Չիլինգարյանին տեղափոխել են հոսպիտալ

Չիլինգարյանին տեղափոխել են հոսպիտալ

Մայիսի 30-ին ձերբակալված ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության 72 ժամը երեկ լրացել է, եւ նրա նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել։ Սակայն երեկ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ տեղափոխել են Երեւանի կայազորային հիվանդանոց։ Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Հոսպիտալի ընդունարանից հաստատեցին մեր լուրը։ Մելս Չիլինգարյանը ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետն էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, անզգուշությամբ ծանր հետեւանքներ են առաջացրել)։ Ըստ տեղեկությունների, նա կասկածվում է ուռճացված գներով գնումներ իրականացնելու մեջ։