Վթարային շենքի բնակիչները պայքարում են տարիներ առաջ իրենց հատկացված բնակարանի համար

Վթարային շենքի բնակիչները պայքարում են տարիներ առաջ իրենց հատկացված բնակարանի համար

«Հրապարակ»-ի այցելուներից Դուստրիկ Հովհաննիսյանն իր ամուսնու՝ Գեորգի Մկրտչյանի եւ դստեր՝ Ռուզաննա Մկրտչյանի հետ 1964 թվականից ապրում է Երեւանի Մարգարյան 29 շենքի 3 մուտքի 35 բնակարանում։ Շենքի 3-րդ մուտքը դեռ 1981 թվականից ճանաչվել է 4-րդ կարգի վթարային։ Պետությունը, ըստ մեր զրուցակցի, 3-րդ մուտքի բնակիչների համար 17 թաղամասում դուրս է գրել ֆոնդ։ Մուտքի բոլոր բնակիչներն էլ , բացի Դուստրիկ Հովհաննիսյանի ընտանիքից, ստացել են բնակարաններ։
Դուստրիկ Հովհաննիսյանը խոսում էր կցկտուր, զայրացած, քանի որ նա անցած տարիների ընթացքում, իր ասելով, բախվել է բազմաթիվ անարդարությունների։
Բազմաթիվ բողոքներից հետո Դուստրիկ Հովհաննիսյանենց ընտանիքին 1994թ. Երեւան քաղաքի Մաշտոցի գործկոմի կարգադրությամբ ֆոնդի փոխարեն հատկացվել է նույն շենքի 3-րդ մուտքի թ. 33 2-սենյականոց բնակարանը։ Քանի որ շենքը վթարային է եղել, կարգադրության մեջ նշվել է, որ այդ բնակարանն իրեն տրամադրվել է ժամանակավոր, եւ որպես վթարային բնակարան, այն պետք է ազատվի առաջին պահանջով։



Մեր զրուցակիցը նշում էր, որ 2006թ. Երեւան քաղաքի Մարգարյան 29 շենքն ամրացվել է պետության կողմից եւ ներկայումս չի համարվում վթարային։ Շենքը ամրացվելուց հետո Դուստրիկ Հովհաննիսյանի ընտանիքին նոր բնակարան չեն առաջարկել։ Տիկին Դուստրիկը 2007թ. դիմել է իրավաբաններին, որպեսզի օգնեն իրեն սեփականաշնորհելու հատկացված բնակարանը։ Իրավաբաններն էլ իր կողմից հայց են ներկայացրել Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ թաղապետարանի Մարգարյան 29 շ. թ. 33 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչելու պահանջի մասին։ Հայցը մերժել էր դատարանը։



Դուստրիկ Հովհաննիսյանը պատմում է, որ Աջափնյակի թաղապետարանը հայց է ներկայացրել ընդդեմ իր ընտանիքի՝ պատճառաբանելով, որ բնակարանն իրեն տրամադրվել է ժամանակավոր։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ ուժի մեջ մտած վճռով մերժել է իր հայցը, իսկ Աջափնյակի թաղապետարանի հայցը բավարարել է, որի արդյունքում որոշվել էր Դուստրիկ Հովհաննիսյանի ընտանիքը վտարել Երեւան քաղաքի Մարգարյան փողոցի 29 շենքի, 33 բնակարանից։



Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից էլ տիկին Դուստրիկի անուսնու՝ Գեորգի Մկրտչյանի դիմումին 01.10.2009թ. պատասխանել են, որ շենքում Երեւանի քաղաքապետարանի կողմից կատարվել են ամրացման աշխատանքներ, եւ շենքի վթարայնությունը 4-րդ կարգից դարձել է 3-րդ կարգ, բնակարաններն էլ դարձել են բնակարանային ֆոնդ։ Նշված վարչությունից հայտնել են նաեւ, որ Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի կողմից հ.33 բնակարանը հատկացվել է նախկինում այդ շենքում բնակվող բազմանդամ ընտանիքի։ Սրանից զատ, տեղեկացրել են նաեւ, որ Գեորգի Մկրտչյանենց ընտանիքը բնակվում է երկու սենյականոց բնակարանում եւ չի համարվում բնակարանի կարիքավոր։



Հիմա Դուստրիկ Հովհաննիսյանը բողոքում է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցը երկու տարի առաջ տարել է իր բնակարանի իրերը, իսկ ինքը իր թոշակառու ամուսնու եւ գործազուրկ դստեր հետ շարունակում է ապրել մեկ սենյականոց վթարային բնակարանում։



«Հրապարակը» կնոջ ներկայացրած պատմության հետ կապված հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք: