Գյումրիում գտնվող «Baby boom Anka»-ն գործում է ստվերային դաշտո՞ւմ

Գյումրիում գտնվող «Baby boom Anka»-ն գործում է ստվերային դաշտո՞ւմ

Մի քանի ամիս է՝ Գյումրի քաղաքի Շահումյան 183 հասցեում գործում է Baby boom Anka կազմակերպությունը, որի նպատակը մանկական միջոցառումներին ծառայություններ մատուցելն է:Սակայն նշենք, որ կազմակերպության գործունեությունը քաղաքացիներից ոմանց մոտ կասկած է հարուցել: Hraparak.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին վստահեցնում է, թե «Baby boom Anka»-ն գործում է ստվերային, գրանցված չէ հարկային դաշտում, մանկական միջոցառումների ժամանակ ապահովում է սնունդ, որը առհասարակ անհայտ ծագման է, ինչպես նաև` մանկական սննդացանկով անթույլատրելի: Քաղաքացին ներկայացնում է կազմակերպության կողմից վաճառվող 1300դրամ արժողությամբ տոմսեր, որոնք առանց կնիքի կամ ստորագրության են: Ապա հավելում, որ կազմակերպության գրասենյակի տարածքի դիմաց իրականացվում է պաղպաղակի եւ կավե փոքրիկ արձանիկների վաճառք, որոնց հետ կապված ևս փաստաթղթավորում չկա:



Hraparak.am-ը փորձեց պարզել «Baby boom Anka» –ի գործունեությունը՝ զրուցելով կազմակերպության տնօրեն Սերյոժա Հակոբյանի հետ: Վերջինս չհերքեց կազմակերպության հարկային դաշտում գրանցված չլինելու տեղեկությունը, միայն մանրամասնեց՝ ասելով. «Դա մեր եւ հարկայինի գործն է: Աշխատողներիցս շատերը հրավիրվում են, եթե խաղավարը 10 օրը մեկ է ինձ մոտ լինում, ինչու պիտի նրան հարկային դաշտ մտցնեմ, այստեղ գործում է գործարքային սկզբունքը, հարկայինին ավելորդ փող տալու փոխարեն, իրեն կվճարեմ: Եւ հետո Գյումրին այն քաղաքն է, որտեղ այլևս արդյունաբերություն չկա, աշխատանք չկա, եթե հարկայինին սկսենք վճարել, կազմակերպությունը պետք է փակենք»,-խոստովանեց նա: Տնօրենի համար զարմանալի էր, թե ինչ սննդի ապահովման մասին է խոսքը, երբ իրենց ծրագրերում միայն մուլտհերոսներ եւ ներկայացումներ են ընդգրկված: «Ես կարող եմ բացահայտ բոլոր լրատվամիջոցներին հայտարարել, որ մենք սնունդ ընդհանրապես չենք տրամադրում,այլ հարց է, եթե աշխատում ենք որևէ սրճարանում, խոհանոցը ապահովում են իրենք»,-հավաստիացրեց Սերյոժա Հակոբյանը:



Ինչ վերաբերում է տոմսերի չկնքված լինելուն, սա եւս տնօրենի համար անհասկանալի դիտողություն էր, քանի որ ստորագրության եւ կնիքի փոխարեն հստակ նշված են էլեկտրոնային եւ ֆեյսբուքյան կայքերի հասցեներ, հեռախոսահամարներ, որոնք խոսում են կազմակերպության լուրջ գործունեության մասին: «Եթե «Գրանդ քենդի»-ընկերությունը որևէ տարածքում պաղպաղակ է վաճառում, տարօրինակ կամ կասկածելի ինչ կա: Հունիսի մեկից պաղպաղակ սկսեցին վաճառել նաև մեր տարածքում, մարդիկ ուզում են օգտվել օգտվում են, փաստաթղթավորման ինչ առանձնակի անհրաժեշտություն կա»,-կրկին զարմանում է «Baby boom Anka» –ի տնօրենը: Կազմակերպության տարածքում վաճառվող արձանիկներն էլ սեփական արտադրության են: «Վաճառվում են խանութի գնից բավական մատչելի, գնում են որպես տարոսիկներ ատամհատիկի եւ կնունքի արարողությունների համար»,-հավելեց նա:



Ուշագրավ էր նաև Սերյոժա Հակոբյանի մեզ հաղորդած հետևյալ ինֆորմացիան. «Մենք Գյումրիում նոր ենք, մի քանի ամիս, նախկինում մեր կազմակերպությունը Երևանում գործող «Elen Grup» ՍՊԸ-ն էր, որից տարանջատվեցինք, քանի որ մարդիկ կային, որոնք երեխաների անվան տակ վատ բաներ էին անում, օգտագործում էին ի շահ իրենց: Անձամբ ես հանդես եմ եկել բարեգործական մի շարք նախաձեռնություններով, որոնցից մեկը հունիսմեկյանն էր»,-պատմեց նա: Ի դեպ Գյումրու «Հույս» երեխաների խնամքի կենտրոնից հաստատեցին, որ «Baby boom Anka» -ն մանկատան սաների համար հունիսի մեկին հանդես է եկել բարեգործական ակցիայով: Իսկ ահա հետաքրքրվելով «Elen Grup» ՍՊԸ-ի գործունեությամբ, պարզեցինք, որ այն այլևս չի գործում, դադարեցվել է նշված ընկերության կողմից ներկայացվող «MERI SMILE» մանկական ամսագրի հրապարակումը ևս:



Արևիկ Հակոբյան, Գյումրի