման բան գնելու՝ որպես սեփականություն, ապա միանշանակ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար չէր լինի, բիզնեսով կզբաղվեր։ «Տերը այստեղ նստած է՝ Գարի Հակոբիչն է Սարաֆյան, նոր տերը չէ, շուտվանից է։ Գարի Հակոբի Սարաֆյանը էս քաղաքում շատ լուրջ մարդ է եղել, պետական լուրջ պաշտոններ է զբաղեցրել, էս իր պապական տունն է եղել, երկիրը փոխվելուց հետո վերածեց բիզնեսի, որպեսզի դրամ աշխատի։ Քանի որ պարոն Սարաֆյանը և իմ պապան ընկերներ են եղել, երբ ես Գերմանիայից վերադարձա Օպերային թատրոն, էսպիսի առաջարկ եղավ, որ իրար հետ համագործակցենք»։



Իսկ թե ինչ համագործակցության մասին է խոսքը, արդյոք համասեփականատեր է, վերջինս բավականին ագրեսիվ կերպով պատասխանեց՝ «ախ, Ձեզ հետաքրքրում է, ինչպե՞ս ենք աշխատում, եթե դուք ֆինանսների մասին եք ուզում իմանալ, ոչ մի բան էլ չեք իմանա»։  «Էլի իր սեփականն է, ես իր եղբոր տղան եմ, ինքն ինձնից փող չի ստանալու, մի միլիոն դոլար եմ աշխատելու ամսական, բայց իրեն փող չեմ տալու, դա՞ էր Ձեզ հետաքրքում»։



Պարոն Շահինյանը տեղյակ չէ անգամ, թե ինչ պատճառով է փակվել նախկինում գործող «Դրակոն» ռեստորանը. «Ինձ նախապատմությունը չի հետաքրքրում, մեր ազգը նախապատմությունով ա ապրում, սխալ ա անում, պատմությանը ձեռ մի տվեք, ստեղծեք պատմություն, մի բան ա ինձ հետաքրքում՝ ստեղ մարդ սպանել են, թե ոչ, հաստատ ոչ, ուրեմն ինձ չի հետաքրքրում ստեղ ինչ ա եղել՝ դրակոն ա եղել, վիշապա եղել»։ 



Անդրադառնալով կրկին նախկին ռեստորանի հարցին՝ Կարեն Շահինյանը բարձր ու ագրեսիվ տոնայնությամբ ասաց, որ «Դրակոնի» հետ կապված հարցին կպատասխանի այն մարդը, ով աշխատել է՝ «ես եկել «Օպերա» ակումբ եմ բացել, դուք ասում եք «Դրակոն»»։
Ուշագրավ է, որ Կարեն Շահինյանը ակամա հաստատեց, որ ինքն է սեփականատերը, մինչդեռ խոսակցության սկզբում հերքում էր դա։ Այս խոսակցությունից հետո Կարեն Շահինյանը հեռացավ՝ չպատասխանելով մեր մյուս հարցերին:



Իսկ մեր ետևից արդեն ռեստորանից դուրս եկան ներսում ներկա անձանցից երկուսը, ովքեր չներկայացան, իսկ Կարեն Շահինյանին որպես տնօրեն ներկայացրած անձը արդեն մտափոխվել էր, ասում էր, թե վերջինս տնօրենը չէ: Երբ ինձ հետապնդող անձին խնդրեցի ներկայանալ, ասաց՝  Սերժ Սարգսյան, սակայն «Սերժ Սարգսյանը» անընդհատ փախչում էր տեսախցիկից: 



Hraparak.am-ի տեղեկություններով՝ վերաբացված ռեստորանը պատկանում է օպերային թատրոնին, լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հետ։ Վերջինս իր խոսքում նշեց, որ Օպերային թատրոնը ունի միայն հյուրանոցներ, իսկ ինչ վերաբերում է ռեստորանային համալիրին, նա նշեց, որ դա օպերայի հետ որևէ կապ չունի։ Ինչ վերաբերում է Կարեն Շահինյանին այնտեղ որպես տնօրենի ներկայանալուն, օպերայի տնօրենն ասաց, որ շատ հնարավոր է, ինչի՞ մարդ չի կարող ունենալ բիզնես։



Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք,որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: