Բնակարանների վաճառքի պատճառները

Բնակարանների վաճառքի պատճառները

Հայաստանի տնտեսական ձախողումներին զուգընթաց, կանգ է առել նաեւ բնակարանի առքուվաճառքի գործընթացը: 2014-ին անշարժ գույքի առքուվաճառքի շուկան կայուն է եղել, եւ 2013-ի համեմատ գրանցվել է 12.3%-ով ավելի գործարք՝ թվով 214 հազար: 2015թ. ընթացքում կատարվել է օտարման 49 հազար 953 գործարք, գրավադրման՝ 17 հազար 812, վարձակալության՝ 1041 գործարք, 179 հազար 780 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցում: Գործարքների մեծ մասն իրականացվել է Երեւանում, ակտիվ են եղել նաեւ Կոտայքի եւ Արմավիրի մարզերը:



Բնակարանների հանրապետական ֆոնդում Երեւանն ավելի մեծ չափաբաժին ունի, քան բոլոր մարզերը միասին վերցրած, առքուվաճառքի գործարքների դեպքում նույնպես Երեւանը մարզերին գերազանցում է կրկնակի։ Երեւանում բնակարանի գներն ամենաթանկը Կենտրոնում են, ապա՝ Արաբկիրում, ամենաէժանը՝ Մալաթիա-Սեբաստիայում եւ Նուբարաշենում: Բնակարանի գները 2015 թվականին նվազել են 8-9 տոկոսով:



Այժմ շուկան ծանրագույն վիճակում է, դեռ 2014-ի տարեվերջից փոխարժեքների կտրուկ տատանումները հանգեցրին շուկայի սառեցման: Սա, ինչպես նաեւ արտաքին տրանսֆերտների կրճատումը, աղքատության աճը, տնտեսական փոքրաթիվ աճը ազդում են մարդկանց եկամուտների, ինչպես նաեւ՝ անշարժ գույքի շուկայի վրա:
Կան բազմաթիվ կայքեր, մի քանի թերթեր, որոնք բնակարանի վաճառքի հայտարարություններ են պարունակում: Հայտարարությունների ցանկը գնալով ավելանում է, թվում է, թե բնակֆոնդի կեսը վաճառքի տակ է:



Զանգահարեցինք երկու տասնյակ հեռախոսահամարներով՝ պարզելու, թե ինչու են քաղաքացիները վաճառում տները:



Ներկայացնենք զրույցներից մի քանիսը:



Երեւան, Ավան վարչական շրջան



- Բնակարանի վաճառքի հայտարարություն եք տվել, դեռ չե՞ն գնել:



- Ո՞ւր ա ինձ տենց բախտ:



- Չե՞ն էլ հարցնում:



- Կան, հարցնում են շաբաթը մեկ-երկու հոգի, բայց չեն առնում:



- Թա՞նկ եք ասում:



- Չէ-հա, ջրի գին ա, ո՞վ ա 34 հազար դոլարով 3 սենյակ ծախում:



- Բա ինչո՞ւ եք ջրի գնով վաճառում:



- Որ էթամ, է-թամ ու պրծնեմ: Տղես, հարսս, թոռներս, բոլորը Ֆրանսիայում են, ես էս տան վաճառքին եմ սպասում, փողն առնեմ-էթամ:



Ք. Արտաշատ



- Հայտարարությամբ եմ զանգել, բնակարանը դեռ վաճառո՞ւմ եք:



- Հա, առնո՞ղ ես, թե՞ բրոքեր:



- Ոչ առնող եմ, ոչ բրոքեր:



- Հավայի հարցնո՞ւմ ես:



- Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ եք վաճառում:



- Էս քանի տարի ա՝ Ռուսաստանում են ապրում երեխաներս: Դեռ մի քանի տարի առաջ էին ասում՝ հետ չենք գա, բայց մտածում էինք, որ մի օր հետ կգան, ձեռք չէինք տալիս: Բայց հույսներս կտրել ենք, որ կգան, վաճառում ենք։ Վաճառենք՝ մի սենյականոց առնենք. էս մեծ ա:



- Գոնե հարցնո՞ւմ են:



- Հա, ուզող կա, հա զանգում ա, համոզում ա, որ իջնենք, մենք էլ չենք ուզում:



- Ի՞նչ տուն եք ուզում գնեք:



- Կարեւորը՝ էժան լինի, նոր զույգ չենք, որ ամեն մանրուքի նայենք:



Երեւան, Արաբկիր վարչական շրջան



- Ինչո՞ւ եք բնակարանը վաճառում:



- Երկու հատ ունեմ, էս մեկը վաճառեմ, վարկերը տամ: Գործերս լավ չեն, վարկերի մեջ խեղդված եմ:



- Գործերը նո՞ր են վատացել, տնտեսական ճգնաժա՞մ է երկրում:



- Բիզնես էի դրել, հենց մի փոքր ուժ ես հավաքում, հարկայինը կանգնում ա գլխիդ, էնքան ա ճզմում, օրինական ու ապօրինի վճարներ ուզում, որ «սկում» ես:



- Դուք էլ «սկեցիք»:



- Հա, զոռով, չէի ուզում:



Երեւան, Էրեբունի վարչական շրջան



- Տունն ինչո՞ւ եք վաճառում:



- Մենակ եմ ապրում, 77 տարեկան եմ, ժառանգ չունեմ: Էգուց կմեռնեմ-կէթամ, տունը շանուգելի փայ կդառնա: Վաճառում եմ, վարձով մի 10 տարի կապրեմ, մինչեւ ժամկետս գա:



- Տուր ինձ, ես քեզ 10 տարի կպահեմ թագավորի պես:



- Չես պահի, հենց անեմ քո անունով, ինձ կտանես յա ծերանոց, յա գժանոց:



Երեւան, Աջափնյակ վարչական շրջան



- Բնակարանն ինչո՞ւ եք վաճառում:



- Ես վաճառում եմ, բայց ինքը վաճառվո՞ւմ է, ոչ էլ կվաճառվի, էժան եմ ասում, չեմ իջնելու: Տոկոսի տակ եմ, գործ արեցի, տակ տվեցի, հիմա պարտքերս կտամ, մի փոքր տուն էլ կառնեմ, կապրենք:



- Հետաքրքրվողներ կա՞ն:



- Չէ-հա, ես հելա տուն ծախող, առնողները փախան:



- Ինչքա՞ն ժամանակ է, որ ծախում եք:



- 2 տարի, պարտքերը խեղդում են, որ հիմա էլ չծախվի, ԴԱՀԿ-ի փայ ա դառնալու:



- Որ շուկայականից 5-10 տոկոս էժան ասեք, կվաճառվի:



- Ասում եմ, էլ սրանից էժա՞ն, 30 հազար դոլարով երկու սենյակ եմ ծախում, ինչքա՞ն իջնեմ, որ համ էլ կարողանամ տուն առնել:



Ք. Վանաձոր



- Բնակարանն ինչո՞ւ եք վաճառում:



- Վաճառեմ ու տղաներիս բաժանեմ, մեծ ընտանիքներ են, յոլա գնալը դժվար է, փող կդնենք վրան, 3 հատ տուն կառնենք:



- Ինչի էդ ի՞նչ եք վաճառում, որ 3 հատ տուն առնեք:



- Մերը մեծ ա՝ 2 հարկանի: 78 հազար դոլար եմ ասում, բայց 75-ով կտամ: 2 հատ երկու սենյականոց կառնեմ, մի հատ էլ մի սենյակ՝ մեզ համար:



- Վանաձորում 70 հազար դոլարով հնարավո՞ր է տուն վաճառել:



- Որ գնող լինի, հնարավոր է, բա ի՞նչ է, հո միլիոն չե՞մ ասում:



- Որքա՞ն ժամանակ եք վաճառում:



- Նոր ենք դրել, մի ամիս ա:



- Աչքիս՝ հլա մի քանի անգամ գին կփոխեք:



- Բերանդ խերով բաց:



Երեւան, Դավիթաշեն վարչական շրջան



- Ինչո՞ւ եք բնակարանը վաճառում:



- Որ գնամ էս երկրից:



- Ո՞ւր եք գնում:



- Քո համար մեկ չի՞, փախնում եմ, գնամ:



- Բա մնա, որ միասին պայքարենք կոռուպցիայի դեմ:



- Հա, բա ո՜նց, խալիները փռել, ինձ ու քեզ են սպասում: Ռուսաստան եմ էթում, հայաստանցիներին ուրիշ որտե՞ղ կընդունեն: Էնտեղից էլ կանցնեմ մի նորմալ երկիր: Հայաստանում մեզ ձեռ են առնում իշխանությունները, էթամ գոնե էնպիսի երկիր, որտեղ ղեկավարությունը մարդանման է:



- Մեզ մոտ ինչի՞ են նման:
- …



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ