Արդարադատության ակադեմիայի ռեկտորի մրցույթին բախվելու են դատախազությունն ու դատական համակարգը

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի մրցույթին բախվելու են դատախազությունն ու դատական համակարգը

Ռուբեն Մելիքյանի՝ ԼՂՀ օմբուդսմեն նշանակվելուց հետո Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել։ Նոր ռեկտորի մրցույթը կայանալու է հունիսի 28-ին։ Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը հունիսի 17-ն է։ Հիշեցնենք, որ Ռուբեն Մելիքյանը 2013 թվականին ստեղծված Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտորն էր։ 



Թեկնածուների անունները, անգամ այս պահի դրությամբ, դիմողների թիվը գաղտնի են պահում։ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աննա Մկրտչյանը վստահեցնում է, որ իրավասու չէ նման տվյալներ հաղորդել, թեեւ սա հանրային նշանակության տեղեկատվություն է եւ այն գաղտնի պահելը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտում է և չի կարող գաղտնի պահվել։ Չնայած ակադեմիայի լռությանը, թեկնածուների անունները հայտնի են։ Մինչեւ վերջերս մամուլում շրջանառվում էին ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդու՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի, արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գեւորգ Դանիելյանի անունները, որոնք, սակայն, հերքել են, որ մտադիր են թեկնածություն դնել:



«Հրապարակին» հայտնի դարձավ, որ ռեկտոր դառնալու մտադրություն ունի նաեւ ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի նախկին պետ Թամարա Շաքարյանը։ Այս բաժինը կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով վերացվեց։ Թեեւ լուրեր են պտտվում, որ Գեւորգ Կոստանյանը Թամար Շաքարյանին ազատել է ոչ թե կառուցվածքային բարեփոխման, այլ ավտոմեքենան սխալ կայանելու համար։ Թամար Շաքարյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի համահեղինակներից։ Մյուս հավակնորդը վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն է, որն այդ պաշտոնում է 2008 թվականից եւ օգոստոսին դառնում է 65 տարեկան։ Այդ նույն տարում, Ավետիսյանից ընդամենը երեք ամիս առաջ, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է նշանակվել, եւ, կարելի է ասել, նրանք հավասարապես են տիրապետում քրեական ոլորտի լույս ու ստվերին։ Հենց այս պատճառով էլ իրավական շրջանակներում վստահ են, որ եթե Դավիթ Ավետիսյանը դիմում տա, ապա համակարգը «երիտասարդացնելու» տրամաբանությունն այս դեպքում չի գործի, եւ ռեկտորը հենց նա կլինի։ Դավիթ Ավետիսյանի տարիքն այս օրերին քննարկման առարկա է դարձել իրավական շրջանակներում։



Մի կողմից՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը 65 տարին լրանալու կապակցությամբ սահմանափակում չի ենթադրում ռեկտորի համար, եթե անձը մինչ 65 տարին լրանալը պայմանագիր է կնքում թեկուզ 5 տարով ռեկտորի պաշտոնն զբաղեցնելու համար: Սակայն, «Պետական, ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, «գործադիր մարմնի պաշտոնում (տնօրեն, նախագահ, ռեկտոր եւ այլն) նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, տվյալ դեպքում անձի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու օրը, առանց բացառությունների:



Հայտնի չէ, թե արդյոք գլխավոր դատախազ Կոստանյանը կկանգնի՞ իր նախկին աշխատակցի մեջքին, բայց արդեն երեւում է, որ ռեկտորի ընտրության ժամանակ մրցակցելու են երկու համակարգեր՝ դատախազությունն ու դատականը։ Այս երկու համակարգերը հավասարապես ներկայացված են արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում՝ երեքական անդամով։ Յոթերորդ անդամն արդարադատության նախարարության ներկայացուցիչն է՝ նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը: Ստացվում է, որ վճռորոշ ձայնը հենց նրանն է լինելու։ Թե ինչ դիրք կընդունի այս դեպքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, դժվար է կանխատեսել։ Նա դասավանդում է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնում, որի ղեկավարը Դավիթ Ավետիսյանի որդին է՝ Վահրամ Ավետիսյանը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ