Հրազդանի ավագանու անդամները նաեւ համայնքի բյուջետային աշխատողներ են

Հրազդանի ավագանու անդամները նաեւ համայնքի բյուջետային աշխատողներ են

Պարզվում է՝ Հրազդանի ավագանու անդամներից շատերը նաեւ համայնքի բյուջետային աշխատողներ են, մինչդեռ ՏԻՄ ՀՀ օրենքի 18 հոդվածը սահմանափակում է համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելը, ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավար.
2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ.
3) աշխատել իրավապահ, պետական անվտանգության եւ դատական մարմիններում:
Սույն հոդվածով սահմանված, ինչպես նաեւ զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչեւ ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:



Հրազդանի քաղաքապետը, չարաշահելով պաշտոնեական դիրքն ու ոտնահարելով օրենքի տարրը, ավագանու անդամներից շատերին աշխատանքի է տեղավորել համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում: Այսպես՝ քաղաքապետի խորհրդականի պաշտոնը հայեցողական պաշտոն է, որ միայն քաղաքապետը կարող է նշանակել եւ ազատել: Այդ պաշտոնը զբաղեցնում է ավագանու անդամ Սմբատ Փիլիփոսյանը: Ավագանու անդամներից Ռաֆայել Օհանյանն էլ աշխատում է քաղաքապետի վարորդ եւ ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ: Լեւոնյան Սասունն էլ եւ ավագանու անդամ է, եւ թաղային լիազոր ներկայացուցիչ: Նվեր Զաքարյանը ավագանու անդամ լինելուց բացի՝ աշխատում է սպորտդպրոցում՝ որպես մարզիչ: Մնացած անդամները, չնայած այլ տեղեր չեն աշխատում, նրանք էլ տարբերվում են ձեռք բերած իրենց բիզնեսներով ու շենք շինություններով: Ի դեպ, գրավոր հարցում ենք ուղարկել Հրազդանի քաղաքապետարան ընդամենը մեկ օրինակով, թե որ օրենքով է ավագանու անդամը աշխատում որպես քաղաքապետի խորհրդական: Խոսքը ավագանու անդամ Սմբատ Փիլիփոսյանի մասին է: Հրազդանի քաղաքապետարանից ստացանք հետեւյալ պատասխանը. «2016 թվականի ապրիլի 28-ին կայացած Հրազդան համայնքի ավագանու որոշմամբ կատարվել են կառուցվածքային փոփոխություններ և օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է խորհրդականի մեկ հաստիք»: Քաղաքապետարանից պատասխանը չուշացավ, սակայն չնշվեց, թե որ խորհրդականն է կրճատվել:



Ավագանու անդամների ֆիզիկական ներկայությունն ավագանու նիստերին



Հայտնի ճշմարտություն է, որ ավագանու անդամները իրենց ֆիզիկական ներկայությունով են մասնակցություն ունենում ավագանու նիստերին: Եթե նայեք Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, կտեսնենք, որ չկա մի ավագանու նիստ, երբ անդամներից շատերը դեմ քվեարկեն քաղաքապետի որոշմանը: Եթե մեկը դեմ քվեարկի, կդառնա քաղաքապետի «թիրախ» եւ հաստատ առաջիկա ավագանու ընտրություններին կընկնի «սեւ ցուցակ»: Հրազդան քաղաքում մեր հարցումները ցույց տվեցին, հրազդանցիներից շատերը չեն ճանաչում ավագանու անդամներին, այդ պատճառով էլ ընտրությունից ընտրություն նրանք ընկնում են դռնեդուռ եւ ձայն «մուրում»:



Նելլի Կարապետյան