Մոսին վիրավորում էր եւ սպառնում գործարարներին, թեեւ ներողություն էլ խնդրեց

Մոսին վիրավորում էր եւ սպառնում գործարարներին, թեեւ ներողություն էլ խնդրեց

Պաշտպանության նախարարությունում երեկ կեսօրից հետո հանդիպման էին հրավիրել բոլոր գործարարներին, որոնք աշխատում են ՊՆ-ի հետ, երբեւէ մասնակցել են գնումներին կամ ցանկություն ունեն մասնակցելու եւ ապրանքներ կամ ծառայություններ մատուցելու բանակին։ Հանդիպման նախաձեռնողը պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանն էր, որին մոտ երկու շաբաթ առաջ, ՊՆ բարձրաստիճան սպաների աղմկահարույց կալանավորումներից եւ պաշտոնանկություններից հետո, նյութատեխնիկական ապահովման հարցերի համակարգումն են վստահել։ Նա էլ, հավանաբար, փորձում է տպավորություն ստեղծել, որ այսուհետ ՊՆ գնումների համակարգում ստվերային երեւույթները՝ մեկ աղբյուրից գնումները, հովանավորչությունը ՊՆ ղեկավարության կողմից, կանխավճարները, մատակարարման ժամկետների երկարաձգումները, այլ բացթողումներ բացառվելու են։ «Այս օրերին ես շատ եմ լսել մատակարարներից՝ ոնց ասել են, տենց ենք արել, հիմա էլ ոնց կասեք՝ տենց կանենք։ Այդ բառակապակցությունն ինձ մոտ չօգտագործեք, դա ինձ համար վիրավորական է, ես ամեն ինչ անելու եմ օրենքի սահմաններում»,- վստահեցնում էր Մովսես Հակոբյանը։



Մոսին ներողություն խնդրեց



Գործարարներն էնտուզիազմով էին ընդունել հրավերը՝ ՊՆ վարչական շենքի մուտքի մոտ մարդկային ծով էր, իսկ մեծ դահլիճը լեփլեցուն էր, բայց դուրս էին գալիս հիասթափված, կոպիտ արտահայտություններ անելով հանդիպման կազմակերպիչների եւ Մոսիի հասցեին։ «Սա ի՞նչ թյուրիմացություն է։ Սա երկար չի մնա այս պաշտոնին»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։ Նախ՝ Մոսին, «գեղի կլուբի» ակումբավարի պես «դու»-ով էր խոսում գործարարների հետ, հորդորում էր նրանց դասեր չտալ եւ բռի պահվածք էր ցուցաբերում։ Հավանաբար, պաշտոնական շփման այս «քաղաքավարի» ձեւը նա իր հետ ԼՂՀ-ից է բերել։ Գործարարներից մեկը՝ «Վագաֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը, որը դեղորայք եւ բուժպարագաներ է մատակարարում ՊՆ-ին, նույնիսկ ստիպված եղավ նկատողություն անել պաշտպանության փոխնախարարին։ «Խնդրում եմ ինձ հետ «դու»-ով չխոսեք, իյաաաաաա»,- ասաց նա այն բանից հետո, երբ Մովսես Հակոբյանը նրան հորդորեց․ «Դու մեզ խորհուրդներ մի տուր»։ Մովսես Հակոբյանը ներողություն խնդրեց, բայց գործարարին որեւէ հուսադրող պատասխան, այնուամենայնիվ, չտվեց։ Վահե Վարսանյանը եկել էր բողոքով՝ ՊՆ-ն, իր կարծիքով, անարդարացի, չհիմնավորված ձեւով իրեն ներառել էր «սեւ ցուցակի» մեջ, ինչն անհնարին է դարձնում կազմակերպության հետագա մասնակցությունը գնումների գործընթացին։



«Իրենք մեզ ասել են, որ դեղերի պիտանելիության ժամկետը նշենք՝ նշել ենք, հիմա ասում են՝ իրավունք չունեն»,- ասաց նա մեզ։ ՊՆ-ն հրաժարվել էր վճարել Վարսանյանին մատակարարված ապրանքների դիմաց։ «Ընդունման-հանձնման ակտերն ունեն, բայց գրում են, որ գումար չի փոխանցվում ընկերությանը, այն պատճառով, որ կառավարությունն այդ գումարը չի նախատեսել»,- բողոքեց գործարարը բարձրախոսով։ Մովսես Հակոբյանի պատասխանն էր․ «Եթե կազմակերպությանը «սեւ ցուցակ» են գցել, իսկ դա շատ խիստ պատիժ է մատակարարի համար, կարծում եմ՝ դրա հիմնավոր պատճառները կան։ Եթե գնումներ իրականացվել են, բացառվում է, որ վճարումը չիրականացվի, որովհետեւ ցանկացած պայմանագրի հիմքում ֆինանսական ապահովումն է։ Ամեն դեպքում, Դուք գրավոր դիմում գրեք, ես կպատասխանեմ»։ «Հիմա ես Ձեր մոտ գա՞մ խորհրդակցությունից հետո»,- հարցրեց Վահե Վարսանյանը։ «Ոչ, խորհրդակցությունից հետո ես ուրիշ խորհրդակցության եմ, Դուք դիմում գրեք, ես Ձեզ կպատասխանեմ»,- կրկնեց Մոսին։ Մեկ այլ գործարար՝ Գեղամ Մուսինյանը, հայտնեց, որ ապրիլյան պատերազմի օրերին իրենից շտապ պահանջել են ստերիլ ձեռնոցներ՝ վիրահատությունների համար։ «Մատակարարել ենք, մինչեւ հիմա չունենք ժամանակացույց, եւ ստեղ գրված է «հատ», բայց մենք մատակարարել ենք զույգ»։ «Քո արածից ես տեսնում եմ, որ դա քո անփութության արդյունքն է»,- դատավճիռ արձակեց Հակոբյանը։ Հանդիպումից հետո մի գործարար փորձել էր մոտենալ նրան։ «Հարցրեցի՝ հիմա գրավո՞ր բողոք ուղարկեմ, թե՞ ոչ։ Ինձ ասեց՝ եթե բողոքես, ավելի վատ կլինի»։



Մենք նրա աշակերտները չենք



Մի գործարար կին էլ՝ Հասմիկ Ժամկոչյանը, որը նաեւ տարբեր ՀԿ-ներից կազմված գործարարներին աջակցող հակակոռուպցիոն խորհրդի անդամ է, պատմեց, որ 3 հարց էր նախապատրաստել, բայց չտվեց իր հարցերը։ «Զուտ նրա պատասխանների պատճառով,- բացատրեց նա։ -Մենք նրա աշխատակիցները չենք, ոչ էլ աշակերտներն ենք»։ Ըստ Ժամկոչյանի, կան երեւույթներ, որոնք խաթարում են գործարարների վստահությունն առ ՊՆ։ «Երբեմն ինքնարժեքից ցածր գին են տալիս, եւ մրցույթի մյուս մասնակիցներս չենք կարողանում հասկանալ, թե ոնց է դա կատարվում։ Պարզվում է՝ մատակարարման քանակն է քիչ։ Օրինակ՝ 1000 միավոր ապրանքի փոխարեն մատակարարվում է 800 հատ, եւ ոչ ոք չի ստուգում։ Ինքնարժեքն ավտոմատ իջնում է, եւ մյուսները հայտնվում են անմրցունակ պայմաններում»։ Հասմիկ Ժամկոչյանն առաջարկում է փոխել օրենքը, եւ որ գնումների վերաբերյալ որոշումներն ընդունի ու ստորագրի ոչ թե կոլեգիալ մարմինը, այլ կոնկրետ աշխատակիցը․ «Եթե կոնկրետ մեկը լինի, բողոքարկման ժամանակ կարող ենք բողոքել կոնկրետ անձի դեմ»։ Հարցին, թե այսքան մարդիկ կալանավորվեցին, բացասական երեւույթներ բացահայտվեցին ՊՆ նյութատեխնիկական ապահովման բլոկում, դուք փոփոխություն նկատո՞ւմ եք, Ժամկոչյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ չեմ նկատում։ Գուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց մատակարարների չդիմելու, նաեւ իմ չդիմելու պատճառն այն է, որ հավատ չկա։ Մարդկանց մերժում են՝ առանց նշելու պատճառը։ Ի՞նչ մտածենք։ Պարզ չէ՞ արդեն։ Եթե ավելի թափանցիկ լինեին գնումները, գուցե եւ հավատը վերականգնվեր»։



Հազարից մեկը կարողացավ հարց տալ



Հանդիպմանը ներկա մոտ հազար գործարարներից, որոնք մեծ հրմշտոցով եւ մի կերպ էին մտել շենք, 5-6 հոգի ընդամենը հարց տալու հնարավորություն ունեցավ, բայց, լսելով Մոսիի պատասխանները, երեւի փոշմանեցին, որ հարց են տվել։ Քիմիական նյութերի մատակարար «Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը, որը գնումների կոմիտեին բողոք էր ներկայացրել, հանդգնեց կասկած հայտնել, որ իրենց մրցակիցը չի բավարարել պահանջները, բայց մերժել են իրենց։ Մովսես Հակոբյանը նրան հորդորեց իր ժամանակը չվատնել եւ այստեղ դասախոսություններ չկարդալ․ «Ինչն ինչից հետո է, ով է ավելի հայրենասեր։ Դուք Ձեր բողոքը մեզ գրավոր ներկայացրեք, կուսումնասիրենք, իսկ եթե Դուք չեք բավարարվի, դեռ բոլոր բողոքարկման տեղերը չեք դիմել, կարծում եմ՝ մեր երկրում մի տեղ կճարեք, որտեղ արդարություն կլինի»։ «Դեկտեմբերի տենդերը հունվարին ամփոփելու փոխարեն մինչեւ մայիս ձգեցին, օրենքի խախտումով էլ որոշում կայացրին»,- գանգատվեց գործարարն իր ելույթից հետո։ Մյուսները չհասցրին հարց տալ, որովհետեւ Մովսես Հակոբյանի «եթերաժամն» սպառվեց։ Նա հենց սկզբից զգուշացրել էր, որ ընդամենը 50 րոպե ունի հանդիպման համար, որից 35-ը նա եւ նյութատեխնիկական մատակարարման դեպարտամենտի մյուս «ջոջերը» մարդկանց դասախոսություն էին կարդում, թե ինչպես պետք է լրացվեն փաստաթղթերը, հորդորում էին կարդալ տեխնիկական բնութագրերն ու ուշադրություն դարձնել մատակարարման ժամանակացույցերին, բացատրում էին, որ ապրանքները պետք է լինեն որակյալ եւ մատակարարվեն ժամանակին, սպառնում էին, որ վատորակ ապրանքներն ի պահ են վերցվելու, ոչ թե փոխանակվելու են ավելի լավորակ ապրանքով, հորդորում էին չդիմել իրավապահ մարմիններին։ «Ես իմ ենթականերին եւ ինձ համար խնդիր եմ դրել,- ասում էր Մովսես Հակոբյանը,- առաջին հերթին մենք ձեր ցանկացած դիմում-բողոքը քննարկելու ենք, եւ եթե չբավարարվեք, այդ դեպքում նոր դիմեք դատական ատյաններին։ Դուք, կարծում եմ, կլինեք բավարարված։ Բայց դա չի նշանակում, որ ձեր ցանկությունը կիրականանա։ Դուք կարող եք բավարարված լինեք, որ ինչ-որ բան սովորեցիք, ձեր սխալները հասկացաք, որտեղ է ձեր թույլ տված սխալը»։ ՊՆ համակարգի սխալների մասին չխոսվեց, կարծես նյութատեխնիկական ապահովման պատասխանատուների պաշտոնանկություններ եւ կալանավորումներ չէին էլ եղել։



ՀԳ․ Հանդիպումից հետո գործարարներին հարցնում էինք, թե ինչ տվեց իրենց այս հանդիպումը։ Պատասխաններ եղան․ «Փիառ», «ոչ մի արտառոց բան», «ամեն ինչ չէ, որ պարզ է, բայց զգացվում է, որ մարդիկ ուզում են ավելի լավ բան անել»։ Մի կին էլ ուղղակի լիաթոք ծիծաղեց՝ լսելով մեր հարցը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ