«Ոլորտի գիտակը» պետք է որ չվախենա լրագրողներից, բայց...

«Ոլորտի գիտակը» պետք է որ չվախենա լրագրողներից, բայց...

«Հուսով եմ, որ կայքը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեությունը կդարձնի առավել թափանցիկ, իսկ հեռուստառադիոհեռարձակման ոլորտին վերաբերող տեղեկատվությունը՝ առավել հասանելի».- այս բարեհամբույր խոսքերը գրված են Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պաշտոնական կայքէջում Գագիկ Բունիաթյանի «գործունյա» հայացքի ներքո: Ավաղ թափանցիկն ու հասանելի տեղեկատվությունը Գագիկ Բունիաթյանի մասին չէ:



Արդեն մեկ շաբաթ է, ինչ փորձում ենք կապ հաստատել ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի հետ: Hraparak.am-ն ընդամենը ցանկանում էր տեղեկանալ`արդյոք ՀՌԱՀ-ի անդամների թափուր տեղեր կա՞ն այս պահին: Չէ՞ որ օրենքում ասվում է, որ խորհուրդի անդամները պաշտոնավարում են 6 տարի (Խորհուրդը բաղկացած է ութ անդամից. անդամների մի մասը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս մասը նշանակվում է նախագահի կողմից, կրկին վեց տարի ժամկետով): Սակայն բանը նրանում է, որ ՀՌԱՀ-ի խորհրդի մի քանի անդամներ դեռ անցյալ տարի պետք է հրաժեշտ տային ՀՌԱՀ-ին, օրինակ՝ Արմեն Մկրտչյանը, Արման Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը, Կորյուն Առաքելյանը: Նրանց պաշտոնավարման ժամկետը լրացել է անցյալ տարի: Քանի որ ոչ մի հրապարակում չգտանք նրանց պաշտոնավարման վերահաստատման մասին, փորձեցինք ճշտել Գագիկ Բունիաթյանից:



Պարոն Բունիաթյանն ընդամենը մեկ անգամ պատասխանել է մեր հեռախոսզանագին, ասելով, թե վաղը զանգահարեք: Իսկ ահա «վաղը» այդպես էլ չեկավ, որովհետև «նախագահ»-ը ոչ բջջային հեռախոսներին է պատասխանում, իսկ աշխատավայրում էլ արդեն որերորդ անգամ այնպիսի «գերծանրաբեռնված» աշխատանք է ցուցաբերում, որ անգամ քիթ սրբելու ժամանակ չունի:



Թերևս զարմանալի չէ, որ մեր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը «փախնում է» ԶԼՄ ներկայացուցչի հետ խոսելուց, Գագիկ Բունիաթյանը նման խուսափողական պահվածք դրսևորեց նաև ՀՌԱՀ-ի 15-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը, մինչդեռ պետք է որ «ոլորտի գիտակը» չվախենար տեսախցիկներից և ձայնագրիչներից: